կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 17:02
Իրավական

Ինչո՞ւ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորին չեն բերում դատարան

Ինչո՞ւ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորին չեն բերում դատարան

Կաշառք ստանալու պահին ձերբակալված, այնուհետև կալանավորված` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանն արդեն 15 օր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է:

Իշխան Բարսեղյանն այսօր գրություն էր ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության (նստավայրը` Շենգավիթ) դատարան՝ հայտնելով, որ վատառողջ է և չի կարող մասնակցել դատավարությանը: Նշենք, որ քաղաքացիական հիվանդանոցում անցած հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ նա կաթված է տարել, գլխում և երիկամի վրա կիստաներ ունի, ինչի պատճառով շարունակական սրտխառնոցներ և գլխապտույտներ է ունենում: Ամբաստանյալը դատարանին հայտնել էր, որ ինքը նպատակ չունի ձգձգելու դատավարությունը:

«Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մի դատավարության, որտեղ իմ վերաբերյալ փաստաթղթեր են ուսումնասիրվելու կամ հարցեր բարձրացվելու, եթե ես կորցնում եմ հավասարակշռությունս, ունեմ սրտխառնոց, գլխապտույտ, իրադրության մեջ ոչ ճիշտ կողմնորոշվելու զգացում»,-  գրության մեջ նշել է կալանավորը:

Նա դատարանին խնդրել էր 20-25 օր ժամկետով հետաձգել դատական նիստը, որպեսզի հասցնի ավարտել իր բուժման կուրսը:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդեց դատարանին՝ հարցում ուղարկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ճշտելու, թե արդյո՞ք Բարսեղյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին, թե՞ ոչ, ինչպես նաև տեղեկություններ ստանալ նրա բուժման ընթացքի վերաբերյալ:

Այսպիսով` դատարանը որոշեց մեկ շաբաթով հետաձգել դատական նիստն ու հարցում ուղարկել ՔԿՀ:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2017թ. հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: