|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը: Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես «Միդեմ-2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել և մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը: Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաև վիզուալ առումով: Ողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։ Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել է, և դադարեցվել է երթևեկությունը։
Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմ»-ի բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։ «Կարլտոն» հյուրանոցի սրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները:
Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները: Հունիսի 5-ին Միդեմում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: Նախագահը համերգային ծրագրերին ներկա գտնվելուց բացի, երեկոյի ընթացքում հանդիպումներ է ունեցել երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ֆլորիան Դրուկեն Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Այս ասոցիացիան աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից, Ճապոնիայից հետո։
Հեղինակավոր այս կառույցի ղեկավարն առաջարկել է ՀՀ Նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։ «Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը Նախագահ Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի մասին, ապա առաջարկել է հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։
Ժան Նոել Թրոնքը «Sacem» աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է, ով ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է իրենց կազմակերպսւթյան 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս։ «Միդեմ» երաժշտական փառատոնը կշարունակվի ևս երեք օր՝ հագեցած համերգային ծրագրերով, դասախոսություններով ու ցուցադրություններով։