կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 11:17
Հասարակություն

Թուրքը սրով պատռել էր տատիս քրոջ որովայնն ու անօգնական թողել ճանապարհին

Թուրքը սրով պատռել էր տատիս քրոջ որովայնն ու անօգնական թողել ճանապարհին

Վարդուհի Պետրոսյանցի պատմությունը

Վան

Նինա Պետրոսյանցն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է գաղթի ճանապարհի մասին, թե ինչպես են փախել գիշեր-ցերեկ՝ ամենուրեք տեսնելով մորթված երեխաների, բռնաբարված ու սպանված կանանց:

 

«Տատիկս ծնվել է Արևմտյան Հայաստանում` Վան քաղաքում: Երբ ես դեռ դպրոցական էի, տատիկս` Վարդուհին, պատմում էր Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և վերջիններիս նկատմամբ կատարված սարսափելի բարբարոսությունների մասին, որոնք իրականցվել են թուրքերի կողմից` կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ` չխնայելով ոչ ոքի: Երբ սկսվեցին կոտորածները, իմ հայրիկը մոտավորապես 4 տարեկան էր: Տատիկս պատմում էր, թե ինչպես է փրկել իր ամուսնուն` Գրիգորին, հայ տղամարդկանց համատարած տեղահանումից:

Պետք է նշել, որ տատիկս օժտված էր մեր ազգին բնորոշ խելամտությամբ ու քաջությամբ, և, կողմնորոշվելով ըստ իրավիճակի, դիմել էր փոքրիկ խորամանկության: Նա պառկեցրել էր իր ամուսնուն մահճակալին, կապել էր գլուխը գլխաշորով, և երբ սկսել են թակել դուռը, իմիջիայլոց չափազանց վայրենաբար, ըստ տատիկիս հիշատակումների` նա կանգնած տեղում սարսափից քարացել է: Բացելով դուռը` թուրք ելուզակներից նա միանգամից լսեց այն հարցը, թե ուր է իր ամուսինը: Նա նրանց պատասխանեց, որ վերջինս տանը չէ: Սակայն դա բավարար չէր անհավատ թուրքերին և նրանք որոշեցին զննել տունը: Իհարկե, նրանց աչքից չվրիպեց անկյունում դրված մահճակալը, և նրանք շտապեցին ստուգել հիվանդի իսկությունը: Բայց տատիկս նրանց միանգամից կանգնեցրեց և թուրքերենով հայտնեց, որ հիվանդ մայրն է` մահի շեմին: Խնդրեց նրանց չմոտիկանալ, չխանգարել մահացողին, քանզի Ալլահը կհանի նրանց աչքերը: Հաշվի առնելով թուրքական սնահավատությունը և միևնույն ժամանակ ահն իրենց իսկ սեփական կրոնի նկատմամբ, թուրքերն, իհարկե, հեռացան: Հենց այդ գիշեր էլ նրանք ճանապարհ ընկան` թողնելով իրենց տունը, ամբողջ տնտեսությունը: Անգամ չհասցրեցին հանել այգում թաղված ոսկով լի կուժը, քանզի վախեցան, որ թուրքերը կարող են նորից հետ վերադառնալ:

Փախչում էին գիշեր ու ցերեկ: Հանկարծ երեխան` հայրիկս, ցանկացավ ջուր խմել: Նրանք թողեցին տատիկիս քրոջը և գնացին ջուր փնտրելու: Երբ նրանք վերադարձան, տեսան մի սարսափելի պատկեր. թուրքն իր սրով հանել էր տատիկիս քրոջ աղիքները: Եվ քույրը ձեռքի թեթև և գրեթե աննշմար շարժումով հասկացրեց, որ նրանք փախչեն` թողնելով իրեն: Տատիկս փախավ ընտանիքի մյուս անդամների հետ` անդադար շրջվելով հետ` արտասուքն աչքերին:

Նրանք ականատես էին լինում երիտասարդ կանանց բռնաբարության, երեխաներին սրով կտրում էին 2 մասի (մասնավորապես` տղաներին) և թրով պատռում էին հղի կանանց որովայնը:

Այս ամենը տատիկս տեսել է իր սեփական աչքերով և սարսափն ու ահը սրտում փախել է ուր աչքը կտրի` թողնելով հայրենի հողը: Իր որդուն նա հագցրել էր աղջկա հագուստ, որպեսզի չիմանային, որ նա տղա է: Բռնաբարությունից խուսափելու համար` բոլոր երիտասարդ կանայք, ինչպես և տատիկս, երեսները պատում էին մրով, որ տգեղ երևան: Փախուստի ընթացքում թուրք ձիավորը հափշտակեց տատիկիս գրկի երեխային` հորս: Երեխան խլվլաց և թուրքի ձեռքից ընկավ խոտերի մեջ, բայց նա չվերադարձավ փոքրիկի հետևից` մտածելով, որ աղջիկ է: Աննկարագրելի էր տատիկիս վիշտը: Արցունքն աչքերին փնտրում էր որդուն: Հանկարծ խոտերի մեջ լսեց երեխայի ձայնը: Նա մոտեցավ, գրկեց երեխային, սեղմեց իր կրծքին և, չհավատալով սեփական աչքերին, շարունակեց փախչել:

Թաքնվելով թուրքերից` ճանապարհին հանկարծակի նրանց կանգնեցրեց գերմանացի մի զինվոր և հարցրեց, թե որ ազգից են: Տատիկս շատ հավատացյալ կին էր, և, բարձրացնելով աչքերը երկնքին, ասաց ճշմարտությունը, որ հայ է: Ի զարմանս նրա` գերմանացին շոյեց նրա գլուխը և ասաց, որ «արմյանկա խորոշ»: Տատիկս շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ նրանք փրկվեցին:

Ցավոք սրտի չգիտեմ, թե ինչպես է ընթացել հետագա ճանապարհը, բայց տատիկիս խոսքերից մտապահել եմ, որ նրանց օգնել են ամերիկացիները և հետո իջեցրել են Բաքու: Այնտեղ նա ապրել է և այնտեղ էլ մահացել է պապիկս: Ինչ-որ ճանապարհով հետագայում նրանք հայտնվել են Կիսլովոդսկ քաղաքում, որտեղ հայրս` Ազատը, աշխատել է, ամուսնացել է հայուհու` Քնարիկի հետ՝ ունենալով 3 երեխա (2 աղջիկ` ես և քույրս` Էմման և 1 տղա Գրիգոր անունով) և 1941-ին մասնակցելով Հայրենական պատերազմին:

Պատերազմից վերադարձել է մեդալներով և շարունակել ապրել Կիսլովոդսկում: Մահացել է 1989-ին: Տատիկս մինչև կյանքի վերջին օրերն ապրել է Կիսլովոդսկում: Եվ չի եղել օր, որ նա չարտասվեր` հիշելով կոտորածները և իր հեռվում թողած հայրենիքը: Չնայած վերապրած այս ամբողջ արհավիրքին` նա միշտ երազել է նորից վերադառնալ իր հարազատ Վան և մահանալ հայրենի հողում»: