Վահան Երեցյանի պատմությունը
1903 թ., Ադանա
Վահան Երեցյանի պատմությունը
1903 թ., Ադանա
Նարինե Մարդյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մորական պապի՝ Վահան Երեցյանի վկայությունն իր իսկ գրած «Ադանա-Բեյրութ-Երևան» ինքնակենսագրական գրքից, որում նա ներկայացրել է Ադանայի 2 կոտորածն ու 1915-ի մեծ աքսորը:
«Ցանկանում եմ մեջբերել մորական պապիս՝ Վահան Երեցյանի վկայությունն իր իսկ գրած «Ադանա-Բեյրութ-Երևան» ինքնակենսագրական գրքից:
«Հայրս՝ Երեցյան Գրիգորը, ծնվել է Կիլիկիայի Ադանա քաղաքում: Երեք եղբայր և չորս քույր են եղել: Մեծ հորեղբայրս՝ Կարապետը, աշխատել է որպես հաշվապահ հայ վաճառականի մոտ, փոքր հորեղբայրս՝ Հայկազը, ուդ է նվագել Թուրքիայի և արաբական երկրների տարբեր քաղաքներում: Պապս՝Խաչերը, մանր առևտրական է եղել, զբաղվել է նաև բժշկությամբ: Նա քսուկներ է պատրաստել զանազան վերքերի բուժման համար: Ջերմեռանդ հավատացյալ էր: Տատիկս՝ Աննուկը, ավագ երեց տեր Գևորգի դուստրը, թեև անգրագետ, բայց շատ բարի ու ազնիվ կին էր: Հորաքույրներս նույնպես գրեթե անգրագետ էին: Բոլորն էլ թրքախոս էին, ինչպես Ադանայի և շրջակա գյուղերի հայ բնակչության մեծ մասը: Նրանք իրենց հայությունը պահում էին շնորհիվ հայ եկեղեցու:
Հայրս, հաջողությամբ ավարտելով կոստանդնուպոլսում բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժինը, վերադառնում է իր ծննդավայրը և այնտեղ հիմնում իր սեփական դեղատունը: Մայրս՝ Ռեբեկան, ծնվել է Ադանայում 1884թ.: Նա բարի և օրինակելի մայր էր իր հինգ զավակի համար: 1903թ. հունվարի 26-ին ծնվել եմ ես: Չորսից մինչև յոթ տարեկան հայկական մանկապարտեզ եմ հաճախել:
1908թ. Թուրքական նոր սահմանադրության հռչակումից հետո հայերը Ադանայում ավելի ազատ էին ապրում և միամտորեն կարծում, թե իրենք և թուրքերը այլևս բարեկամներ են, և կառավարական օրենքները հավասարապես կկիրառվեն բոլոր թուրքերի ու քրիստոնյաների նկատմամբ: Սակայն սահմանադրության ընդունումից դեռ մեկ տարի չանցած՝ հին տոմարով 1909թ. ապրիլի մեկին, անսպասելիորեն մի ահռելի աղետի ենթարկվեց Կիլիկիայի և հատկապես Ադանայի բնակչությանը: Սկսվեց Ադանայի կոտորածը:
Այն ժամանակ ես վեց տարեկան էի: Հայկական մի քանի թաղերում տասնյակներով հայեր վիրավորվեցին ու սպանվեցին: Մի քանի հարյուր հայ երիտասարդ լավ կազմակերպված դիմադրություն ցույց տվին, որի հետևանքով թուրքերը դադարեցրին ջարդը: Բայց այս անգամ ավելի խորամանկ ու նենգ միջոցների դիմեցին իրենց չար նպատանկերի իրագործման համար: Նրանք կեղծավոր ձևով հայերին առաջարկեցին բարեկամանալ ու դրանից հետո վնասակար ոչ մի գործողություն չկատարել մեկը մյուսի հանդեպ: Թուրք կառավարական և կրոնական ղեկավարներ եկան Հայ ազգային առաջնորդարան, նույնիսկ համբուրվեցին հայ հոգևորականների ու քաղաքական գործիչների հետ: Միամիտ ու անհեռատես հայ ղեկավարները խաբվեցին թուրքերի բարեկամական խոստումներին և որոշեցին հանձնել իրենց զենքերը՝ բացառությամբ մի քանի երիտասարդ քաջ հայերի: Այս ցավալի որոշման համար պատասխանատու էին նաև Անգլիայի հյուպատոսն ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի տեղապահի՝ հայերին հնազանդության հրավիրող հեռագիրը:
Երկրորդ և ավելի սարսափելի ջարդը սկսվեց 1909թ. ապրիլի 12-ին: Բարբարոսաբար և անակնկալորեն կատարված այդ զարհուրելի սպանդը խոր, անջնջելի ու մռայլ հետք թողեց իմ մանկական մատղաշ հոգու վրա: Ես շատ լավ եմ հիշում հայկական թաղամասերից մինչև երկինք բարձրացող հրդեհների լայնատարած ու բոսորագույն բոցերը, թուրք ջարդարարներից դեպի իրենց տները կամ որևէ ապահով վայր փախչող վիրավորված հայերին, մի հարմար պահի բոլորիս հապճեպ փախուստը դեպի մեր տան դիմաց գտնվող ֆրանսիական քոլեջը, ուր ապաստանում էին անխնա ջարդից ու հալածանքից փախչող հազարավոր հայեր: Ըստ կոնցեսիաների՝ թուրքերը իրավունք չունեին մուտք գործել եվրոպական հաստատություններ: Թուրքերը նավթի մեջ թաթախված ու բոցավառված քուրջի նոր կտորներ էին նետում հայերի տների վրա՝ հայկական թաղամասերում հրդեհի նոր օջախներ առաջացնելով: Մեր տունը նույնպես կրակի ճարակ դարձավ մեր աչքերի առաջ: Հիշում եմ նաև հայ երիտասարդների, որոնք, ինքնապաշտպանության բնազդով տոգորված, կրակում էին իրենց հրացաններով հայերի տները թալանող թուրքերի վրա՝ խուճապի մատնելով նրանց: Քաղաքում և շրջակա հայկական գյուղերում մոտ երեսուն հազար հայ անխնա և անխղճորեն ջարդվեց բարբարոս թուրքերի կողմից:
Երկու ջարդի ընթացքում հայերի դիմադրության շնորհիվ մոտ երկու հազար թուրք սպանվեց: Ադանայի ջարդի ավարտից հետո թուրքական իշխանություններն անարդարացիորեն դատեցին, բանտարկեցին և նույնիսկ կախաղան հանեցին շատ անմեղ հայերի՝ զրպարտելով նրանց թուրքասպանության մեջ: Միանգամայն ձևականորեն և արդարանալու միտումով մի քանի թուրքի ևս դատեցին ու կախեցին…
Մեր ընտանիքը տեղավորվեց մի հարուստ հույնի պատկանող գործարանում, ուր մենք միացանք հորս, որը երկրորդ ջարդի հանկարծակիորեն սկսվելուն պես, դեղատունը բաց թողնելով, հազիվ կարողացել էր փախչել իրեն ավելի մոտ գտնվող աղջկանց ֆրանսիական քոլեջը և ապաստանել այնտեղ ուրիշ հայերի հետ միասին: Մի քանի օր հետո մենք ընտանիքով մեկնեցինք Մերսին նավահանգիստ գնացքով: Ինձնից փոքր եղբայրս՝ Պետրոսը, հիվանդացավ կարմրուկով: Խնամքի ու սննդի պակասության հետևանքով մահացավ Մերսինում: Մի քանի օր հետո այնտեղից եգիպտական նավ նստեցինք Պոլիս մեկնելու համար: Պոլսում անցկացրինք մի քանի ամիս: Ադանայում մնացած բարեկամներից ստացած նամակներին հավատալով՝ հայրս որոշեց վերադառնալ իր ծննդավայր:
Ադանայում հայրս նոր դեղատուն բացեց և, իրապես էլ գործերը շատ հաջող էին գնում: Նոր տուն տեղափոխվեցինք, երկու քույր ունեցա, 1912թ. սկսեցի հաճախել տղայոց ֆրանսիական քոլեջ: Մինչ 1915թ. Կիլիկիայի հայերը համեմատաբար խաղաղ և բավականին բարեկեցիկ պայմաններում էին ապրում: Եվ ահա սկսվեց հայ ժողովրդի անիծյալ սև տարին՝ 1915 թվականը:
Ուզում եմ նկարագրել փաստացի և իրական այն պատկերները, որոնք ես անձամբ եմ տեսել, որն էլ ապացուցում է, որ Թուրքիան նախապես էր ծրագրել հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը: Ես համոզված եմ, որ իմ՝ ականատեսի պատմածները որպես վավերական փաստաթղթեր պետք է ընդունել:
1915թ. մայիսին հայերի պարտադրված տեղահանությունը սկսվեց Թուրքիայի արևելյան շրջաններում: Սեպտեմբեր ամսին հերթը հասավ Կիլիկիայի հայերին, որոնց մեծ մասը թրքախոս էին: Մեր, երկու հորաքույրներիս և մեծ հորեղբորս՝ Կարապետի ընտանիքները, ադանացի ուրիշ ընտանիքների հետ ճանապարհ ընկան Հալեպի ուղղությամբ: Ճանապարհին քարավանի մաս կազմող ունևոր ընտանիքները փող հավաքեցին ու վարձատրեցին երկու չերքեզ զինված ձիավորների, որոնք պետք է մեզ պաշտպանեին թուրք ավազակների հարձակումներից: Ձիավորներից մեկը տենդով հիվանդացավ: Նրան հայրս մեր կառքի մեջ խնամեց երկու օր և բուժեց: Մեր քարավանը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, անցնելով Միսիսը, Օսմանիեն, Իսլահիեն և այլ վայրեր, հասավ Հալեպից 50 կմ հեռու գտնվող Կաթմա դաշտավայր, ուր արդեն նետված էին հարյուր հազարավոր գաղթականներ արևի կիզիչ ճառագայթների ու փոշու մեջ՝ անօգնական ու խեղճացած: Հայ դժբախտ գաղթականներին ամեն օր խումբ-խումբ փողադրում էին Սեբիլ ասված գաղթակայանը, որտեղից էլ քշում էին դեպի սիրիական անապատը, դեպի Պապ, Ռասուլայն, Ռաքա, Դեր Զոր, ուր կրկին անգամ ենթարկում էին սովի, հիվանդությունների, կողոպուտի, վերջնական ջարդի, ամբողջական ոչնչացման:
Ինչպես նախապես նշել եմ, Հայկազ հորեղբայրս, քաղաքից քաղաք ճանապարհորդելով, ուդ էր նվագում: Այնպես է պատահում, որ մեր Կաթմայոմ եղած ժամանակ, նա աշխատելիս է լինում Հալեպի կազինոյում: Պատահաբար իմանում է, որ իր մայրը, եղբայրներն ու քույրերը իրենց ընտանիքներով գտնվում են Կաթմայում խղճալի ու հուսահատ կացության մեջ, ինչպես ուրիշ բազմահազար հայ ընտանիքներ: Այդ ժամանակամիջոցում Սիրիայում գտնվում է բռնակալ Ջեմալ փաշան: Նրա նստավայրը Հալեպում էր: Մի օր նա խնջույք է կազմակերպում, որին հրավիրում է հալեպում ծառայող թուրք և գերմանացի բարձրաստիճան սպաների, ինչպես նաև կառավարության արաբ և թուրք բարձր պաշտոնյաների: Այդ խնջույքում նվագելու համար կանչվում է այն նվագախումբը, որտեղ նվագում էր նաև Հայկազ հորեղբայրս: Խնջույքը սկսվում է երեկոյան ուշ ժամին: Վերջում՝ լուսաբացին մոտ, ընդհանուրի քեֆը իր գագաթնակետին է հասնում: Այդ պահին փաշան մոտենում է նվագողներին ու ասում.
-Զավակնե՛րս, եթե ձեզանից մեկը որևէ խնդրանք կամ ինչ-որ բանի կարիք ունի, թող ասի առանց քաշվելու:
Բոլորը միասին ոտքի են կանգնում, մինչև գետին խոնարհվում և համեստորեն ասում.
-Ձեզ մաղթում ենք, փաշա՛, առողջություն և երկար կյանք:
Խնջույքը շարունակվում է մեծ խանդավառությամբ:
Որոշ ժամանակ անց փաշան նորից է կրկնում.
-Եթե խնդրանք ունեք, ասեք առանց ամաչելու:
Այս անգամ հորեղբայրս կանգնում է և խոնարհաբար ասում.
-Եթե թույլ տաք, փաշա՛, ես մի խնդրանք ունեմ:
-Ասա՛, զավա՛կս:
-Երկու եղբայրներս, երկու քույրերս մորս հետ, իրենց ընտանիքներով այս պահին գտնվում են Կաթմայի գաղթակայանում: Խնդրում եմ նրանց անցագիր շնորհել, որպեսզի կարղանան Հալեպ քաղաք մտնել:
Ջեմալ փաշան անմիջապես վերցնում է հեռախոսափողը և հրամայում Հալեպի ոստիկանապետին, որ քիչ հետո իր անձը ներկայացնող Երեցյան Հայկազին անցագիր տա չորս ընտանիքների՝ Կաթմայից Հալեպ ազատ մուտքի համար: Հաջորդ օրն իսկ հորեղբայրս, այս մեծ հաջողությունից, ուրախացած, երեք ձիաքարծ սայլեր և նամակ է ուղարկում Կաթմա, ուր կառապանները հորս են հանձնում եղբոր նամակն ու պաշտոնական անցագիրը Հալեպ մտնելու թուլտվությամբ: Եվ այսպես, այն քաղաքը, ուր այլևս ոչ մի հայի թույլ չէր տրվում մտնել, մեր չորս ընտանիքները վաղ առավոտյան ձիերի պայտերի ներդաշնակ դոփյունով ու սայլերի անիվների հանած դղրդյունով Հալեպ էինք մտնում ազատորեն»:
Վահան Երեցյանը 1947 թվականին շատ ուրիշ հայ գաղթականների հետ վերադառնում է Սովետական Հայաստան: Նրա մահից հետո նրա վեց զավակները իրենց հոր՝ թղթին հանձնած հուշերը հավաքագրում և տպագրում են մեկ ընդհանուր գրքում 1997 թվականին: Այս գիրքը մեկն է այն բազմաթիվ փաստերից, որոնք ապացուցում են Օսմանյան կայսության կողմից 1915 թվականին կատարված սարսափելի ոճրագործությունները: Հույս ունենք, որ նկարագրված դեպքերը կարող են որոշ չափով օգուտ տալ ընթերցողին»: