կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 18:15
Իրավական

Գլխավոր դատախազն ինքն իր գլխին քարոզ կարդաց

Գլխավոր դատախազն ինքն իր գլխին քարոզ կարդաց

«Հանցագործության կատարման առաջին իսկ պահից հասարակությունն անմիջապես ուղղորդվում է` որոշելու, թե ով է հանցագործը, ինչ հանգամանքներում ու պայմաններում է կատարել հանցագործությունը, վերլուծվում են վերջինիս և տուժողի կամ գործի մյուս մասնակիցների անձնական ընտանեկան կյանքը և այլն՝ համապատասխան քննադատություններով ու պիտակավորումներով»,- այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազության գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 

Թեև դատախազը ելույթի այդ մասում ոչ մի անուն չի հնչեցրել, սակայն այն անուղղակիորեն նվիրված էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպին: Գլխավոր դատախազն իր ելույթով այսպես ասած քարոզ է կարդացել հասարակության գլխին՝ նշելով, որ հասարակական հնչեղություն ունեցող և չունեցող ցանկացած գործ պետք է քննարկել մասնագիտական դաշտում:

 

Նա փորձագետներին, իրավաբաններին ու քաղաքական գործիչներին կոչ է արել բառացիորեն հետևյալը. «Եթե անգամ վստահ եք տվյալ քրեական գործով ձեր կողմից առաջարկվող ճշմարտության և արդարության հասնելու դեղատոմսին, որևէ կարծիք արտահայտելուց առաջ նկատի ունեցեք, որ գործ ունեք չափազանց զգայուն մի իրավիճակի հետ, երբ ցանկացած արտահայտություն կամ ԿԱՐԾԻՔ կարող է բացասական ազդեցություն ունենալ»:

 

Գլխավոր դատախազը երևի թե մոռացել է մեկ տարի առաջ հեռուստատեսությամբ հնչեղ քրեական գործի վերաբերյալ իր կողմից արված հայտարարությունը: Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով՝ մինչ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, երբ դեռ առաջին ատյանի դատարանում չէր հիմնավորվել մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի մեղքը, դատախազը շտապեց ԿԱՐԾԻՔ հայտնել, որ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ Դավիթ Խաչատրյանի մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորելու համար: Անտեղյակ լինելով գործի ընթացքից` դատախազն անգամ ասել էր. «Մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ` գործով դատավճիռ դեռ չկար:

 

Այս գործով պաշտպանական կողմը մշտապես պնդում էր, որ Դավիթ Խաչատրյանի արարքին սխալ իրավական գնահատական է տրվել, և որ Դավիթն ընկերոջը սպանելու դիտավորություն չի ունեցել: Մի՞թե գլխավոր դատախազը նման կարծիք արտահայտելուց առաջ չէր գիտակցել, որ գործ ունի զգայուն իրավիճակի հետ, իհարկե` ոչ: Նույն դատախազն իր հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանել էր. «Ես դատախազ եմ: Բա իմ գործը հենց անձի մեղավորության մասին խոսելն է: Բա ես հենց դատախազ եմ նրա համար, որ եթե համարում եմ՝ մեղադրանքը հիմնավոր է, պնդում եմ այդ մեղադրանքը»:

 

Մեկը լիներ՝ ասեր՝ բա որ Դուք դատախազ եք, ինչո՞ւ Գորիսի ծեծկռտուքի դեպքի առթիվ գործ հարուցել տվեցիք խուլիգանության հատկանիշներով, երբ ակնհայտ էր, որ կատարվածը մի խումբ անձանց կողմից դիտավորյալ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն էր, թե՞ տեսողության խանգարում ստացած երիտասարդն ու բազմաթիվ այլ վնասվածքներ ստացած նրա եղբայրն ու նրանց վիճակի վերաբերյալ փորձառու բժիշկների կարծիքը բավական չէին` գոնե այդ հոդվածով գործ հարուցելու համար:

 

Բա որ Դուք դատախազ եք և Ձեր գործը մեղավորության մասին խոսելն է, ինչո՞ւ դեպքից 18 օր անց խուսափում եք խոսել ինչ-որ մեկի մեղավորության մասին: Մի՞թե անմեղության կանխավարկածը միայն Լիսկայի ու նրա նմանների որդիների համար է: Թե՞ Դավիթ Խաչատրյանի հայրն էլ պետք է մականունավոր լիներ, շրջեր թիկնազորով ու նախկինում մի քանի անգամ դատապարտված լիներ, որ նրա որդուն մեղադրելուց առաջ էլ զգույշ լինեիք: Ստացվում է, որ մի դեպքում գործը կարելի է դիտարկել մասնագիտական տեսանկյունից ու խոսել իրավաբանին բնորոշ որակումներով, իսկ մյուս դեպքում՝ ոչ:

 

Լավ կլիներ գլխավոր դատախազը, նախքան հասարակությանն իրավաբանություն սովորեցնելը, դասեր քաղեր սեփական սխալներից ու դատողություններ անելուց առաջ ծանրութեթև աներ, փորձեր ինչ-որ կերպ հանրությանը համոզել, որ այս երկրում արտոնյալներ չկան, և որ ինքը նմանների անձնական հովանավորը չէ:

 

Մեզ մնում է գլխավոր դատախազին կոչ անել, որ եթե անգամ նա վստահ է տվյալ քրեական գործով իր կողմից առաջարկվող «ճշմարտության» և «արդարության» հասնելու դեղատոմսին, կարծիք արտահայտելուց առաջ մի փոքր մտածի և նկատի ունենա, որ գործ ունի չափազանց զգայուն մի իրավիճակի հետ, երբ ցանկացած արտահայտություն կամ ԿԱՐԾԻՔ կարող է հերթական անգամ բարկացնել ու հիասթափեցնել մի ողջ ժողովրդի: