Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում է արձանագրվել:
«Կարմրուկը սուր վարակիչ և բարձր կոնտագիոզ (հպավարանցիկ) հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Կարմրուկի վարակի աղբյուրը հիվանդ մարդն է` գաղտնի շրջանի վերջին օրերին: Գաղտնի շրջանը տևում է մինչև 21 օր, միջինը` 7-18 օր»,- ասաց մասնագետը` հավելելով. «Հիվանդությունը սովորաբար սկսվում է հազով, տենդով, կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջերաթաղանթի բորբոքում): Ցանն առաջանում է կլինիկական ախտանշանների սկզբից 3-5 օր հետո»:
Ըստ Վանյանի` Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը գրանցվել է 2004-2006 թվականներին` մոտ 4201 դեպքով: Նա նշեց նաև, որ այս տարի արձանագրվել է կարմրուկի 7 դեպք, որոնք համաճարականորեն կապված են Եվրոպայից և Ռուսաստանից ժամանած հիվանդ անձանց հետ: Ըստ մասնագետի` դեպքերից 5-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս երկուսը` 24 և 38 տարեկան:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն էլ նշեց, որ կարմրուկի կանխարգելման միակ միջոցը ճիշտ ժամանակին պատվաստանյութ ստանալն է:
«Միայն մեկ դեղաչափը բավարար չէ, պետք է երկու դեղաչափ ընդունել: ՀՀ պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում` 12 ամսականում և 6 տարեկանում»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե մեկ անգամ կարմրուկով վարակվածին սպառնո՞ւմ է, արդյոք, ևս մեկ անգամ հիվանդանալու վտանգ, Ասոյանը պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է, սակայն իր պրակտիկայում նման դեպք չի գրանցվել: