Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այս տարվա ընթացքում սա էլեկտրաէներգիայի սակագնի երկրորդ վերանայումն էր, այն սպառողների համար թանկացավ մոտ 40 տոկոսով:
ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց` ոչ միայն հաշվի չառնելով իր վարչական շենքի մոտ անցկացվող հանրային բողոքի ակցիան, նիստի ընթացքում մի քանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից արված` սակագնի թանկացման որոշումը որոշ ժամանակով հետաձգելու և ավելի համակողմանի, խորը մասնագիտական քննարկման առարկա դարձնելու առաջարկությունը, այլև, անխուսափելի թվացող համատարած գնաճի հետ կապված, սոցիալ-տնտեսական հնարավոր հետևանքները: Հանձնաժողովն այդպես որոշեց, բացառապես այն պատճառով, որ այդպես ցանկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին տիրապետող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը:
Yerkir. am-ն այս տարվա փետրվարին էր գրել, որ միտումնավոր կերպով էլեկտրացանցերը հասցվում են սնանկացման եզրին, որպեսզի առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար պարզապես անխուսափելի համարվի արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Ըստ էության` իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ: Դեռ մեկ ամիս առաջ հատուկ պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց հնարավոր թանկացման մասին, ինչը հանրությանը պարտադիր կատարվելիք պրոցեսին և իր` արդեն կանխորոշված որոշմանն աստիճանաբար ադապտացնելու նպատակ էր հետապնդում: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ՀԷՑ-ն այդ ողջ ընթացքում այդպես էլ որևէ տրամաբանական բացատրություն չտվեց, թե ինչո՞ւ հանկարծ ի հայտ եկավ արտադրող սուբյեկտներից ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա գնելու խնդիրը, այն դեպքում, երբ առկա ռեսուրսները միանգամայն բավարարում էին անգամ Մեծամորի ատոմակայանի չշահագործման դեպքում ավելի էժան գնով էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար` հատկապես հիմնվելով Հրազդանի ՊՇԷԿ-ի պոտենցիալի վրա:
ՀԷՑ-ը ժամանակին ռուսական ընկերությանը վաճառվեց` համակարգն ավելի արդիականացնելու, էլեկտրաէներգիայի չափազանց մեծ կորուստները նվազեցնելու, ոլորտի ավելի արդյունավետ, ժամանակակից մենեջմենթի չափորոշիչներին համապատասխան կառավարում ապահովելու նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի ծախսերն օպտիմալացնել և սպառողների համար լուրջ ֆինանսական և սոցիալական բեռը չստեղծել:
Այս խնդիրը, փաստորեն, չի լուծվել, ինչում պատասխանատու կարող է լինել միայն երկու սուբյեկտ` կա'մ տվյալ ընկերությունը, որը զլացել է, բավարար ներդրումների, արդյունավետ կառավարման նոր մեթոդաբանություն ապահովելով, արդիականացնել համակարգը և կատարել իր վերցրած պարտավորությունները, կա'մ ՀՀ կառավարությունը, որը մի կողմից բավարար վերահսկողություն չի իրականացրել` համակարգը մատնելով բացարձակ անուշադրության և թույլ տալով ռուսական ընկերությանը համակարգի հետ վարվել ըստ իր հայեցողության, մյուս կողմից` էներգաստեղծ և էներգաբաշխիչ համակարգի հետ կապված վարել է պարզապես անհեռատես, անհետևողական և ,որ շատ ավելի էական է, անհասկանալի ու անտրամաբանական քաղաքականություն:
Թե այս սուբյեկտներից ո՞րն է ավելի պատասխանատու, տվյալ պահին արհեստականորեն մղվում է երկրորդական պլան, որովհետև առաջին պլան է մղվում նրանց երկուսի համատեղ համաձայնությամբ դրա տակից դուրս գալու խնդիրը ուղղակիորեն սովորական, շարքային սպառողների վրա բարդելու իրողությունը` ուղղակի անելանելի վիճակի մեջ դնելով նաև տեղական արտադրությունը: Ռուսական ընկերությունն իր մասնավոր շահերն է հետապնդում, որը, չի բացառվում` համընկնում է իր ներկայացրած երկրի շահերին:
Իսկ ի՞նչ շահեր է պաշտպանում նրանց ախորժակը լռելյայն և հնազանդորեն բավարարող Հայաստանի իշխանությունը: Մի առանձնակի համառությամբ կառավարությունը գերշահույթներ ստանալու հնարավոր բոլոր երևակայելի ու աներևակայելի պայմաններն է ստեղծում հատկապես Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական էներգետիկ ընկերությունների համար: Անցած տարեվերջին, իբր, գազի սակագինը 5 տարի չբարձրացնելու նպատակով հատուկ օրենսդրական փաթեթ ընդունվեց` «Գազպրոմ» ընկերությանը պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ի համար 30 տարով շահույթ ստանալու, գործնականում առանց մրցակցության, մոնոպոլ գործունեություն ծավալելու այնպիսի արտոնյալ պայմաններ ստեղծելով, որոնք էականորեն սահմանափակում էին նույնիսկ էներգետիկ ոլորտում Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական իշխանության մարմինների կողմից վերահսկողական, կարգավորիչ ֆունկցիաների իրականացումը:
Ընդ որում` որևէ երաշխիք չտրվեց, որ այդ ամենի դիմաց գոնե կկատարվի գազի սակագինը նախատեսված ժամանակահատվածում չբարձրացնելու պայմանը, քանի որ ռուսական կողմը նման հանձնառություն իրականում չէր ստանձնել, այլ որոշվել էր Հայաստան մատակարարվող գազի սակագինը կապել Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գործող սակագնային պլանին` որքան այնտեղ բարձրանա գազի գինը, նույնքան էլ բարձրանալու է նաև Հայաստանում: Հիմա, փաստորեն, նույնը տեղի է ունենում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի պարագայում: Ընկերությունը ցանկանում է բարձրացնել ՀԷՑ-ի` իր աշխատակիցների աշխատավարձերը, ստանալ ավելի մեծ շահույթներ, դրա համար պետք է վճարի սպառողը:
Ընդ որում` կրկին որևէ երաշխիք չկա, որ սակագինն այլևս չի բարձրանալու: Ընդհակառակը` մեկ տարվա ընթացքում երկու փուլով գրեթե կիսով չափ թանկացումը վկայում է, որ այս տենդենցները լինելու են շարունակական: Որովհետև կառավարության բացարձակ թողտվության և հանցավոր հարմարվողականության պարագայում, վաղը, մյուս օրը ՀԷՑ-ը կարող է նորից «հայտնվել» սնանկացման եզրին և դարձյալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում պահանջել: Մանավանդ` 2013թ. ընկերությունը շրջանառության մեջ էր դրել սակագինը մինչև 45 դրամ դարձնելու գաղափարը: Դրան հասնելու համար մնում է անցնել ևս մեկ փուլ` 3-4 դրամով թանկացման նոր նախաձեռնություն սկսելով: Եվ կարելի է չկասկածել, որ ռուսական ընկերությանը հարմար պահին ՀԾԿՀ-ն այդ ծառայությունը կմատուցի:
Գևորգ Աղաբաբյան
Հ.Գ. Սակագինը բարձրացնելու ընտրված պահը բոլորովին պատահական չէ` հենց այսօրվանից բարձրանում են պետական ծառայողների աշխատավարձերը: Հաշվարկը շատ պարզ է` դրա ֆոնին և ազդեցությամբ սոցիալական բողոքի էֆեկտը շատ թույլ է լինելու, ինչը և արտահայտվեց բողոքի ակցիայի անսպասելի սակավամարդությամբ: