կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 14:40
Առանց Կատեգորիա

Հայաստանը դարձյալ անվստահություն է ներշնչում Ռուսաստանին և ԵՄ-ին

Հայաստանը դարձյալ անվստահություն է ներշնչում Ռուսաստանին և ԵՄ-ին

Մայիսի 21-22-ը կայանալիք` Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստան են ժամանել Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչը և Թորբյորն Սոհլստրյոմը:

 

Նրանց հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է ԱրԳ ծրագրի շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու` Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնվելով ԵՏՄ-ում իր ստանձնած պարտավորությունները: Դժվար չէ կռահել, որ ԱրԳ ծրագրի «մոդերատորների» դեր կատարող Շվեդիայի և Լեհաստանի դիվանագետները Երևան են եկել՝ ստանալու երկու հիմնական հարցի պատասխան: Պատրաստվո՞ւմ է Հայաստանը մասնակցել Ռիգայի գագաթաժողովին, երկրորդ՝ մինչև ի՞նչ աստիճանի է պատրաստ Երևանը խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները ԱրԳ ծրագրի շրջանակում: Ավելի պարզ ասած՝ այդ մարդիկ եկել, փորձում են հասկանալ՝ որքանո՞վ կարելի է գոնե այս անգամ հույս դնել Հայաստանի հետևողականության վրա, և չի՞ պատրաստվում, արդյոք, հայաստանյան իշխանությունը Ռիգայի գագաթաժողովից առաջ հերթական հետքայլը կատարել հարաբերությունների կառուցման իրավական հիմք ստեղծելու ուղղությամբ ձեռք բերվող հնարավոր համաձայնություններից:

 

Իսկ նման մտավախության համար եվրոպացիներն ունեն առավել քան լուրջ պատճառներ: Ապրիլի 24-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հանդես էր եկել չափազանց կոշտ հայտարարությամբ: «Մենք, անշուշտ, կհետեւենք, թե Ռիգայում ինչպես կանցնի գագաթաժողովը, բայց արդեն այժմ ակնհայտ է, որ մեր արձագանքը կլինի կոշտ եւ սկզբունքային: Սկզբունքայինն այն է, որ գործընկերությունն ունի ընդգծված հակառուսական ուղղվածություն»,- ասել էր նա:

 

Ռուսաստանի նման տոնայնությունը հասկանալի է: Ռիգայի այս գագաթաժողովը փաստացի տալու է այն հիմնական հարցի պատասխանը, թե Արևելյան գործընկերության ծրագիրն ունի՞ ապագա` ընդհանրապես, թե՞ ոչ: Այս իմաստով Մոսկվայի նման արձագանքն ունի կանխարգելիչ նշանակություն: Իբրև սպառնալիք՝ այն ուղղված է առաջին հերթին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի վերջնական և ամբողջական ստորագրումը կանխելուն:

 

Եթե նկատի առնենք, որ ծրագրի մաս կազմող մյուս երեք երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան և Բելառուս, միայն Հայաստանն է նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայտարարում ԵՄ-ի հետ հարաբերությունները իրավական հենքի վրա խորացնելու պատրաստակամության մասին, ապա ակնհայտ է դառնում, որ Մոսկվայից հնչող այդ սպառնալիքների հիմնական հասցեատերը նաև Երևանն է:

 

Նույն օրը, երբ Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչները Նալբանդյանի հետ Երևանում քննարկում էին Ռիգայի գագաթաժողովի և Հայաստանի հետ հարաբերությունների ձևաչափի խնդիրները, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այցելեց Բաքու, որտեղ նույն օրը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ նա Բաքու է գնացել՝ «տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ» քննարկելու:

 

Պատրուշևի այս այցը, գուցե, բացարձակապես կապ չունի Ռիգայի գագաթաժողովի հետ: Սակայն դրա ֆոնին Երևանում այն չի կարող չընկալվել որպես Լուկաշևիչի շուրթերով հնչած սպառնալիքը գործնականում դրսևորելու դիվանագիտական նախազգուշական քայլ: Այս հանգամանքն, իհարկե, դժվար թե խանգարի Սերժ Սարգսյանին մեկնել Ռիգա: Հարցն այն է՝ թե ի՞նչ արդյունք կտա նրա այդ այցը: Ի վերջո, կվերանա՞ 2013թ. սեպտեմբերից հետո ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարում առաջացած և մինչև օրս չվերացած անորոշությունը: Սերժ Սարգսյանի՝ Ռիգայի գագաթաժողովին մասնակցելն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ նոր, ավելի կոնկրետ իրավական հենք ունեցող հարաբերությունների ձևավորման շուրջ ընթացող երկամյա բանակցություններում առաջընթաց գրանցված լինի:

 

Այդ առաջընթացի համար ելակետային է 2013-ի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ԵՄ ԱրԳ գագաթաժողովում ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված չափազանց հեղհեղուկ, անորոշ և դեկլարատիվ բնույթ կրող հայտարարությունը, որով կողմերը վերահաստատում էին իրենց հանձնառությունը` ավելի զարգացնել և ամրապնդել ԱրԳ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավման, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանման, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, առեւտրի ու ներդրումների ընդլայնման միջավայրի հետագա կատարելագործման և այլ ոլորտներում։

 

Շվեդիայի և Լեհաստանի ներկայացուցիչների այցը Երևան հստակորեն ցույց է տալիս, որ կա'մ նույնիսկ գագաթաժողովի նախօրեին վերջնականապես հստակեցված չեն այդ համագործակցության հիմքերը, կա'մ Բրյուսելում չեն հավատում, որ Երևանը Ռիգայում կգնա որևէ փաստաթղթի ստորագրման: Այս կասկածները խորացնում է կոնկրետացում կատարելուց Երևանի խուսափելը: Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը օրերս ասել էր, որ հնարավոր է՝ Հայաստանի հետ համաձայնությունը գագաթաժողովի հռչակագրի մաս կազմի: Եթե հիմք ընդունենք այս հայտարարությունը, ապա կարելի է եզրակացնել, որ օրակարգից դուրս է եկել մինչև 13թ. բանակցված և համաձայնեցված` Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը Հայաստանի և Բրյուսելի կողմից ստորագրելու տարբերակը, որը նախնական շրջանում հրապարակայնորեն Երևանը համարում էր ամենանախընտրելին: Դրանից հրաժարումը, թերևս, պայմանավորված է հենց Մոսկվայի զայրույթը չհարուցելու` Երևանի զգուշավորությամբ:

 

Փոխարենը, Երևանը և Հայաստանից վերջնականապես ձեռքերը չլվացող Բրյուսելը որոշել են առաջընթաց համարել Ռիգայի գագաթաժողովի վերջնական հռչակագրում` թեկուզ որոշակիորեն կոնկրետացված համաձայնությունների արտացոլումը՝ իբրև այդ հարաբերությունների հիմքն ստեղծող իրավական բազա: Բովանդակային իմաստով, սա, իհարկե, դժվար է էական առաջընթաց համարել: Սակայն միանգամայն տեղավորվում է մի կողմից` Հայաստանի վիճակը պատկերացնելու, մյուս կողմից` Ռուսաստանի շահերին չհարվածելու` Բրյուսելի ներկայիս քաղաքականության համատեքստում: Ձևական առաջընթացը ելք է նաև Հայաստանի իշխանությունների համար՝ մի կողմից` Ռիգայից դատարկ չվերադառնալու, մյուս կողմից` Մոսկվայի առջև արդարանալու առումով:

 

Գևորգ Դարբինյան