կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 16:56
Առանց Կատեգորիա

Հայկական բանակն ընդունո՞ւմ է պատերազմի մարտահրավերը

Հայկական բանակն ընդունո՞ւմ է պատերազմի մարտահրավերը

ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած արկակոծության հետևանքով հայկական բանակը մարդկային կորուստներ ունեցավ: Բեկորային վնասվածքներից զոհվեց 4 զինծառայող, 16-ը վիրավորվեցին: Նման ծանր կորուստներն արձանագրվել են հրթիռահրետանային TR 107 կայանքներով զորամասերից մեկի պահպանության տեղամասի արկակոծման հետևանքով: Զոհերի և վիրավորների աննախադեպ քանակից դատելով պարզ էր, որ արկերն ընկել են ոչ թե դիրքերի վրա, որոնք զգալիորեն պաշտպանված են, այլ թիկունքում գտնվող զորամասի կամ դրա առանձին ստորաբաժանման վրա, ինչին հրամանատարական կազմը և զինծառայողները չեն սպասել և պատրաստ չեն եղել:

Ավելի ուշ ՀՀ նախագահի խոսքերից պարզ դարձավ, որ հենց այդպես էլ եղել է: Հրադադարի կնքումից հետո 21 տարվա ընթացքում առաջին անգամ հակառակորդը կիրառել է նաև 122մմ Դ-30 (հաուբից) տիպի հրետանային համակարգ: Այսպիսով ադրբեջանական կողմն անցել է մի հոգեբանական սահմանագիծ, որը ռազմական փորձագետների գնահատմամբ նշանակում է անցում իրական պատերազմական վիճակի: Փաստացի դրան պակասում է միայն տանկերի մասսայական կիառումը: Ըստ ամենայնի տեսնելով, որ հայկական դիրքերի շարունակական գնդակոծումն ու հրետակոծումը վնասի իմաստով չի տալիս ցանկալի արդյունք, փոխարենը հայկական ուժերի պատասխան գործողություններից զգալի կորուստներ են ունենում, Ադրբեջանը դիմել է անակնկալի բերելու մարտավարության և հարվածներն ուղղել թիկունքային այն օբեյկտներին, որոնք համարվել են առաջնային ռիսկի գոտուց դուրս: Բայց դա ոչ թե իրավիճակը լրջացնելու պատճառն է, այլ, կարելի է ասել, հետևանքը: Իրական առաջին պատճառը հայկական կողմին պատերազմի, առնվազն լայնամասշտաբ գործողությունների մեջ ներքաշելն է, կարգավորման գործընթացը վերջնականապես բանակցություններից տեղափոխելով ռազմաճակատ: Երկրորդ պատճառը բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անզորությունը հիմնավորելն է՝ տապալելու բուն բանակցային գործընթացը և այն տեղափոխելու նոր ֆորմատ, գուցե՝ առանձին վերցրած երկրների՝ Ռուսաստանի և կամ Թուրքիայի բացառիկ իրավասության գոտի:

Իսկ այս ամենի վերջնանպատակը նոր ստատուս քվոյի հաստատումն է՝ չի կարելի բացառել՝ ներկայիս ԼՂՀ-ի մասը համարվող որոշ տարածքներ ետ վերադարձնելուց հետո խաղաղապահ ուժերի տեղակայման հիմքեր ստեղծելը: Ռազմական գործողությունների մասշտաբներն ընդլայնելու Ադրբեջանի մարտավարությունն անակնկալ չէ: Դեռ նախորդ տարի նոյեմբերին ադրբերջանական հակաօդային ուժերի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց հետո, երբ Բաքուն թույլ չէր տալիս չեզոք գոտուց հանել օդաչուների դիակները, պարզ էր, նպատակը հայկական կողմին մասշտաբային գործողության դիմելուն սադրելն էր: Հետո Բաքուն անցավ դիվերսիոն հարձակումներին, ապա աստիճանաբար սկսեց կիրառել ավելի ու ավելի մեծ տրամաչափի և ավելի մեծ հեռահարության զինատեսակներ, իսկ վերջին շրջանում թիրախ դարձրեց արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը՝ պատճառաբանելով, թե նպատակը բնակավայրերում իբր տեղակայված ռազմական նշանակության շարժական և անշարժ օբյեկտներին հարվածելն է: Այսինքն չնայած մեկ տարի շարունակ Բաքուն հետևողականորեն հայկական կողմի վզին է փաթաթում իրական պատերազմը, Վաշինգտոնում ու Բրյուսելում համառորեն հրաժարվում են դրան հավատալ՝ այդպիսով ավելի ազատելով Բաքվի ձեռքերը: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների ընթացքում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լուռ հայացքի ներքո Բաքուն խոցում է սահմանագծից բավականաչափ հեռու գտնվող զորամիավորումները:

Մինչդեռ չնայած այս ակնհայտ միտումներին, հայկական կողմը, զգալով հանդերձ վճռական գործողությունների անցնելու անհրաժեշտությունը, շարունակում էր ընդգծված զգուշավորություն պահպանել: ՀՀ ՊՆ-ն այսօր աննախադեպ կոշտ մի հայտարարությամբ է հանդես եկել, որով մի կողմից միջազգային հանրությանը մեղադրում է ակնհայտ իրողությունները խեղաթյուրելով «անհասցե քննադատություն եւ մտահոգություններ» հնչեցնելով բավարարվելու համար, իսկ մյուս կողմից տեղյակ է պահում, որ «հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով» այսուհետ օգտագործելու է հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` «մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը »: Տպավորությունն այնպիսին է, որ հայկական բանակն ընդունում է Ադրբեջանի մարտահրավերը և անցնելու է իրավիճակ փոխելու հստակ մարտավարության: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին ունեցած ելույթում խոսել է ընդամենը պատժիչ գործողությունների դիմելու մասին: Թեև դրանում որոշակի սպառնալիքի ելևէջներ առկա էին, բայց նաև ակնհայտ է, որ Հայաստանը շարունակելու է հիմնականում «համարժեք» պատասխանող դերում հանդես գալ: Ընդ որում՝ որևէ նախանշան չկա, որ գոնե այդ պարագայում առաջին պլանում հայկական դիվանագիտությունն է սկսելու ավելի նախաձեռնող ու ագրեսիվ լինել:

Այդ նախանշանները պետք է դեռ Նյու Յորքում տար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, սակայն, անգամ թիկունքում 4 զինծառայողի մահվան մասին լուրն իմանալուց հետո Ադրբեջանի արտգործնախարարի և բերանները ջուր առած ՄԽ համանախագահների հետ շարունակել է բանակցել՝ անհասկանալի է ինչի շուրջ: Բանն այն է, որ եթե ՀՀ ՊՆ-ն հանդես է գալիս նման կոշտ հայտարարություններով, հակառակորդին պատժելու զգուշացմամբ, նշանակում է՝ Նյու Յորքում ոչ մի հարցի շուրջ, ընդհուպ միջադեպերի հետաքննության և վստահության վերականգնման մեխանիզմների ստեղծման, համաձայնության հանգել կողմերին չի հաջողվել: Միակ տրամաբանական որոշումն այդ դեպքում, թերևս, պետք է լիներ հրադադարի ռեժիմը խախտելու և մարդկային կորուստների հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվությունն ամրագրելու համար միջնորդներին վերջնագիր ներկայացնելը: Բայց անգամ այսքանն անելու համարձակությունը չի դրսևորվել:

Գևորգ Դարբինյան