Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավտոմեքենաների գազաբալոնները պետք է տեղադրվեն հատուկ մասնագիտացված կենտրոններում, որոնք պետք է հավատարմագրման սերտիֆիկատ ստացած լինեն էկոնոմիկայի նախարարությունում:
Ըստ մասնագետի`գազալցակայանի աշխատակիցը առանց հավաստագրի չպետք է լիցքավորի բալոնը: «Ես բոլորովին էլ գազալցակայաններին չեմ պաշտպանում: Հակառակը` ասում եմ, որ գազալցակայաններում կան թերություններ»,- ասաց Հայրապետյանը` հավելելով. «Այս տարի տեղի է ունեցել գազաբալոնների պայթյունի 4 դեպք, 3 դեպքն արձանագրվել է մայիս ամսին: 3 մարդ զոհվել է, ևս 3-ը ստացել են տարբեր կարգի մարմնական վնասվածքներ»:
Ըստ նրա` նախարարի հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են ստուգայցեր գազալցակայաններ: «Երկու գազալցակայան դադարեցրել է գործունեությունը: 17-ից 13-ին մենք արդեն տուգանել ենք: Տասներեքը հրդեհային անվտանգության ոլորտին են վերաբերում, բայց կան նաև տեխնիկական անվտանգության ոլորտին առնչվող խնդիրներ: Բանն այն է, որ, օրենքով սահմանված կարգով,200 մթնոլորտ ճնշման կիրառում է նախատեսված, սակայն մեր գազալցակայաններում լիցքավորում են 270 ճնշումով: Նշենք նաև, որ լցարկվող գազի ջերմաստիճանը չպետք է գերազանցի վաթսուն աստիճանը»,- ասաց Հայրապետյանը:
Նա նշեց նաև, որ եթե ասենք, որ գազալցակայաններում թերություններ չկան, ուղղակի անմտություն կլինի, քանի որ այնտեղ ևս շատ թերացումներ են լինում: Սակայն, ըստ Հայրապետյանի, իրենք միայն տարեկան մեկ անգամ իրավունք ունեն իրականացնելու տեխնիկական ստուգումներ: