Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Մկրտիչ Ասլանյանի պատմությունը
1916 թ.,Վան
Մկրտիչ Ասլանյանը պատմում է, որ Արճեշում կոտորածը սկսվել է շներից, բոլորին թունավորել են: Ապրիլյան մի օր մարդահամարի ցուցակով շուկայից, գյուղերից ու դաշտերից սկսել են հավաքել բոլոր տղամարդկանց: Մկրտիչը, կանխազգալով վտանգը, որոշ ժամանակ թաքնվել է մի թուրք ծեր կնոջ տանը, այնուհետև 32 օր ապաստանել ամրոցում:
Բնիկ արճէշցի (Վան) Մկրտիչ Ասլանեանի (45 տ.) պատմածները:
Արճէշէն ազատուած բոլոր տղամարդկանց թիւը հազիւ 100-ի կը հասնի, որոնցմէ 20-ը, զինուոր լինելով թիւրք բանակին մէջ, յաջողած են փախչել Վան և ազատուիլ, 10-ի չափ ալ, այս ու այն կողմը թաքնուելով, կրցած են ճողոպրել: Գերի են տարուած մի կին, երկու աղջիկ և մէկ տղայ, միւս բոլոր կանայք, աղջիկներ ու երեխաները (մինչև 10 տ.) ազատուած են կոտորածէն:
Զօրաշարժի ժամանակ գիւղը տուաւ 100-ի չափ զէնք կրող զինուորներ, որոնցմէ 10ըր էրզրումի կողմերը ղրկուեցան և այժմ անյայտ են, իսկ 20-ը` Վանի կողմեր, որոնք յաջողեցան անմիջապէս փախչել Վան և ազատուիլ:
Մինչև և ապրէլ 7-ը` Աւետման օրը, հարևան թիւրքերն ու քիւրտերը մեզ հետ սովորականէ պէս կը վերաբերուէին. ոչ մէ կոտորածէ շշուկ չկար: Միայն կոտորածէն վերջ իմացանք, որ մի ամիս առաջ Պոլսէն հեռագէր էր եկած մեր գայմագամէն, թէ այդ հայ կոտորեցէ՛ք: Գայմագամը մինչև այդ լաւ մարդ էլնելով, փոխանակ հայերին ձեռք տալու, հրաման հանեց, որ գէւղէ բոլոր շները թունաւորեն և մեռցնեն. այդպէս ալ եղաւ մէնչև հայերու կոտորածը:
Ապրիլ 7-ի կէսօրին, երբ ամէնքս մեր սովորական աշխատանքէն էինք գացեր, յանկարծ գայմագամէ կողմէն ոստէկաններ եկան շուկան և առաջնորդը (որ այդտեղ խանութէ մը մէջ նստած էր), քահանաները, էնպէս և բոլոր արհեստաւորները ու խանութպանները կանչեցին կառավարչատունը` ըսելով, թէ գայմագամը ձեզ կը կանչէ: Այնուհետև ոստիկաններն ընկան գիւղն ու դաշտը` մնացեալ գիւղացէները հաւաքելու` ըստ իրենց քով նշանակած մարդահամարի ցուցակի:
Ես, նախազգալով գալիք փորձանքը, իսկոյն փախայ հարևան Մուխթարի Ալի չաւուշ թիւրքին տունը, որի կին Համայիլը` մի 40 տարեկան բաբի պառաւ, զիս պահեց անկողիններու ետևը` ջուլերու տակը (այդ պահուն տունը ոչ ոք չկար, բացի իրմէ): Ինչքան թիւրքերը եկան զիս փնտրեցին, թէ՛ մեր տունը և թէ՛ այդ թիւրքին, չկրցան գտնել: Համայիլը միշտ երդումներով զանոնք ճամբա կը դնիր վստահեցնելով, թէ իր տունը ոչ ոք չկայ: Գիշերը Համայիլի ամուսինն ալ, տուն գալով, կը ստէպէր իր կնոջ, որ եթէ մարդ պահած է, դուրս հանէ: Ես, տեսնելով, որ այլևս իմ թաքստոցը կը դժուարանայ, դուրս եկայ թուրքի տնէն և գնացի թաքնուեցայ մեր աթարի ամրոցին մէջ: Բայց նախապէս մեր տնեցոց լուր տուի, որոնք ինձ համար բերիւն մի վերմակ, որու մԷջ պլուլելով, պահուեցայ ամրոցին մԷջ ու փէյինները (խուշին) վրաս լեցուցի, իսկ գլխիս վրայ ալ 2 չռփի (ցախ) դրի, որպէսզի չերևիմ և միաժամանակ շունչ առնեմ: Ամբողջ 32 օր այդ վիճակէն մէջ ապրեցայ ամրոցում: Ամէն օր մեր տունէն ծածուկ ինձ հաց ու ջուր կը բերէին, թիւրքերու փնտրտուքը ոչ մի արդիւնք չտուաւ, զիս ոչ ոք չկրցաւ նկատել:
Երբ մութն ընկաւ, մունետիկը կանչեց, թէ ոչ մէկին կամ երեխայ իրաւունք չունէ փողոցը դուրս գալու, այլապէս կը պատժուի: Մունետիկի այդ կանչէն յետոյ արդէն լսուեցան հրացաններու համազարկերը և մեռնողներու աղեկտուր ճիչերը: Յաճախ թիւրքերր կը գային իմ ամրոցին քովը, կը նստէն և կռնակնին ամրոցի պատէն դնելով` կը պատմէին իրենց սխրագործութիւնները: Այդ պատմածներէն ես իմացայ, որ մեր տէրտէրն (Տէր Եղիազար) և առաջնորդը (Տէր Եղիշէ քահանայ), բոլոր հայ մեծամեծները գայմագամին հրամանով դաշոյնով կտոր-կտոր կը մորթուին, նախապէս անոնց մօրուքները, երեսի կաշուով հանդերձ քերթելէ յետոյ, որպէսզի այդ մօրուքները շուկայի պատին խփէին իբրև զարդ… Ապա վանեցի վաճառական Նշան աղա Աբաղեանը, որ միևնոյն ժամանակ քարտուղար էր կառավարութեան քով, ըսած է գայմագամին, թէ ինչո՞ւ այդ տեսակ անգութութիւններ կընես, մենք ի՞նչ յանցանք ենք գործեր, մանաւանդ ի՞նչ են ըրեր քեզ այն անբախտները: Գայմագամը ի պատասխանի ըսած է. «Հայ անունը պիտի աշխարհի երեսը չմնայ»:
Քաղաքացիները սպանուեցան զօրանոցի բակին մէջ, մեծ մասը` պաղ զէնքերով: Նշան աղայի ձայնը կը լսուէր, որ կը կանչէր թախանձագին «Ի սէր Աստուծոյ, զիս գնդակով սպանեցէք», իսկ գիւղացիներն ալ, խումբ- խումբ իրար կապելով, տարել էին Արճէշէ դուրս և փոսերու քով (Պերելի ջաղացի մօտ, Խարկենի և Օրօրանի, Վանայ և այգիներու ճամբաներուն քով), սպաննել ու փոսն են իջեցուցել»: Զօրանոցի մէջ սպաննուածներէն ալ յաջորդ օրը տարուած են և այդ փոսերու մէջն են լեցուեր: Նախապէս այդ փոսերուն մէջն էին լեցուած սատկած շները…
Կոտորածին օրր կառավարութեան սայլերը սկսեցին հայ վաճառականներու տներէն ու խանութներէն բոլոր ապրանքներն ու հարստութիւնը փոխադրել կառավարչատունը: Բնիկ արճէշցիներուն տուները միայն զերծ մնացին այդ ձևի թալանէն, որոնց կոտորածը կատարուեցաւ թիւրք կանոնաւոր ոստիկաններու ձեռքով, որոնց թիւը 200-300-ի կը հասնէր, իսկ բնիկ թիւրքերը մեզ ձեռք չտուին:
Ռուս բանակի մօտենալով` թիւրքերը փախան: Ռուսը յառաջապահները մեր գիւղը մտածին պէս մեր տնեցիք եկան ինձ տարան: Ես վեր կացայ իմ թաքստոցէն և գացի անոնց ձիերուն համար գարի, իրենց համար ալ հաց ու կերակուր ճարեցի, մինչև որ բանակն ու հայ կամաւորներր գիւղը մտան…
Յուլիսի 15-16-ի ատենները յանկարծ Զիլանայ քրտերը (միքայէցի, հաճիդէկցի, համացի) եկան և գիւղը պաշարեցին: Արճէշի մէջ գտնուած բնիկ տղամարդիկս (մօտ 10 հոգի) և 40-50-ի չափ հայ կամաւորներ միասին գացինք անոնց դէմ ու յաջողեցանք զանոնք փախցնել մինչև Չախըր-Բէգ կոչուած քիւրտ գիւղը: Ռուսերը այդ կռուին չմասնակցեցան: Ճիշդ այդ դէպքին յաջորդ օրը` կէսօրին, ռուսերը յայտարարեցին, թէ նահանջ կայ: Մենք նոյնիսկ ժամանակ չունեցանք պատրաստուելու: Հազիւ կարողացանք մեր երեխաները և մի քիչ ալ ուտելիք շալկելով` դուրս գալ խուճապով: Մեր տաւարները դաշտն էին, հնարաւորութիւն չունեցանք երթալ բերելու և բեռցնելու: Այդ առաջին օրը գաղթեցինք մինչև Առնիս քիւրտ գիւղը (Բերկրիի ճամբուն վրայ), յաջորդ օրը հասանք Բերկրի՝ ռուս պահականոցի քովը: Անկէ ալ 3 օրուան մէջ հասանք Իգդիր, ուր մնացինք միայն 2 օր: Այնուհետև եկանք էջմիածին և Երևանի շրջակայ գիւղերը: Ճանապարհին մեռան 15-ի չափ կին ու տղայ, իսկ Իգդիրի և էջմիածնի մէջ` մօտ 20 անձ: Անցնող տարուան մէջ շատերը մեռան, որոնց ճիշտ թիւը չգիտեմ: Այժմ մեր գիւղացոց մեծ մասը կապրին էջմիածին և Երևան:
Գրուածները համաձայն են իմ պատմածներուն:
Վասն անգրագիտութեան` Մկրտիչ Ասլանեանի
փոխարէն կը ստորագրեմ` Հ. Աճէմեան:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 432, թ. 12-17 չրջ., բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 228 – 232: