Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի ժամ է` ԱԺ-ում պատգամավորների հարցերին է պատասխանում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Երևի թե հոգնածությունն է պատճառը, որ հարցերին պատասխանելիս դատախազն իրավաբանության հետ կապ չունեցող մտքեր է արտահայտում, կամ էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, Կոստանյանի իրավաբանությունը բառակույտ է:
Այսպես` երբ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը դատախազից հետաքրքրվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ պատահարի գործի ընթացի մասին՝ նշելով, որ, կարծես, ողջամիտ ժամկետների խնդիր կա, դատախազը պատասխանեց. «Վարդան Պետրոսյանի հետ կապված դատավճիռը եղավ, բողոքարկվեց Վարդան Պետրոսյանի գործը, Վճռաբեկ դատարանն անգամ վերադարձրեց, այսինքն` վճիռը մտավ օրինական ուժի մեջ»:
Ի գիտություն գլխավոր դատախազի՝ Վարդան Պետրոսյանի գործով կողմերից և ոչ մեկ մինչ այս պահն անգամ Վճռաբեկ դատարանին չի դիմել, ուր մնաց խոսք լինի գործը վերադարձնելու կամ վարույթ չընդունելու մասին: Երևի թե գլխավոր դատախազն իսկապես հիշողության հետ խնդիրներ ունի կամ պատշաճ իրազեկված չէ հանրությանը հուզող հնչեղ քրեական գործերի մասին, կամ էլ նախկինում եղած նախադեպերը թույլ են տվել գլխավոր դատախազին կանխորոշել գործի ելքն ու դրա վերաբերյալ ապառնի ժամանակով դատողություներ անել:
Ինչևէ, սա դեռ մի կողմ: Գլխավոր դատախազը, անդրադառնալով ԱԺ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ ԲՀԿ-ականներ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու և նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին կալանավորելու գործերին, հերթական անգամ ապացուցեց, որ մեր երկրում օրենքները կիրառվում են այնպես ինչպես իրենց է պետք: Գլխավոր դատախազն իր պատասխանում բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Առնվազն անձը, որի վերաբերյալ անձինք և հանցագործության մասին հաղորդում տվող անձինք ուղղակի մատնանշում են` որպես հանցագործություն կատարողի, քրեական դատավարության օրենսգրքով տրվում է կասկածյալի կարգավիճակ: Իրան չեն կարա վկա հարցաքննեն, չեն կարա որևէ այլ կարգավիճակ տան, քան առնվազն կասկածյալի կարգավիճակ»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպից հետո տուժած Զաքարյանների մայրը, նրանց հարազատները բազմիցս մատնանշել են, որ հանցագործություն կատարողը Սուրիկ Խաչատրյանի որդին է՝ Տիգրան Խաչատրյանը (էլ չենք ասում հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները), սակայն մինչ օրս վերջինս կասկածյալի կարգավիճակ չունի: Ավելին` եթե անգամ Խաչատրյանը գործում ներգրավվել է` որպես վկա, նշանակում է դա արվել է քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտումներով:
Երեկ էլ անդրադարձել էինք գլխավոր դատախազի՝ հնչեղ և ոչ հնչեղ գործերով անմեղության կանխավարկածի վերաբերյալ քարոզին: Գրել էինք, որ դատախազը հերթական անգամ հակասեց իրեն՝ մոռանալով նախկինում արած հայտարարությունները:
Մեզ մնում է գլխավոր դատախազին դարձյալ կոչ անել, որ եթե անգամ նա վստահ է տվյալ քրեական գործով իր կողմից առաջարկվող «ճշմարտության» և «արդարության» հասնելու դեղատոմսին, կարծիք արտահայտելուց առաջ մի փոքր մտածի և նկատի ունենա, որ գործ ունի չափազանց զգայուն մի իրավիճակի հետ, երբ ցանկացած արտահայտություն կամ ԿԱՐԾԻՔ կարող է հերթական անգամ բարկացնել ու հիասթափեցնել մի ողջ ժողովրդի:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ