կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-28 14:28
Քաղաքական

Ուշ, թե շուտ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները կարգավորելու են. Թևան Պողոսյան

Ուշ, թե շուտ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները կարգավորելու են. Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկած ուղերձին, որում նա ներողություն էր խնդրել խոցված ՍՈւ-24-ի համար: Պողոսյանի խոսքով՝ երբ դեպքը տեղի ունեցավ` ինքնաթիռը խոցվեց, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները սկսեցին սրվել, ինքն առաջին օրվանից էլ ասել է, որ երկրների մեջ չկան հավերժ սիրային, բարեկամական, եղբայրական հարաբերություններ:

«Ուշ, թե շուտ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները կարգավորելու են: Մենք այնքան խելոք պետք է լինենք, որ այս անգամ մեր վարած քաղաքականությունն այնպիսին լինի, որ թույլ չտանք՝ այդ հարաբերությունների կարգավորումը լինի մեր հաշվին: Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան ու Ռուսաստանն իրար հետ հարյուր պատերազմ են ունեցել: Մեկի դեպքում Թուրքիան հաղթել է, իսկ մնացածների դեպքում պարտվել է: Հետագայում միշտ էլ այնպես է եղել, որ իրենք, իրենց շահերից ելնելով, հարաբերությունները կարգավորել են, և դա եղել է կա'մ մեր հաշվին, կա'մ որևէ այլ մեկի»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ մեր հասարակության մեջ պետք է արմատավորվի այն գաղափարը, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լավացումը չի կարող լինել Հայաստանի հաշվին:

«ՀՀ քաղաքացիների ընկալումների մեջ պետք է ձևավորվեն այն խնդիրները, թե որոնք են մեր շահերը, ինչ է մեզ իրականում պետք: Մեզ համար շատ կարևոր է ունենալ հզոր բանակ և որակյալ տնտեսություն, որի հիմքի վրա ժողովրդավարական երկիր պետք է կառուցվի»,- ասաց նա՝ հավելելով, որ կա այնպիսի մոտեցում, ըստ որի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունների հաստատումը կարող է լինել Հայաստանի միջոցով, ու մենք այնքան չենք զարգացել, այնպիսի իմունիտետ չունենք և մտածում ենք, որ երկու այլ երկրների հարաբերությունների վարումը կարող է մեր հաշվին լինել:

«Իրականում հենց այդպես է, ու մենք խնդրի արմատական լուծման պետք է գնանք: Իսկ ինչո՞ւ է այդպես, քանի որ սպասել ենք, որ կգա մեր տեղը մեկը, և մեր հարցերը կլուծվեն: Մեզ համար լավագույնը պետք է լինի հայը: Ինչքան էլ ասեն, որ պետք չէ վստահել հայ հրամանատարին, իրականում հենց հայ հրամանատարին է պետք վստահել»,- ասաց Թևան Պողոսյանը: