Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-26 17:42
Քաղաքական

Պետական պարտքի դինամիկան․ կառուցվածքային փոփոխություններ և աճի իրական պատկերը

Պետական պարտքի դինամիկան․ կառուցվածքային փոփոխություններ և աճի իրական պատկերը

Պետական պարտքը ժամանակակից տնտեսության կարևորագույն ֆինանսական գործիքներից է։ Այն պետություններին հնարավորություն է տալիս ֆինանսավորել բյուջետային պակասուրդը, իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր, հաղթահարել տնտեսական ճգնաժամերը և պահպանել ֆինանսական կայունությունը։ Սակայն պետական պարտքի արդյունավետությունը կախված է ոչ միայն դրա ծավալից, այլև կառուցվածքից, սպասարկման արժեքից և ներգրավված միջոցների օգտագործման ուղղություններից։

Հայաստանի պետական պարտքի պատմությունը սկսվում է 1990-ականների սկզբից՝ անկախությունից անմիջապես հետո։ Խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը, էներգետիկ ճգնաժամը, շրջափակումը և Արցախյան առաջին պատերազմը ստեղծել էին ծանր տնտեսական պայմաններ, որոնցում արտաքին ֆինանսական աջակցությունը դարձավ տնտեսության պահպանման հիմնական միջոցներից մեկը։ Այդ փուլում Հայաստանը սկսեց համագործակցել Միջազգային արժույթի հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ՝ ստանալով առաջին խոշոր վարկերը մակրոտնտեսական կայունացման նպատակով։

2000-ականների առաջին կեսին տնտեսական ակտիվ աճը հնարավորություն տվեց պահպանել պետական պարտքի հարաբերականորեն կայուն մակարդակ։ Սակայն 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո իրավիճակը փոխվեց․ տնտեսության դանդաղումը և հարկաբյուջետային ճնշումները հանգեցրին պետական պարտքի արագ աճին։ Հաջորդ էական շրջադարձային փուլը 2020 թվականն էր, երբ COVID-19 համավարակը և 44-օրյա պատերազմը զգալիորեն մեծացրին պետական ծախսերը՝ խորացնելով պարտքային կախվածությունը։

Վերջին երկու տարիների տվյալները ցույց են տալիս, որ պետական պարտքի աճը շարունակվում է նաև ներկայում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 92 միլիարդ դրամ՝ շուրջ 12.84 միլիարդ ԱՄՆ դոլար։
2025 թվականի ավարտին այն արդեն հասել է 5 տրիլիոն 541 միլիարդ դրամի կամ 14.53 միլիարդ դոլարի։

Թվային առումով մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճել է ավելի քան 448 միլիարդ դրամով։ Սակայն առավել ուշագրավ է պարտքի կառուցվածքային փոփոխությունը։ Եթե նախորդ տարիներին արտաքին պարտքը գերակշռող դիրք ուներ, ապա 2025 թվականի վերջում ներքին պարտքն արդեն գերազանցել է արտաքին պարտքին։

2025 թվականի դեկտեմբերի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 2.68 տրիլիոն դրամ կամ 7.04 միլիարդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 2.85 տրիլիոն դրամ կամ 7.49 միլիարդ դոլար։

Սա նշանակում է, որ կառավարությունը վերջին տարիներին ակտիվորեն մեծացրել է ներքին շուկայից ներգրավվող միջոցների ծավալը՝ պետական պարտատոմսերի թողարկման միջոցով։

Ներքին պարտքի աճը մի քանի կարևոր հետևանք ունի։ Մի կողմից՝ այն նվազեցնում է արտարժութային ռիսկերը, քանի որ դրամային պարտավորությունները փոխարժեքային կտրուկ տատանումների դեպքում ավելի կառավարելի են։ Բացի այդ, ներքին շուկայի ակտիվացումը նպաստում է տեղական ֆինանսական համակարգի զարգացմանը և ներդրումային գործիքների ընդլայնմանը։ Սակայն մյուս կողմից՝ ներքին պարտքի արագ աճը կարող է մեծացնել բանկային համակարգի կախվածությունը պետական արժեթղթերից և սահմանափակել մասնավոր հատվածի վարկավորման հնարավորությունները։

2025 թվականի վերջի տվյալները ցույց են տալիս, որ ներքին պարտքի հիմնական մասը ձևավորվել է պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին։ Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի ծավալը կազմել է 2.57 տրիլիոն դրամ կամ 6.75 միլիարդ դոլար։

Միաժամանակ աճել է նաև արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը, ինչը ցույց է տալիս, որ կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները։

Պարտքի կառուցվածքային փոփոխությունների հետ մեկտեղ 2026 թվականից ուժի մեջ են մտել նաև կարևոր օրենսդրական փոփոխություններ։ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով փոխվել է պետական պարտքի հաշվարկման մեթոդաբանությունը։

Մինչ այդ պետական պարտքի ընդհանուր ցուցանիշի մեջ ներառվում էր նաև ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը։ Նոր կարգավորումներով այն առանձնացվել է պետական պարտքի հիմնական կառուցվածքից։ Այժմ պետական պարտքը ներառում է միայն կառավարության և համայնքների պարտավորությունները, իսկ Կենտրոնական բանկի պարտքը ներկայացվում է առանձին հաշվեկշռով։

Այս փոփոխությունը առաջին հերթին փոխել է պետական պարտքի վիճակագրական պատկերը։ Եթե հին մեթոդաբանությամբ 2025 թվականի վերջում պետական պարտքը կազմել էր 14.53 միլիարդ դոլար, ապա նոր կառուցվածքով 2026 թվականի սկզբնական ցուցանիշը կազմել է 13.9 միլիարդ դոլար։
Սակայն սա իրական պարտքի կրճատում չի նշանակում։ Փոփոխությունը հիմնականում հաշվառման մեթոդաբանության արդյունք է, քանի որ ԿԲ պարտավորությունները պարզապես տեղափոխվել են առանձին կատեգորիա։

Նոր մեթոդաբանությամբ 2026 թվականի փետրվարի 28-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 328.8 միլիարդ դրամ կամ 14.13 միլիարդ դոլար։

Հունվարի համեմատ արձանագրվել է շուրջ 16.8 միլիարդ դրամի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է արտաքին վարկերի և ներքին պարտատոմսերի ծավալների որոշակի կրճատմամբ։

Միևնույն ժամանակ առանձին ներկայացվող ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2026 թվականի փետրվարի դրությամբ կազմել է 182.9 միլիարդ դրամ կամ 485.2 միլիոն դոլար։

Դրա մի մասը՝ շուրջ 23.8 միլիարդ դրամ, կառավարության երաշխիքով տրամադրված վարկեր են, ինչը նշանակում է, որ նույնիսկ առանձին հաշվառվելու դեպքում այդ պարտավորությունները շարունակում են պետական ֆինանսական ռիսկերի համակարգի մաս կազմել։

Առանձին են ներկայացվում նաև կառավարության գործող երաշխիքները։ 2026 թվականի փետրվարի տվյալներով արտաքին երաշխիքները կազմել են 2.5 միլիարդ դրամ, իսկ ներքին երաշխիքները՝ 56.7 միլիարդ դրամ։

Թեև այս ցուցանիշները ներառված չեն պետական պարտքի հիմնական ծավալում, դրանք շարունակում են մնալ պայմանական պարտավորություններ, որոնք ֆինանսական ճգնաժամի դեպքում կարող են վերածվել ուղղակի պետական բեռի։

Պարտքի դինամիկայի վրա շարունակում է ազդել նաև փոխարժեքային գործոնը։ 2025 թվականի վերջում դոլարի փոխարժեքը կազմել է 381.36 դրամ, իսկ 2026 թվականի փետրվարին՝ 377 դրամ։

Դրամի արժևորումը որոշ չափով նվազեցրել է արտարժույթով ձևավորված պարտքի դրամային արտահայտությունը։ Սակայն հաշվի առնելով, որ արտաքին պարտքը դեռ կազմում է ընդհանուր պարտքի գրեթե կեսը, փոխարժեքային ռիսկերը շարունակում են պահպանվել։

Պետական պարտքի ներկայիս կառուցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է աստիճանաբար անցում կատարել արտաքին ֆինանսավորումից դեպի ներքին շուկայի վրա հիմնված պարտքային համակարգ։ Սակայն պարտքի աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ, իսկ պարտքի սպասարկման ծախսերը՝ մեծանալ։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին պետական ֆինանսների կայունությունը մեծապես կախված կլինի ոչ միայն տնտեսական աճից, այլև նրանից, թե որքան արդյունավետ կօգտագործվեն ներգրավված միջոցները և որքան արագ կկարողանա տնտեսությունը ստեղծել բավարար հարկային եկամուտներ՝ պարտքի բեռը սպասարկելու համար։

Սոնա Սարգսյան