կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 14:57
Առանց Կատեգորիա

"Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը` սխալ"

"Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը`  սխալ"

Փողոցում մեկը ծեծել էր իմ ընկերոջը: Ոստիկանություն բերման ենթարկված ծեծողին ընկերս առերեսման ժամանակ ասել էր. «Ես քեզ չեմ ների քո երկրորդ հարվածը»: Պարզվեց երկրորդ հարվածն ընկերս ստացել էր առաջինից 5 վայրկյան հետո: Մնացած հարվածներն արդեն եղել են անկանոն: Դրանցից ոչ մեկին ընկերս չի պատասխանել: Ծեծողի ադրենալինը բարձրացել էր պատասխան հարվածի բացակայությունից: Չպատասխանողներին այսօր ասում են «լոխ»:     Կամյուի «Օտարը» վիպակի հերոսը` Մերսյեն, իրեն հետապնդող արաբի վրա արձակում է մի քանի կրակոց: Դատարանի ուշադրությունը միայն առաջին եւ երկրորդ կրակոցների արանքում ընկած 5-10 վայրկյան դադարի վրա է: Ի վերջո պարզվում է, որ այդ տեւական արանքի պատասխանը նա չունի: ՙԻնչու՞ ես սպանել՚,-հարցնում է դատարանը: ՙԱրեւի պատճառով՚,-ասում է Մերսյեն: Արեւի պատճառով: Այսինքն, մի փորձեք տրամաբանություն գտնել: Եթե տրամաբանություն լիներ, սպանությունը չէր լինի: Տրամաբանության եւ ատրճանակի արանքում կա արեւ, կա անապատ, կա ձեռք, կա ոտք, կա ձգան, կա փամփուշտ, կա գլուխ, կան աչքեր, բայց մարդը չկա:

 

Ամբողջ աշխարհն «ըմբոշխնում» է Լիբիայի բռնապետ Մուամմար Քադդաֆիի սպանության կադրերն ու դիակի լուսանկարները: Քադդաֆին ոչնչով լավը կամ վատը չէր մնացած բռնապետերից` մեռած ու դեռ կենդանի: Նա սպանել է եւ էլի կսպաներ, եթե շարունակեր ղեկավարել: Ես չեմ հասկանում ժողովրդական տոնախմբությունը դիակի վրա, բայց ավելին չեմ ասի այդ մասին: Ես չեմ հասկանում, երբ նրա սպանությունը ողջունում են քրիստոնեական երկրների ղեկավարները: Ոչ մի իրապես անմեղ մարդ չէր ողջունի ոչ մի իրապես մեղավորի  սպանությունը: Որովհետեւ եթե ողջունելի է արյուն թափելը, ի՞նչ տարբերություն, թե ում արյունն է դա` երեխայի՞, թե բռնապետի: Հասկանու՞մ են սա եվրոպական երկրների առաջնորդները: Կարծում եմ` այո, հասկանում են: Ինչու՞ են ողջունում սպանությունը: Որովհետեւ Քադդաֆին վերջին բռնապետը չէ: Նրանք ուզում են, որ մյուս բռնապետերը հասկանան իրենց գլխի գալիքը: Ողջունում են, քանզի իրենց թվում է, թե ժողովրդավարություն հաստատելուց առաջ կարելի է սպանել նրան, ով կանգնած է դրա ճանապարհին:

 

Քադդաֆիին բռնելուց հետո կադրերում լսվում է հոդաբաշխ ու միալար «Ալլահ, աքբար» («Աստված ամենակարող է») բղավոցը: Մարդիկ խփում են բռնապետին, նա սրբում է դեմքի արյունը, կրկին խփում են, ատրճանակով հարվածում են գլխին, նա արնաշաղաղ աչքերի միջից դեմքեր է փնտրում հասկանալու համար, թե մինչեւ երբ կարող է սա շարունակվել: «Դուք ի՞նչ գիտեք՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ»,-հարցրել է Քադդաֆին իրեն սպանողներին: Լավ հարց է: Բայց նրան խփում են նրա օրորք սպանված երեխաների անունից, նրա օրոք անհետ կորած մարդկանց անունից: Եվ ոչ մի կասկած չկա, որ Քադդաֆին այդ մեկը չի գիտակցելու:

 

Ուրեմն ինչու՞ խփել մարդուն, որն ի վիճակի չէ հասկանալ: Իսկ եթե կարող է հասկանալ, այդ դեպքում ինչու՞ խփել մարդուն, որը ոչնչի համար պատասխան չի տվել: Ու երբ սպանում ես, իրականում տալիս ես քեզ տրված հարցի պատասխանը՝ ինչու՞ չսպանեմ, եթե չգիտեմ՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Բայց երբ քեզ՝ բռնապետի արյուն թափողիդ կսպանի քո երկրի հաջորդ բռնապետը, մի ասա, թե այսպիսի երկիր չէինք ուզում կառուցել նախկին բռնապետին գետնաքարշ ծաղրի առարկա դարձնելիս, որովհետեւ ծաղրելիս դու ինտելեկտուալ ոչինչ չես առաջարկել քո երկրի նոր իշխանությանը: Եվ, մեր մեջ ասած, այնպես չէ, որ մեկն սպանում է արեւի պատճառով, մյուսը՝ հանուն ժողովրդավարության:

 

Սեյրան Հանոյան