Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն առաջիկայում հրաժարական է տալու ՀՀ պաշտպանության փոխնախարարի կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու նպատակով: Հակոբյանը երեկ ո\'չ հերքել, ո\'չ էլ հաստատել է այդ լուրերը՝ նշելով, թե որևէ բան չի բացառում: «Դեռ կորոշենք: Մենք զինվորական ենք, և մենք չենք որոշում` որտեղ պետք է ծառայենք»,- ասել է նա:
Պաշտպանության համակարգում նման տեղափոխությունները հայկական իրականությանը խորթ չեն: Դրանք եղել են նախկինում, լինելու են նաև հետագայում, առաջին հերթին` այն պատճառով, որ հայկական երկու պետությունների բանակները, չնայած ֆորմալ առումով առանձին կառույցներ լինելուն, մեկ ընդհանուր օրգանիզմ են, իսկ դա կադրային վերադասավորումների հնարավորություններ է ստեղծում: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նման կալիբրի կադրային տեղաշարժերը պայմանավորվում են ոչ այնքան բանակի օպերատիվ կառավարման հրամայականներով, որքան քաղաքական շարժառիթներով և իշխանական կոնյունկտուրայում տեղի ունեցող փոփոխություններով:
Հայաստանի պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը ժամանակին հենց ԼՂՀ ՊԲ հրամանատարի և նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Նա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց 2007-ին, այսինքն` երբ Հայաստանը գտնվում էր նախընտրական շրջանում և իշխանության փոխանցման, այդ շրջանակում կառավարության ապագա կաբինետի ձևավորման խնդիրն էր դրված: Սեյրան Օհանյանը Հայաստան տեղափոխվեց պաշտպանության նախարար նշանակվելու նպատակով, և հայտնի է, թե ինչ դերակատարում ունեցավ 2008թ. ընտրություններից անմիջապես հետո՝ մարտին Հայաստանում արտակարգ դրություն մտցվելու համատեքստում:
Հայաստանը հիմա գտնվում է մոտավորապես նման շրջափուլում: Սերժ Սարգսյանը սպառում է, իբրև նախագահ, իր պաշտոնավարման երկրորդ և վերջին շրջանը, ինչը նշանակում է, որ կրկին իշխանությունը կանգնել է իր վերարտադրման հրամայականի առաջ: Այս համատեքստում Մովսես Հակոբյանի հնարավոր տեղափոխումը Հայաստան կլինի սերյանօհանյանական տեղափոխման սցենարի կրկնությունը: Այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում ոչ թե 2018թ. անցկացվելիք նախագահական ընտրությունների նախօրեին, այլ դրանից մոտ երկուսուկես տարի առաջ, տարօրինակ չէ, եթե դա դիտարկում ենք Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Ակնհայտ է, որ այդ փոփոխությունների նախաձեռնման հիմնական շարժառիթը կամ դրանցից մեկը իշխանության համար իր վերարտադրության ապահովումն է: Շատ հավանական է, որ խնդիր է դրվել սահմանադրական ներկայիս փոփոխությունների հայեցակարգի հիմքում ընկած պառլամենտական կառավարման համակարգի անցնելու միջոցով լուծել իշխանության ղեկը Սերժ Սարգսյանի ձեռքերում պահելու մեխանիզմ ստեղծելու հարցը: Գործող նախագահը հայտարարել է, թե պառլամենտական համակարգի անցնելու դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն դա չի նշանակում, թե նա չի հավակնում կամ հավակնելու նաև խորհրդարանի նախագահի պաշտոնին: Ողջ հարցն այն է, թե իրական քաղաքական իշխանության ծանրության կենտրոնը օրենսդիր և գործադիր օղակներից ո՞րի վրա կենտրոնացած կլինի: Եթե իշխանությունը, այնուամենայնիվ, որոշի այն տեղափոխել պառլամենտի վրա, ապա ՀՀԿ-ի ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և մեծամասնություն ձևավորելու միջոցով Սերժ Սարգսյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ՝ այդպիսով արդեն նոր կարգավիճակով շարունակելով լինել իշխանության իրական կրողը: Եվ չնայած այս սցենարի իրականացման դեպքում երկրի նախագահի պաշտոնը սիմվոլիկ բնույթ է ստանալու, սակայն ամեն դեպքում իշխանության համար այն համալրելու խնդիրը լինելու է ոչ երկրորդային:
Դատելով ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի ժողովրդականացման, նրա համար նոր իմիջ ստեղծելու ուղղությամբ իրականացվող հետևողական քարոզչա-տեղեկատվական արշավից` կարելի է ենթադրել, որ վարչակազմը սիմվոլիկ իշխանությամբ օժտված նախագահի կարգավիճակում փորձում է հենց Սեյրան Օհանյանին նախապատրաստել: Եվ պատահական չէ, որ Մովսես Հակոբյանի հնարավոր տեղափոխումը համընկնում է Օհանյանի շուրջ սկսված պրոցեսներին: Այսինքն` նրան Հայաստան բերելու քաղաքական որոշումը, ինչն արդեն, ըստ հավաստի տեղեկությունների, կայացվել է, պետք է համարել Հակոբյանին ՀՀ պաշտպանության նախարար դարձնելու նախերգանք: Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կանգ է առել Հակոբյանի վրա՝ իշխանության վերարտադրության սցենարը հաջողությամբ իրականացնելու համար թիկունքն ապահովագրելու և բանակը այդ ապահովագրության երաշխավոր դարձնելու նկատառումով: Դա պահանջում է ունենալ լիակատար վստահելի մի ֆիգուր, որը միաժամանակ վստահելի է նաև բանակի, սպայակազմի համար և ներգրավված չէ ներիշխանական ինտրիգներում ու խմբավորումներում: Ամենայն հավանականությամբ, խնդիրն այն է, թե ե՞րբ տեղի կունենա այդ տեղափոխումը:
Բանն այն է, որ, չնայած թվացյալ խաղաղությանը, իրականում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը չափազանց լարված է, և հատկապես` ԼՂ ուղղությամբ արդեն հունիսի վերջերից, այսինքն` Ադրբեջանում անցկացվելիք առաջին եվրոպական օլիմպիական խաղերի ավարտից հետո, հնարավոր են նոր ու շատ ավելի վտանգավոր զարգացումներ: Համենան դեպս, դատելով երկու շաբաթ առաջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարություններից, հենց նման տագնապեցնող սպասելիքներ ունի իշխանությունը: Դրան ընդառաջ` նման կադրային տեղաշարժը թվում է անհասկանալի: Ինչպես ասում են՝ ընթացքի ժամանակ ձիերը չեն փոխում: Այսպիսի սպասելիքների պայմաններում նման կտրուկ քայլ անելուց առաջ պետք է ոչ միայն համոզված լինել, որ այն ԼՂՀ-ում պաշտպանական համակարգի կառավարելիության առումով խնդիրներ չի հարուցի, այլ նաև առնվազն չի խաթարի ներքին վստահության մթնոլորտը Հայաստանի ՊՆ-ում, պատերազմական կամ նախապատերազմական իրավիճակում հիմնական «գործող անձի» կարգավիճակ ձեռք բերող ԶՈՒ գլխավոր շտաբում և նրանց շուրջ:
Գևորգ Աղաբաբյան