կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 13:40
Քաղաքական

Բակո Սահակյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

 Բակո Սահակյանը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Հունիսի 17-ին նախագահ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն եւ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացրած ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին Պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:

Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում: Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: