Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ Քեսաբում, զգուշացնում է և սարսափեցնում` մի՞թե 21-րդ դարում կարող են կրկնվել այն իրադարձությունները, որոնք հայ ժողովուրդն ապրեց 100 տարի առաջ: Այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց ՌԴ-ի նախաձեռնությունը' Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես գալ համապատասխան բանաձևով, ռուս գործիչը նշեց, որ դա պայմանավորված էր հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ շատ մշտական անդամներ Սիրիայում իրենց նպատակներն են հետապնդում, որը Բաշար Ասադի ռեժիմի տապալումն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք աչք են փակում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վրա:
«Հուսով եմ, որ միջազգային հանրությունն ուշքի կգա, և այդ ողբերգությունը 21-րդ դարում երբեք տեղի չի ունենա: Խոսքը ոչ միայն հայերի մասին է, այլեւ քրիստոնյա և իսլամական աշխարհների բախման, դա անթույլատրելի է, քանի որ եթե դա տեղի ունենա, իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմն իրական կդառնա. ընդ որում' դա կլինի պատերազմ մինչեւ վերջնական ոչնչացում: Այդ պատերազմում, սակայն, հաղթողներ չեն մնա»,- նշեց Վ. Ջաբարովը:
Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի մեկ այլ անդամ` Ռաֆայել Զինորովը, Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նշեց, որ Արևմուտքն այսօր ավելի մտահոգված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով, որոնք Ուկրաինայի ներքին գործերն են, և ՄԱԿ-ն ու միջազգային կառույցները ձևացնում են, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում, թեեւ դա այդպես չէ:
«Այսօր միջազգային հանրությունը, Արևմուտքը իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի ոչ թե Ուկրաինայի վրա, այլ Սիրիայի, որտեղ արյուն է հոսում»,- նշեց Ռաֆայել Զինորովը` շարունակելով պարզաբանել, թե ինչու հայերը դարձան ծայրահեղ իսլամականների թիրախը: Ըստ այդմ' այնպես է ստացվել, որ, վաղ միջնադարից սկսած, հայերն ապրում են շատ երկրներում և, իրենց մենթալիտետից ելնելով, ամենուր ավելի լավ են ապրում, քան մյուս ազգերը, ինչը նախանձ և խանդ է առաջացնում: Իհարկե, սա գլխավոր պատճառներից չէ, բայց հայերի դեմ գործոններից մեկն է: Իսլամիստ ծայրահեղականների համար հայերը քրիստոնյա են, ընդ որում` հետևողական քրիստոնյա, միշտ հավատարիմ են մնում իրենց լեզվին, մշակույթին ու կրոնին բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են, և իհարկե, մուսուլմանական ֆանատիզմն այստեղ տեսավ այն խորշը, որը կարելի է գրոհել:
ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ասաց, թե քեսաբցիների բախտն ուղղակի չբերեց' հայտնվելով գրոհայինների հերթական գրոհի ճանապարհին, որն ուղղված էր լիովին կոնկրետ նշանակետի: Ասադին գահընկեց անելու կամպանիան, նշեց նա, ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության ծրագիր է, բացեիբաց էլ հայտարարվում է' «Քրիստոնյաները' Լիբանան, ալևիները' գերեզման»...
«Էրդողանը վերականգնում է Օսմանյան կայսրությունը, և դա բացահայտորեն հայտարարվել է` «մենք նոր օսմաններն ենք»: Դրա մասին հայտարարում է Ահմեդ Դավութօղլուն, ուստի ծայրահեղական ուղեգծի պաշտպանությունն ուղղված է թուրքական սոցիումի ներսում իսլամի միջազգային դերի բարձրացմանը, ինչը միանշանակ բերում է ծայրահեղ իսլամի աջակցությանը: Այս իմաստով' արևմտյան կոլեգաներին դիմել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների կամ հայերի պաշտպանության խնդրանքով, ես շատ եմ վախենում, որ անիմաստ քայլ է, քանի որ 20-րդ դարասկզբի` հայերի ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում»,- ասաց Սատանովսկին' հավելելով, որ, ըստ էության, Արևմուտքին չի հետաքրքրում, թե իրենց դաշնակիցն ինչ-որ մարդկանց է կոտորում, վերջին հաշվով' Ասադի ռեժիմի տապալման հարցում հետաքրքրված են թե' Ֆրանսիան, թե' Գերմանիան ու Անգլիան: Այս առումով պետք չէ աջակցություն սպասել այն երկրներից, որոնց դաշնակիցը Քեսաբի կոտորածի կազմակերպիչն էր: «Եթե փողերը դադարեն մատակարարվել ու դադարի գրոհայիններին տրամադրվող աջակցությունը, իրադրությունը բոլորովին այլ կլինի, բայց դա հնարավոր չէ, դրա համար պետք է ռմբակոծել Քաթարն ու Սաուդյան Արաբիան, իսկ դա անելը հեշտ չէ»,- ասաց Սատանովսկին:
Անդրադառնալով հայկական սփյուռքի կողմից տարբեր երկրներում անցկացվող բողոքի ակցիաներին' ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը նշեց, որ դա անիմաստ է, քանի որ երբ հարցը հասնում է, օրինակ, ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ազգային շահերին, իսկ Սիրիայի իրադարձությունները հենց այդպիսիք են, նրանք ոչինչ չեն անի:
«Ինձ թվում է, որ Ռուսաստանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդպիսի ապակառուցողական քայլերի հանդիպելուց հետո, պետք է վերանայի այդպիսի արտակարգ իրավիճակներում տրամադրվող հումանիտար օգնության հատկացման կարգն ու ձևը, քանի որ մտավախություն ունեմ, որ Ռուսաստանից տրվող օգնությունը ցնդում է, քանի որ գնում է տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով: Քեսաբի հարցում հանդիպելով արձագանքի բացակայության` Ռուսաստանը պետք է վերանայի իր մոտեցումն ու ինքնուրույն հումանիտար օգնություն ցուցաբերի, առավել ևս, որ դրա համար բոլոր իրավական հիմքերը կան»,- ընդգծեց Անդրեյ Արեշևը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն, իր հերթին, նշեց, որ էթնիկ զտումները, որ իրականացվեցին Քեսաբում' Թուրքիայի օգնությամբ և ուղղակի ուղղորդմամբ, հիմք են նախապատրաստում Հյուսիսային Սիրիայի որոշ շրջանների նկատմամբ Թուրքիայի կողմից տարածքային էքսպանսիա իրագործելու համար: Եվ այս առումով' Քեսաբն առաջին քայլն էր:
Անդրադառնալով Քեսաբի դեպքերին Թուրքիայի մասնակցությանը` Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ հայտնի է' Թուրքիան միշտ էլ եղել է ահաբեկիչներ պատրաստող կենտրոն, մասնավորապես` ԵՄ անդամ երկրից Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքներում' Հյուսիսային Կիպրոսում, թուրքական ռազմակայաններում մշտապես ահաբեկիչներ են պատրաստվել, որոնք ուղարկվել են ինչպես Հյուսիսային Կովկաս, այնպես էլ հիմա ուղարկվում են Սիրիա: Որպես օրինակ` Դեմոյանը նշեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ով անձամբ խոստովանել էր, որ ինքը Կիպրոսում է անցել ռազմական պատրաստականություն, որտեղ իրեն սովորեցրել են, թե ինչպես կարելի է ամենատարբեր միջոցներով մարդ սպանել:
Այն ինչ այսօր տեղի է ունենում Քեսաբում, նշեց Դեմոյանը, խոշոր հաշվով անպատժելիության, միջազգային քաղաքական պրոցեսներում կրկնակի, եռակի ստանդարտներ կիրառելու արգասիք ու արդյունք է: