կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 17:42
Հասարակություն

Արմեն Աշոտյանն արդեն հանդիպումներ է ունենում Երևան ժամանած` այլ երկրների ԿԳ նախարարների հետ

Արմեն Աշոտյանն արդեն հանդիպումներ է ունենում Երևան ժամանած` այլ երկրների ԿԳ նախարարների հետ

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյի /Sorin Mihai Cimpeanu/ հետ:

 

Աշոտյանը նշել է, որ Հայաստանը երեք տարի առաջ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետն ընդունել է Ռումինիայից, և ռումինական փորձը օգտակար  է եղել Հայաստանի համար: Նա կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը` մասնավորապես ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների և աստվածաբանության ոլորտում միջբուհական և գիտական համագործակցության ծրագրերի ընդլայնումը:

 

«Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը, և Տրանսիլվանիայում առկա է հսկայածավալ մշակութային ժառանգություն, որն այսօր գիտական հետազոտությունների կարիք ունի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռումինիայի կառավարությանը` Բուխարեստի համալսարանում հայագիտության ամբիոնի վերականգնման և հայերենի դասավանդմանն աջակցելու համար»,- ասել է Աշոտյանը:

 

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ռումինիայի միջև գործող միջպետական կրթական համագործակցությանը, որի շրջանակում իրականացվող կրթաթոշակային փոխանակման ծրագրերը պահանջված են հայ ուսանողների կողմից: Աշոտյանը կարևորել է նաև միջբուհական կապերի ակտիվ զարգացումը, որի համար կա կուտակված բավարար և հաջողված փորձ:

 

Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել հինավուրց մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանում: Ռումինիայի նախարարը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման նկատմամբ: Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հայկական փորձը տրամադրել բոլոր հետաքրքրվող երկրներին: Միաժամանակ, կողմերն ընդգծել են համատեղ գիտահետազոտական նախագծերի իրագործման անհրաժեշտությունը: