Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին արձանագրվել է կարմրուկի 13 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են եղել Ռուսաստանից ժամանած հիվանդ անձի հետ: Արձանագրված 13 դեպքից 12-ը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ, իսկ 1-ը` համաճարակաբանական կապով: Ժամանակին իրականացված հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ` կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել:
2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել:
Վերջերս աշխարհի մի շարք երկրներում նկատվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում: 2014 թվականին գրանցվեց կարմրուկի դեպքերի աննախադեպ աճ` ԱՄՆ-ի 27 նահանգում արձանագրվեց կարմրուկի 644 դեպք: Հիվանդությունը սկսվեց Կալիֆոռնիա նահանգի Դիսնեյլենդից, որտեղ միաժամանակ վարակվել են 2 տասնյակից ավելի անձ` 8 ամսականից մինչև 21 տարեկան: Հետագայում հիվանդությունը լայնորեն տարածվեց երկրում, որին նպաստեցին պատվաստումներից մեծ թվով հրաժարումները: Հիվանդների քանակով Կալիֆոռնիայից հետո Արիզոնան էր, դեպքեր արձանագրվեցին նաև Յուտայի, Վաշինգտոնի, Կոլորադոյի, Օրեգոնի և Նեբրաքսի նահանգներում:
ԱՄՆ-ում կարմրուկն առաջին անգամ ախտորոշվել է 1912 թվականին: Հետագա տասնամյակների ընթացքում կարմրուկից յուրաքանչյուր տարի մոտ 6000 մարդ էր մահանում: 1960-ականներին ԱՄՆ-ում սկսեցին օգտագործել կարմրուկի դեմ առաջին լիցենզավորված պատվաստանյութը, իսկ 1971 թվականից՝ կարմրուկի համակցված պատվաստանյութը (խոզուկի, կարմրախտի և ջրծաղկի դեմ), որը կտրուկ նվազեցրեց կարմրուկի հիվանդացությունը մինչև 99%, իսկ 2000 թվականին՝ ԱՄՆ հայտարարեց կարմրուկի տեղական դեպքերի վերացման մասին:
2000-2007 թվականներին ԱՄՆ-ում արձանագրվեց կարմրուկի ընդամենը 37 դեպք: Սակայն վերջին տարիներին նկատվում է կարմրուկի հիվանդացության ակտիվացում: 2008 թվականին արձանագրվել է կարմրուկի 100 դեպք, իսկ 2011 թվականին` 200 դեպք, որոնք հիմնականում բերովի դեպքեր էին Ֆիլիպիններից: ԱՄՆ-ում կարմրուկի դեմ պատվաստումներում մեկ դեղաչափի ընդգրկվածությունը կազմում է 93%, իսկ երկու դեղաչափով ընդգրկվածությունը` 97%: Վերջին տարիների բռնկումներն ավելի դժվար է կառավարել, քանի որ տարեցտարի աճում է պատվաստում չստացած անձանց թիվը:
Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել Կանադայում: Տորոնտոյում սույն թվականի հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կարմրուկի 4 դեպք (2 մեծահասակ և 2 երեխա), որոնք միմյանց հետ կապ չունեն: Յուրաքանչյուր տարի Տորոնտոյում արձանագրվում է կարմրուկի 5 դեպք, որոնք անմիջապես կապված են ճամփորդությունների հետ, իսկ այս վերջին դեպքերը վարակվել են Տորոնտոյում:
Կարմրուկի բռնկում է արձանագրվել նաև Պեկինում: Համաձայն Պեկինի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» հայտարարության սույն թվականի հունվարի 1-ց 23-ը պաշտոնապես արձանագրվել է կարմրուկի 68 դեպք, որը 1.5 անգամ բարձր է 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Պեկինի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» մասնագետները նշում են, որ կարմրուկով հիվանդների թիվն աճում է սովորաբար հունվարից և գագաթնակետին հասնում է ապրիլ-մայիս ամիսներին: Պեկինի Դոնչենե թաղամասում հունվարի 22-ից 26-ն արձանագրվել է կարմրուկի 23 դեպք և մի շարք գրասենյակներ փակվել են:
Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև ԱՊՀ մի շարք երկրներում: Ղրղզստանում 2014 թվականին արձանագրվել է 318 դեպք, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից՝ արձանագրվել է կարմրուկի 151 դեպք: 2014 թվականի դեպքերի համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Ղրղզստանում կարմրուկի դեպքերը նույն գենոտիպի են, ինչ՝ Ղազախստանում և Ռուսաստանում: Ուկրաինայում նույնպես արձանագրվել են կարմրուկի դեպքեր:
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է (Morbillivirus): Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից է թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը, որը կարող է առաջացնել ցնցումներ, խլություն և ուղեղի ախտահարում:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստանյութը միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է կարմրուկի կանխարգելման համար: Ուստի, բոլոր զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում շրջագայություններից առաջ պատվաստվել կարմրուկի դեմ: