կարևոր
3721 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-18 16:07
Հասարակություն

1620-ամյա այբուբենն ու Վանը

1620-ամյա այբուբենն ու Վանը

Վանի փաստաբանների պալատը, Կրթության և գիտության աշխատողների միության (Eğitim-Sen) Վանի մասնաճյուղը, Լեզվի, մշակույթի և արվեստի հետազոտական ​​կենտրոնը (ARSİSA) և Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) Վանի մասնաճյուղը փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ, կազմակերպել էին պանելային քննարկում՝ «Թուրքիայի մեռած լեզուները» խորագրով։ Այն տեղի ունեցավ Վանի փաստաբանների մպալատի «Թահիր Էլչի» սրահում։ Պանելային քննարկումը վարում էր արաբական համայնքից Մեհմեդ Սենա Սյոնմեզը, որպես բանախոսներ մասնակցում էին «Ակօս»-ի թղթակից և ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուն, քրդագետ Նազիր Օչեքը և մանկավարժ Թուրգայ Դաբաքօղլուն (արաբ)՝ նույնպես արաբական համայնքից: Ստորև ներկայացնում ենք Զաքարյա Միլդանօղլուի ելույթը։

«Բարև, թանկագի՛ն հյուրեր և սիրելի՛ բարեկամներ։ Քանի որ մի քանի ժամ միասին ենք լինելու և զրուցելու ենք մայրենի լեզվի մասին, ցանկացա ողջունել ձեզ իմ մայրենի լեզվով՝ հայերենով։ Երբեք մտքովս չէր անցել, որ մի օր, թեկուզ մի քանի նախադասությամբ, հայերեն կխոսեմ Վան քաղաքի՝ հայերի քաղաքակրթության պատմական կենտրոններից մեկում՝ «Թահիր Էլչի» սրահում։ Վան քաղաքը, այս հողերը, այս մարդիկ ինձ համար օտար չեն, բայց ես դեռ հուզված եմ և շատ զգացմունքային։ Հայերը որոշ ժամանակ է՝ տեսնում են Հրանտ Դինքին՝ Թահիր Էլչիի, իսկ Թահիր Էլչիին՝ Հրանտ Դինքի դեմքով։ Աջ պատին կախած դեմքը դահլիճին դարձրած և անցուդարձին ժպիտով հետևողը Թահի՞րն է, թե՞ Հրանտը։ Մտքումս մեկը գնում, մյուսն է գալիս։ Երկուսին էլ հարգանքով եմ հիշում»։

Այս տողերը հայերեն ելույթիս ամփոփումն են։ Ինչ վերաբերում է իմ թուրքերեն ելույթին՝ Մայր Լեզու և Մայրենի Լեզու։ Մայր լեզվի և մայրենի լեզվի տարբերությունը կարծես վերջում ավելացված -րենի ածանցը լինի: Ո՞րն է այս -րենի ածանցի ուժը, ազդեցությունը և իմաստությունը, որ նրանք, ովքեր օգտագործում են մեկը մյուսի փոխարեն, ենթարկվում են պետության և պաշտոնական կառույցների զայրույթին, մարդիկ մեղադրվում են անջատողականության մեջ և բանտարկվում: Առանց երկար վերլուծությունների և բացատրությունների մեջ մտնելու՝ հասկանալու համար, թե ինչու, կարող ենք դիտարկել այն փաստը, որ Իփեք Աթեշի մայր բանտում որդուն այցելելիս քրդերենի արգելքի պատճառով կարող էր միայն թուրքերեն ասել «ընկեր Աթեշ, ինչպես ես»։ Հայերենում էլ կա նույն ածանցը։ Այնուամենայնիվ սա որևէ խնդիր չի առաջացնում: Այնպես որ, խնդիրը ոչ թե ածանցի մեջ է, այլ՝ պետության մտքում։

Հայերն այս տարածաշրջանում ապրել են ընդարձակ տարածքում, նրանց սահմանները երբեմն ընդարձակվել են, երբեմն՝ նեղացել։ Հիմնվել ու վերացել են տասնյակ արքայատոհմեր, իշխանություններ ու թագավորություններ։ Հայերը հպարտանում են երեք ոսկե ծովերի և լճերի միջև գտնվող Վասպուրականով: Առաջինը Սևանա լիճն է՝ Հայաստանում, երկրորդը՝ Վանա լիճը Թուրքիայում և երրորդը՝ Ուրմիա լիճը Իրանում։ Դրանցից Վանա լիճն ու նրա շրջակայքը միաժամանակ քաղաքակրթության կենտրոն են դարձել։ Թեև դարեր են անցել, սակայն հնագույն ուրարտական ​​քաղաքն ամեն քայլափոխի հիշեցնում է իրեն։

Հայերի Սուրբ Երրորդությունը և Վանը

Անկախ նրանից, թե որ մայրցամաքից, տարածաշրջանից կամ քաղաքից են եղել, հայերը ժամանակի ընթացքում որդեգրել են «եկեղեցի, դպրոց, հրատարակություն» սուրբ երրորդությունը։ Այս եռյակը օսմանյան ժամանակաշրջանում վերածվել է հասարակական կառույցի՝ 1863 թ․ պետության կողմից Հայոց ազգային սահմանադրության հաստատմամբ։ Կուռքերը ոչնչացնելով հեթանոսական՝ շրջանից անցել են և 301 թ․ ընդունել քրիստոնեությունը՝ որպես պաշտոնական պետական ​​կրոն։ Անատոլիայում երեք հազարից ավելի եկեղեցիներ ու վանքեր են կառուցել։ Վանա լիճի շուրջ 90 վանք ու եկեղեցի են կառուցել։ Թեև դրանք ավերվել և թալանվել են, սակայն դրանց մեծ մասի հետքերը դեռ կային։ Վանի վանքերը դարձան նաև հայկական գրչության կենտրոններ։ Այս արտառոց հարուստ ձեռագրերից մի քանիսը, որոնք վերապրել են թալանն ու կողոպուտը, պահպանվել են մինչ մեր օրեր։

Հայոց գրերի գյուտը և շրջադարձային կետը

1620 տարի առաջ՝ 405 թ․, տեղի ունեցավ 38 տառանոց հայոց գրերի գյուտը։ Հայոց գրերի գյուտը տեղի է ունեցել Վանից ոչ հեռու գտնվող Մուշ (Տարոն) բնակավայրում։ Այս այբուբենը առանց որևէ փոփոխության հասել է մինչ մեր օրեր։ Գրերի գյուտով նախ հայերեն թարգմանվեցին Սուրբ գիրքը և բազմաթիվ երկեր։ Այս շրջանը, որը համարվում է հայոց ոսկեդար՝ ճանաչվել է որպես «Թարգմանչաց տոն», որը նշվում է մինչ օրս։

Մեր օրեր են հասել ավելի քան հիսուն հազար ձեռագիր նմուշներ։ «Հայոց պատմությունը», որը հայտնի է որպես աշխարհի պատմիչների ձեռքի տակի աղբյուր, գրել է Մովսես Խորենացին՝ Հայ Հերոդոտոսը։ Տասնյակ հայ պատմիչներ լուսաբանել են տարբեր ժամանակաշրջաններ և ստեղծել հետազոտողների համար արտառոց կորպուս։

Հրատարակչության յուրացումը, երկու հազար դպրոց

Հայոց գրերի գյուտի և տպագրության գյուտի միջև կա մոտավորապես հազար տարվա ժամանակաշրջան։ Հայերն անմիջապես ընդունեցին այս հայտնագործությունը և 1512 թ․ հրատարակեցին առաջին հայերեն գիրքը։ 1794-ին տպագրվել է առաջին հայերեն թերթը։ Անատոլիայի տարբեր բնակավայրերում հրատարակվեցին մոտ յոթ հարյուր թերթեր, ամսագրեր և հազարավոր գրքեր՝ տարբեր թեմաներով։ Հայերը սովորեցին նաև իրենց հարևանների լեզուները և այդ լեզուներով հրատարակչական գործունեությամբ զբաղվեցին։ Նրանց նաեւ հայերեն են սովորեցրել։ Նրանց համար տառեր են ստեղծել: Մինչեւ 1915 թ․ (Հայոց ցեղասպանությունը-Ակունքի խմբ․) Անատոլիայի չորս կողմում նրանք բացել էին ավելի քան երկու հազար դպրոց, որտեղ կրթություն էին ստանում ավելի քան երկու հարյուր հազար աշակերտ, և ուսուցիչներ պատրաստելու դպրոցներ: Հայ ուսուցիչների պատրաստման դպրոցներից մեկն էլ Վանում էր գտնվում։ Դպրոցների համար հայերեն, հայատառ քրդերեն, հայատառ թուրքերեն դասագրքեր էին հրատարակվում։

Վանում լույս է տեսել 25 հայերեն թերթ

Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ժողովրդի ներկայացուցիչների ելույթների ժամանակ խոսափողներն անջատվում են։ Մոռացվել է, որ մայրենի լեզուների ամբողջությունը մարդկության ընդհանուր հիշողությունն է։ Սակայն այս հիշողությունն ամեն պահ հիշեցնում է իր մասին։

Այսօրվա Պաշտոնական տեղեկագիրը «Takvîm-i Vekâyi» թերթի շարունակությունն է, որը սկսել է հրատարակվել Օսմանյան կայսրությունում՝ 1831 թվից։ Բայց մի տարբերությամբ։ «Takvîm-i Vekâyi»-ն թուրքերենից բացի հրատարակվել է նաև այլ լեզուներով, այսինքն՝ արաբերեն, հայերեն, պարսկերեն, ֆրանսերեն և հունարեն։ Նույնը վերաբերում էր գավառական թերթերին։ Բացի այդ, այս թերթերի հայերեն տարբերակում որոշ համարներ տպագրվում էին նաև հայատառ թուրքերեն։

Մինչև 1915 թ․ Անատոլիայի տարածաշրջանում կար 47 հայատառ թուրքերեն պարբերական, որոնցից մի քանիսը երկար ժամանակ տպագրվում էին և ազդեցիկ էին։ 1851 թ․ լույս տեսած «Ագապի պատմությունը», որը որոշ աղբյուրներում համարվում է առաջին թուրքական վեպը, հրատարակվել է հայատառ թուրքերենով։ Օրինակները կարելի է շարունակել։

1858-1914 թթ․ Վանում լույս է տեսել 25 հայերեն թերթ։ Մկրտիչ Խրիմյանի՝ Հայրիկի՝ «Արծվի Վասպուրականի» թերթը և նրա տպարանը, որը սկսել էր հրատարակել Ստամբուլում, ջորուն բարձած տարվեց Վարագավանք։ Սա 25 թերթերից ամենաազդեցիկն էր, որը լույս էր սփռում ժամանակաշրջանի պատմության վրա։

1873 թ․ հայերեն հրատարակեց «Մրմունջք» պիեսը՝ մեկ գործողությամբ դրամա, իսկ 1883 թ․ հայերենով հրատարակվեց «Հայրենիքի մասին տեղեկություններ դպրոցական երեխաների համար» գիրքը, որը ներառում էր Վանի ամրոցի հատակագիծը, Քալեալթը և Բահչելեր թաղամասերն ու կարևոր շինությունները։ «Ծովակը»՝ Վանի հայկական հրատարակություններից մեկը, հրատարակվել է Վանի Գևաշի (Ոստան-Ակունքի խմբ․«Ծովակ» մշակութային միության կողմից՝ 1908-1909 թթ․։ 12-րդ համարի խմբագրականի վերնագիրն էր՝ «Մայիսի մեկ՝ սուրբ աշխատանքի և համերաշխության միակ օրը»։

«Լույս»-ը հրատարակվել է որպես Վանի Հայկական Բարեգործական Միության հրատարակություն 1913-1914 թթ․։ «Վան Տոսպը» հրատարակվել է որպես Ռամկավար կուսակցության օրգան՝ Վանում 1911-1914 թթ․, Թբիլիսիում 1915-1918 թթ, և Երևանում 1919 թ․։

«Արմենիա» թերթն սկսեց հրատարակվել Վանում 1885 թ․, բայց անմիջապես փակվեց և դարձավ Ռամկավար կուսակցության (հեղինակը սխալվում է, քանի որ այս թերթը Արմենական կուսակցության օրգանն է եղել-Ակունքի խմբ․) կարևորագույն օրգանը՝ շարունակելով իր հրատարակությունը Մարսելում։ Վանեցի հայերի այլ թերթերից ու ամսագրերից էին «Աշխատանքը», «Նոր սերունդը», «Վտակը»: Վանեցի հայերն իրենց պատմությունն ու մշակույթը տանում էին այնտեղ, ուր գնում էին: Նրանք, ովքեր հաստատվել էին Ամերիկայում, Նյու Յորքում հիմնեցին «Բոլոր վասպուրականցիների հայրենակցական միությունը»-ը և 1953-1988 թթ․ հրատարակեցին «Վարագ» ամսագիրը, որը պարունակում է պատմական տեղեկություններ, փաստաթղթեր և լուսանկարներ:

Textbook for children, illustrated

Հայատառ կուրմանջի հրատարակություններ

Վանը նաև այն շրջանն է, որտեղ ծաղկում և բարգավաճում էր քուրդ ժողովուրդը:  Այն ժամանակ Վանի հայերը, թեև ոչ այնքան, որքան քրդերը, բայց փողոցներում ու շուկայում հայերենից բացի կուրմանջի էին խոսում։

Տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով, անգամ բռնությամբ, հայերի մի մասն ընդունել է մահմեդականություն և քրդություն: 1915 թ․ սպանված հայ մտավորական Լևոն Լարենցը 1911 թ․ հայերեն է թարգմանել Ղուրանը` մահմեդականների սուրբ գիրքը և հրատարակել։ Հայատառ թուրքերեն կրոնական, կրթական, պատմական և մշակութային հրատարակությունների մի ամբողջ շարք հաջորդում էր իրար։

Լույս էին տենում ոչ միայն հայատառ թուրքերեն, այլև հայատառ կուրմանջի կրոնական և կրթական հրատարակություններ։

1860 թ․ հայ մանուկներին քրդերեն կրթություն տալու նպատակով հայերեն և հայատառ կուրմանջի հրատարակվել է “Այբբենարան քուրդերեն և հայերեն” գիրքը։

1868-ին Նյու Յորքում հայերեն և հայատառ կուրմանջիով հրատարակվել է “Դասագիրք-ե կուրմանջի”՝ կուրմանջիի դասագիրքը: 1880 թ․ Խարբերդի քոլեջում լույս է տեսել «Երգարան բը կուրմանջի»՝ կուրմանջի շարականների գիրքը։ Վերջերս՝ 1934 թ․, Հալեպի քոլեջի տպարանում լույս է տեսել «Երգ ու շարական բը կուրմանջի»՝ հայատառ կուրմանջի երգեր և շարականներ՝ քրդախոս քրիստոնյաների համար։

Մայրենին և Խրիմյան Հայրիկը

Դիարբեքիրից արձակագիր Մկրտիչ Մարկոսյանը ճեմարանում դարձավ իմ հայերենի ուսուցիչն ու Սուրբ Խաչ դպրոցի տնօրենը։ Նա նաև գիտեր և խոսում էր քրդերեն։ Երբ մայրենի լեզվի մասին ելույթս էին գրում, հանդիպեցի Խրիմյան Հայրիկի մասին նրա գրածին։ Իմ ելույթում ունկնդիրներրին նրա գրածը այսպես փոխանցեցի․ «Մի օր մի խումբ քրդեր հայտնվեցին Հայրիկի մոտ և հայտարարեցին, որ ցանկանում են քրիստոնյա դառնալ՝ սովից փրկվելու համար։ Խրիմյան Հայրիկը մի պահ լուռ մնալով նրանց ցանկության առաջ՝ այսպես պատասխանեց. «Այսուհետ կանեմ անհրաժեշտ ​​ամենը, որ քրդերը օգտվեն հացից և դրամական օգնությունից, որը տրամադրվում է մեր «Սովի դեմ պայքարի հանձնաժողովի» կողմից, այս մասով հանգիստ եղեք: Եվ, իհարկե, չեմ ընդունում քրիստոնյա դառնալու ձեր առաջարկը, որովհետև հիմա սովի պատճառով եք այդպես վարվում, ոչ թե ձեր սրտի կանչով: Այնուամենայնիվ, խորհուրդս ձեզ սա է՝ երբ անցնեն այս վատ օրերը, սիրեք ձեր հողը, ագարակը, մահակը, գութանը, հաց կերեք ձեր քրտինքով և օրինական վաստակով, ապրեք եղբայրաբար հարևան ժողովուրդների հետ և երբեք մի մոռացեք, որ այս սարսափելի սովը արյունահեղության և բռնակալության արդյունք է, իսկ հիմա ապահով գնացեք և արեք այն, ինչ ասում եմ»։

https://www.agos.com.tr/tr/yazi/29935/1620-yillik-bir-alfabe-ve-van

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net