Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ անցկացված «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ եթե կյանքը շերտատելու լինենք, գրեթե չկա մի այնպիսի ոլորտ, որն այս կամ այն կերպ առնչված չլինի անվտանգության հետ, հատկապես՝ հոգևոր անվտանգության:
Ըստ նրա` հոգևոր անվտանգությունը 3 շերտ ունի, առաջինը՝ սոցիալ-տնտեսական վիճակն է, որն իր խորքում հոգևոր բովանդակություն ունի, երկրորդը բարոյական-բարոյագիտական արժեքներն են, որոնք էլ թափանցում են հասարակության մեջ, և բախումներ են տեղի ունենում, իսկ երրորդ շերտը հոգևոր շերտն է:
«Մեր երկրում չլուծված են մնում կրոնական շարժումների հարցերը: Հայ եկեղեցին դեմ չէ որևէ կրոնական շարժման գոյությանը. Առաքելական եկեղեցու առաքելությունը հոգևոր քարոզչության ընդլայնումն է»,- ասաց սրբազանը:
Ըստ նրա` դաշտը կարգավորված չէ, և հոգևոր շարժումներն անկառավարելի իրավիճակ են ստեղծում: Բագրատ սրբազանի համոզմամբ` դաշտում երեք թերություն կա` օրենսդրությունը, վերահսկողության պատշաճ մեխանիզմների բացակայությունը և խոսքի ազատության իրականացման և հոգեորսության սահմանման սահմանագիծը:
«Խոսքի ազատության տակ հոգեորսություն են անում: Այսօր մարդն արժեք չունի, մարդը միայն առևտրի համար է, փողն ու ոսկին են գերիշխում: Հիմա էլ մարդուն վերջնականապես ոչնչացնելու համար հոգևոր դաշտի վրա են աշխատում: Մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ մարդու հոգևոր դաշտն են խարխլում և թուլացնում: Ուստի մեր բոլոր քայլերն ուղղված են լինելու մարդու արժեքի բարձրացմանը»,- ասաց սրբազանը: