կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 14:07
Տնտեսական

Ի՞նչը չի բավարարում ամերիկյան կողմին

Ի՞նչը չի բավարարում ամերիկյան կողմին

Տեւական ժամանակ է` պատկան մարմինները, խոսելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի վաճառքի մասին, վստահեցնում են, որ այն ավարտական փուլում է:

 

Դեռ մարտ ամսին Yerkir.am-ի հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ հայկական և ամերիկյան կողմերը եկել են ընդհանուր համաձայնության, գործարքը ստորագրման փուլում է, բոլոր տեխնիկական հարցերը քննարկվել են, և հայկական կողմը սպասում է ամերիկյան ընկերության արձագանքին: Իսկ երկու շաբաթ առաջ իր ասուլիսում, կրկին պատասխանելով մեր հարցին, նա ասաց. «Արդեն տեղ ենք հասել: Հանվել են բոլոր այն տարաձայնությունները, որոնք եղել են նախնական պայմանագրում: Վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է ամերիկյան կողմին: Հույս ունենք` մեկ- երկու շաբաթվա ընթացքում կստորագրվի: Բոլոր վիճահարույց հարցերը հանվել են, պայմանները մեզ ձեռնտու են, եթե մեզ ձեռնտու չլինեին` ուղիղ մեկ տարի լրացուցիչ քննարկումներ չէին լինի»:

 

Բայց ժամանակն անցնում է, եւ ոչ մի նորություն: Yerkir.am-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել նախարարություն` պարզելու, թե, ի վերջո, ո՞ր փուլում են «Որոտանի ՀԷԿՀ»-ի օտարման գործարքի շուրջ տարվող բանակցությունները: Կան տեղեկություններ, որ գործարքում եղել են թերություններ: Որո՞նք են դրանք, դրանցից որո՞նք են վերացվել, որոնք` ոչ:

 

Պատասխանը հետեւյալն է. «Ձեր գրությամբ բարձրացված հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի (այսուհետև` ընկերություն) գույքի առուվաճառքի գործարքի վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության «Գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N 1496-Ա որոշումը (ՀՀ կառավարության 19.02.2015թ N180-Ա և 22.04.2015թ N 430-Ա որոշումների խմբագրությամբ), սակայն դեռևս գույքի առուվաճառքի վերջնական (փոփոխություններով) պայմանագիրը չի ստորագրվել:

 

Հաշվի առնելով ՀՀ գործող օրենսդրությունը` «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացվել են պետական հատուկ նշանակության ջրային համակարգերը և դրանք, համաձայնեցնելով գնորդի հետ, իրեն են տրամադրվել կառուցապատման իրավունքներով»: