Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրազիլիայի Դաշնային սենատը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչպես հայտարարել էին Հայաստանի պատկան մարմինները, և ինչպես այդ սխալ տեղեկությունը բազմաթիվ լեզուներով տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ: Yerkir.am-ի հետ զրույցում Բրազիլիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գևորգ Զատիկյանը տեղեկացրեց, որ խոսքը միայն Բրազիլիայի ընկերակցության և ցավակցության մասին է, և նման բանաձևի ընդունումը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց, որն այս պարագայում չկա:
«Մենք առաջին փուլում ենք, ի՞նչ ընդունման մասին է խոսքը: Ես չգիտեմ` ինչպե՞ս այս լուրը տարածվեց: Մենք բավականին աշխատանք ենք արել՝ մեր քույր ընկերությունները և Հայ Դատի գրասենյակները: Ամոթ է, որ լուրը սխալ ձևով տարածվեց»,- ասաց Զատիկյանը: Նա տեղեկացրեց, որ Բրազիլիայի Սենատի երկու սենատորներ` Ժոզե Խիերերան և Ալուիս Ռոնուիսը, դիմում եմ ներակայացրել Սենատին, որ ընդունեն բանաձև` ընկերակցության և ցավակցության մասին, իսկ եթե Սենատն ընդունի, իրենք արդեն կարող են կազմակերպել օրենքի ընդունումը: «Երբ օրենքը պատրաստ լինի, երկու անգամ Սենատի քվերակությանը պետք է դրվի, սրանից հետո պետք է գնա արտաքին գործերի նախարարություն: Դրանից հետո պետք է գնա երկրի նախագահի մոտ, որ նա ստորագրի օրենքը, և միայն դրանից հետո արդեն օրենքը կարող է ուժի մեջ մտնել»,- պարզաբանեց Զատիկյանը: Yerkir.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ` այս առնչությամբ պարզաբանում ստանալու նկատառումով: Բալայանը, լսելով մեր հարցը, անմիջապես ասաց, որ ինչ նշված է ԱԳՆ պաշտոնական կայքում, մնում է ուժի մեջ: «Մենք որևէ բան չենք փոխելու»,- ասաց նա:
Իսկ ԱԳՆ-ի կայքում գրված է. «ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»:
ԱԳՆ-ի նման պահվածքն անհասկանալի է: