|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ մղվող զավթողական հայեցակարգի մասին է, ըստ որի՝ Հայաստանը «հին ադրբեջանական հող է»։ Ալիևը կարող էր չէ՞ նման բան չասել, այլ ասել, որ Խորհրդային Հայաստանում ապրել են X թվով ադրբեջանցիներ (օրինակ՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ 84,860 ադրբեջանցի է ապրել Հայկական ԽՍՀ-ում։ Համեմատության համար ասեմ, որ նույն մարդահամարի տվյալներով Խորհրդային Ադրբեջանում, այդ թվում՝ ԼՂԻՄ-ում, հայերի թիվը կազմել է 390,500), բայց դա չի ասել։ Ասել է՝ «ներկայիս Հայաստանը մեր հողն է», ու դա արել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Հասկանո՞ւմ եք տարբերությունը։
Երբ դուք կիրառում եք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը՝ անգամ իշխանություններին հակազդելու համար, դուք դրանով միայն ադրբեջանական կեղծ «հումանիտար» թեզն եք սնում։ Մի՛ կիրառեք իրենց տերմինաբանությունը, իրոք խնդրում եմ։
Ի՞նչ ասել է «300,000 ադրբեջանցիների վերադարձ», էդքան ադրբեջանցի ե՞րբ է Հայաստանում ապրել, որ դեռ մի բան էլ «վերադառնա»։ Խնդրում եմ՝ մի թեմայի մասին խոսելիս կիրառեք ճիշտ տերմիններ, ասեք, օրինակ՝ Ադրբեջան պետության կողմից առաջ մղվող զավթողական հայեցակարգ, ըստ որի՝ ադրբեջանական հատուկ ջոկատային խմբեր կարող են տեղակայվել Հայաստանում՝ խժդժություններ հրահրելու համար։ Դա լրիվ իրատեսական է։
Հասկացեք՝ էս վտանգավոր զավթողական հայեցակարգը շատ ավելի լուրջ է, քան շատերին թվում է։ Սրա մասին խոսելիս պետք է տերմինները ճիշտ կիրառել։ Հասկանում եմ, որ պրիմիտիվացնելով հարցը՝ հեշտանում է դրա մատուցումը մարդկանց, բայց անգամ այդ ճանապարհին հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միմիայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ, ըստ որի՝ իրենք իբր հարյուր հազարներով այստեղ են ապրել․․․»։