կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 03:53
Առանց Կատեգորիա

Դաշնակցությունը Քոչարյանի հետ հանդիպումներ չի ունենում

Դաշնակցությունը Քոչարյանի հետ հանդիպումներ չի ունենում

«Իշխանությունների հետ կապված մեր խնդիրը բովանդակային իշխանափոխություն իրականացնելն է, եւ թե իրենց կոալիցիայի ներսում ինչ քնննարկումներ տեղի կունենան, իրենց խնդիրն է»,- անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ խմորումներին` նշել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` կուլիսային խոսակցությունները մեկնաբանելը համարելով ոչ ճիշտ:

 

«Բարգավաճը դուրս կգա-դուրս չի գա, իր գործն է. կլինի, կտեսնենք: Ես որեւէ բան չեմ բացառում մեր երկրում, ընտրություններ են, եւ ընտրությունների շեմին ամեն տեսակ տեխնոլոգիաներ կարող են կիրառվել»,- ասել է Ռուստամյանն` ընդգծելով, որ Դաշնակցությունը միշտ ունեցել է իր ինքնուրույնությունն ու ուղեգիծը, մասնավորապես` ազգային կարեւորագույն հարցերում:

 

«Էն, ինչ մենք հիմա ասում ենք, անցյալում էլ ենք ասել, եւ եթե երկու անգամ մենք պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին, չենք պաշտպանել հենց այնպես, պաշտպանել ենք` հստակ խնդիրներ դնելով, եւ այդ խնդիրների զգալի մասը մտել է կոալիցիոն հուշագրի մեջ: Հաճախ եղել են դեպքեր, երբ հուշագրերի կետին մեր մատը դնելով` ասել ենք` եթե այս կետը չի բավարարվում, մենք դուրս ենք գալիս կոալիցիայից: Այսօր, եթե համամասնական-մեծամասնականը փոխվեց` 70-30 տոկոս դարձավ, այն պատճառով էր, որ մենք ասացինք` եթե դա չի լինի, մենք դուրս կգանք կոալիցիայից»,- նկատեց ՀՅԴ անդամը` լրագրողների հարցին ի պատասխան ասելով, որ Դաշնակցությունն այսօր Քոչարյանի հետ հանդիպումներ չի ունենում. «Քոչարյանն իր կյանքով է ապրում, մենք` մեր»:

 

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` արդյո՞ք Քոչարյանի վերջին հարցազրույցը չի խոսում Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասության մասին: «Հակասությունը կա'մ դրսեւորվում է, կա'մ չի դրսեւորվում, ժամանակը ցույց կտա: Տարին նախընտրական է, եւ նման հայտարարությունները թող ձեզ չզարմացնեն: Անսպասելի բաներ դեռ շատ կլսենք, այս ամենի նպատակը յուրաքանչյուրի համար ընտրություններում իր շանսերը մեծացնելն է»,- ասել է Արմեն Ռուստամյանը: