կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 15:53
Հասարակություն

Ինչո՞ւ են բնակիչները դեմ քվեարկել համայնքների խոշորացմանը. պատճառն անտեղյակությունն է

Ինչո՞ւ են բնակիչները դեմ քվեարկել համայնքների խոշորացմանը. պատճառն անտեղյակությունն է

Մայիսի 17-ին մի շարք համայնքներում տեղի ունեցավ համայնքների խոշորացման հարցով հանաքվեն: Լոռու մարզի Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերում բնակիչները դեմ են քվեարկել համայնքների խոշորացմանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը հայտնեց, որ 75 քվեարկողներից 40-ը դեմ են քվեարկել` պատճառաբանելով, որ համայնքների խոշորացման ծրագրի մասին բավարար չափով ծանուցված չեն եղել, իսկ որքան էլ ծանուցվել են, դա, ըստ էության, չի բխում իրենց շահերից:

 

«Կոնկրետ ես կողմ եմ համայնքների խոշորացմանը, իմ ղեկավարած համայնքի բնակիչներին էլ եմ բացատրել, որ սա վատ բան չէ, բայց այդ ամենն ագիտացիայի կարգով չեմ արել»,- նշեց գյուղապետը:

 

Աթանի գյուղապետ Ռոլանդ Հակոբյանը ևս ասաց, որ, ի տարբերություն իր համայնքի բնակիչների մեծամասնության, ինքը կողմ է համայնքների խոշորացմանը: «99 քվեարկողից 42-ը կողմ են արտահայտվել, 55-ը` դեմ, 2 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Ես էլ եմ բնակիչներին ծանուցել, թե ինչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացումը: Անձամբ Արմեն Երիցյանը, մեր մարզպետը ևս եկել են, բնակիչների հետ հանդիպում ունեցել և բացատրել այս ծրագրի դրական կողմերը»,- ասաց գյուղապետը:

 

Մեր հարցին, թե համայնքների խոշորացման դեպքում համայնքների ղեկավարների պաշտոնանկության խնդիր չի՞ առաջանա, Հակոբյանը պատասխանեց. «Ես դեմ չեմ, կարող է նաև իմ պաշտոնը կորցնեմ, բայց եթե դրանից մեր ժողովուրդը շահի, ես դրանից չեմ դժգոհի»:

 

Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ինքը դեռևս կողմնորոշված չէ և միանշանակ կարծիք չունի համայնքների խոշորոցման վերաբերյալ: «85 քվեարկողից միայն 19-ն են կողմ քվեարկել, մնացածը` դեմ, որովհետև չեն հասկանում, թե այս ծրագիրն ինչ է իրենից ներկայացնում: Սա շատ բարդ հարց է` իրականում: Եթե իրականություն դառնա, վատ բան չէ: Բայց այստեղ հարցն այն է, թե ինչպե՞ս կիրականացվի այս ծրագիրը: Մենք փոքր համայնք ենք, մեզ համար դժվար է, ասենք, շինարարություն անելը, ճանապարհները վերանորոգելը և համայնքների խոշորացումը կարող է դրականորեն ազդել մեր համայնքների վրա, սակայն բնակիչները շատ մտավախություններ ունեն: Ինչքան էլ նրանց ասվում է, որ եթե համայնքները խոշորանան, գյուղերում լիազորներ էլ են լինելու, միևնույն է` նրանք ամբողջությամբ չեն պատկերացնում` ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը»,- ասաց գյուղապետը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի գնացել քվեարկության, բայց չի թաքցնում նաև, որ ինքը դեռևս վերջնականապես կողմնորոշված չէ այս հարցում: