Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հարկավոր է կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել սահմանադրական փոփոխություններին, ըստ որոնց` նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը: «Այսինքն` կառավարության կազմում չի լինի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը, կլինի կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցակարգային պաշտոնը, սակայն աշխատավարձը կթողնվի նույնը»,- հայտնեց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց` եթե սահմանադրական այդ կետը ուժի մեջ է մտնելու 2018 թվականից, ինչո՞ւ է հիմա փոփոխվում օրենքը, և արդյո՞ք խնդիրը միայն «նախարար» բառն է: «Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «նախարար» բառը»,- հարցրեց նա:
Հովհաննիսյանը պատասխանեց, որ փորձում են սահուն անցում ապահովել, և որ 2018 թվականից հետո էլ կպահպանվեն այս փոփոխությունները: Նրա խոսքով՝ Սահմանադրությւնը պահանջում է, որ վարչապետն ունենա փոխվարչապետ: Իսկ թե ինչո՞ւ է աշխատավարձը պահպանվում, Հովհաննիսյանը պարզաբանեց, որ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների շրջանակը մեծ էն, ուստի որևէ պատճառ չկա նրա աշխատավարձը փոխելու:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց. «Մենք դժվարությամբ տարիների մեջ աշխատավարձի որոշակի քանակություն սահմանեցինք՝ 14 թվականին ընդունեցինք պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենք, սահմանեցինք որոշակի սանդղակ՝ իր տրամաբանությամբ, արդարացի, թե` ոչ, դա այլ հարց է: Հիմա մենք ունենք աշխատակազմի ղեկավար-նախարար՝ իր նախարարական գործակցով՝ 12: Դուք առաջարկում եք «աշխատակազմի ղեկավար»` առանց «նախարարի»՝ պահպանելով գործակիցը: Դա արդեն առաջացնում է փոփոխություններ: Դուք ասացիք, որ համաձայն եք առաջարկություններին` ԱԺ-ի աշխատակազմում լինի նույնը, ինչ կառավարության աշխատակազմում է: Որքանո՞վ է սա տրամաբանական: Մենք ունենք որոշակի խաղի կանոններ. խախտում ենք այս խաղի կանոնները: Հետո դա դառնալու է ոչ թե բացառություն, այլ դառնալու է էլի մի բացառություն, էլի մի բացառություն: Չի կարելի: Այս խնդիրը կարելի է այլ կերպ կարգավորել»:
Հովհաննիսյանն արձագանքեց, որ այն փոփոխությունները, որ իրենք սահմանել են, ընդունելով նաև առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկը, ոչ թե խաղի կանոններից շեղվում են, այլ խաղի միատեսակ կանոնների սահմանում: Նա նշեց, որ երեք մարմինների՝ ԱԺ-ի, նախագահի, կառավարության աշխատակազմերի գործակիցները հավասարվել են:
Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Կարծում եմ` եթե մենք խնդիր ունեինք կառավարության աշխատակազմի ղեկավարից ներքև պաշտոնների հետ` նախարարի օգնականներ և տեղակալներ, գոնե այս շրջանում` մինչև 18 թվականի հիմնական փոփոխությունները, բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին թեկուզ պարգևատրումներով պահպանենք այդ մարդկանց աշխատավարձերը, և 18 թվականին, երբ կունենանք կառավարության նոր կազմ, անդրադառնանք այս խնդիրներին»: