Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ արեց, որ նախօրեին Արտաշատում իր խնամու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը լինի ոչ թե քաղաքական վերնախավի կողքին, այլ դրա ստվերում, ավելի ճիշտ՝ հետնամասում: Դա լիարժեք արտահայտում է իրերի այն դրությունը, որում հայտնվել է Ծառուկյանը:
Դժվար է ասել՝ ի՞նչն էր Ծառուկյանին ավելի շատ դրդել մասնակցել այդ արարողությանը` վարչապետի հետ ունեցած խնամիական կա՞պը, քաղաքական վերնախավից հետ չմնալու, դրանից չօտարվելու ձգտո՞ւմը, թե՞ բարոյական պարտավորվածությունն առ այն, որ նույն էլիտան ժամանակին մասնակցում էր իր կառուցած օբյեկտների` հյուրանոցի, եկեղեցու բացմանը, և իր չմասնակցելն, այս իմաստով, գեղեցիկ չէր համարվի: Պարտավորվածություն, որ մեզանում ավելի շատ դրսևորվում է թաղման արարողություններին:
Բայց, անկախ պատճառներից, Ծառուկյանն իր գործողություններով հիշեցնում է մարդու, ով, չունենալով իրեն պարտադրված խաղի կանոններից խուսափելու տարբերակ, դրան իր համակերպումը բացատրում է` ստեղծված վիճակի համար ուրիշներին մեղադրելով, փորձելով այդ կերպ թաքցնել խաղի պարտադրված կանոններին իր կամավոր հնազանդվելու հանգամանքը:
Արտաշատում եկեղեցու բացման ժամանակ, օրինակ, Ծառուկյանը, ակնհայտորեն չկարողանալով զսպել շրջապատի հանդեպ ներսում կուտակված այդ մաղձը թափելու ցանկությունը, նախ կրկնել է, թե ինքը իշխանափոխությամբ երկիր շենացնելու խոստումը չի կատարել արյունահեղությունից խուսափելու համար, հետո իրեն հարց ուղղած` 1in.am-ի լրագրողին և «նրա նմաններին» մեղադրել քաղաքականությունից իր դուրս գալու համար, վերջում էլ հայտարարել, թե` թող «կարկառուն գործիչները» գնան հիմա «իրենց» երկիրը կառուցեն:
Ումի՞ց է խռովել Ծառուկյանը: Այն մարդկանցից, ովքեր, հավատալով ամեն ինչ կորցնելուն պատրաստ լինելու և մինչև վերջ գնալու իր հավաստիացումներին, պատրաստ էին նրա հետևից գնալ մինչև վե՞րջ, թե՞ սեփական կուսակցությունից, որից իր կամքով ու նախաձեռնությամբ հրաժարվեց, ինչպես ավելորդ բեռից: Գուցե նա խռովել է իշխանությունների՞ց կամ այդ «կարկառուն գործիչ» կոչվածների՞ց, որոնք ոչ միայն իրեն անձնական նվաստացումների ենթարկեցին, կատարեցին, իբրև քաղաքական գործոն, իրեն ոչնչացնելու խոստումը, այլև, ԱԺ-ում մանդատից զրկելու և բիզնես-օբյեկտները ստուգելու գործընթացներ սանձազերծելով, իրեն տնտեսական և քաղաքական հետապնդումների օբյեկտ դարձրին: Բայց չէ՞ որ Ծառուկյանն ինքն առանց պայքարի, մի գիշերվա մեջ ընդունեց նրանց թելադրած կապիտուլյացիայի պայմանները և մինչև հիմա հավատարմորեն շարունակում է գործել այդ պայմաններով: Հենց ինքն այդ «կարկառուն գործիչների» հետ իր պոտենցիալ ընտրազանգվածի, իր անձի շուրջ կոնսոլիդացվող քաղաքական ուժերի թիկունքում մտավ սեպարատ գործարքի մեջ՝ հանուն բիզնեսում նախկին մեթոդներով աշխատելու` ունեցած քվոտաների պահպանման:
Ծառուկյանն, իհարկե, ստեղծված քաղաքական պայմանների, նաև իշխանության պատանդն է, որից ակնհայտորեն չեն ուզում հրաժարվել, կամ որի քաղաքական գործոնը չեն ուզում մինչև վերջ ճզմել: Նրա խնամու որդուն Աբովյանի քաղաքապետից դարձնում են Կոտայքի մարզպետ, ստեղծած կուսակցությունը պահում են նրա մյուս խնամու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամատարության ներքո, Ծառուկյանին, թեկուզ ապաքաղաքական իմիջով, փաստացի պահում են քաղաքական էլիտայի հետնախորշերում՝ չթաքցնելով, փաստորեն, որ ոչ թե ոչնչացնում են Ծառուկյան գործոնը, այլ պարզապես կոնսերվացնում են այն` ձեռքի հետ օգտագործելով նաև հիմա: Եվ դա տրամաբանական է. ինչո՞ւ ոչնչացնել, եթե Ծառուկյանի ստեղծած համակարգը հնարավորություն է տալիս բազմաթիվ աշխատատեղեր պահելու, բյուջետային մուտքեր ապահովելու, սպորտային համակարգի պահպանման հիմնական ծախսերը հոգալու և այլն, այսինքն` տրված քվոտաների դիմաց նաև հնարավորինս «կթելու» նրան:
Բայց սա ավելի շատ կամավոր պատանդի կարգավիճակ է, քանի որ Ծառուկյանն առանձնապես դեմ չէ թե’ կոնսերվացված լինելուն, թե’ էլիտայի հետնախորշերում ապաքաղաքական իր իմիջով ինքնադրսևորվելուն և թե’ «կթվելուն»: Միայն կամավոր պատանդի կարգավիճակը կարող էր թույլ տալ, մի կողմից, «կարկառուն գործիչներին» մեղադրել իշխանությունը պահելու համար արյունահեղության գնալու պատրաստվածության մեջ, իսկ մյուս կողմից` այդ նույն «կարկառուն գործիչներին» սոլիդարություն հայտնել` նրանց հետ կողք կողքի միջոցառումների մասնակցելով, լուսանկարվելով, դեմքի դժկամ արտահայտությամբ ձեռքի հետ մատնելով պատանդի կարգավիճակում լինելու հանգամանքը: Կարևորն այն է, որ թե’ իշխանությունը և թե’ Ծառուկյանն` ինքը, համարում են, որ, ապաքաղաքական տարր լինելու առումով, վերջինիս «փաստաթղթերի հետ» արդեն ամեն ինչ կարգին է:
Մի հարցում, սակայն, Ծառուկյանը լրիվ անկեղծ է` այս երկիրն իրենը չհամարելը, որի մասին խռոված խոսում էր լրագրողի հարցերին թերևս անկեղծ պատասխանելիս: Միայն այս մտածողությունն ունեցողը կարող է երկրի վիճակի լավացմանը նպաստելու պատրաստակամությունը կապել իրեն նախագահ դառնալ-չդառնալու արտոնություն շնորհելու, հետո այդ շնորհին չարժանանալու հետ, սեփական ձախողումների, անձնական ու կամային թուլությունների համար մեղադրել հասարակությանը և խռովել նրանից: Եվ դա մի պարագայում, երբ նախագահ դառնալ-չդառնալը, երկրի զարգացմանը նպաստել-չնպաստելը ոչ թե շնորհ անելու խնդիր է, այլ քաղաքական կամքի և վճռականության դրսևորման: Պարզվեց, որ Ծառուկյանը պատրաստ չէ զոհողությունների, ինչում փորձում էր հավաստիացնել հասարակությանը: Նա ունեցվածքը, բիզնեսը, իհարկե, չկորցրեց: Բայց իր ուժերից վեր ծանրաձող բարձրացնելու անհաշվենկատ փորձի պատճառով կորցրեց ավելի կարևոր, արժեքով բան` խոսքի նշանակությունը, իր նկատմամբ հավատը (թեև դեռ հարց է՝ Ծառուկյանի կամ այդ կատեգորիայի գործիչների համար սրանցից որն է իրական արժեք):
Գևորգ Աղաբաբյան