կարևոր
4042 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-04 15:52
Քաղաքական

Փաշինյանն է հրահանգել՝ վերահաշվարկ անել․ սեփական թիմն այլեւս հավատ չի ներշնչում

Փաշինյանն է հրահանգել՝ վերահաշվարկ անել․ սեփական թիմն այլեւս հավատ չի ներշնչում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության արդյունքների վերհաշվարկը, պարզվում է, արվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

MediaHub-ի տեղեկություններով՝ վարչության կազմից դուրս մնացած մի քանի բողոքավոր ՔՊ-ականներ, չվստահելով սեփական թիմի որոշ անդամների ազնվությանը, բողոքել են Փաշինյանին ու խնդրել վերահաշվարկ անել։

«Փաշինյանն ասել ա՝ գնացե՛ք, վերահաշվարկ արեք, բողոքներ կա։ Վերստուգիչ հանձնաժողովը նորից լրիվ հաշվարկն արել է։ Թե կոնկրետ ով է բողոքել, դեռ չգիտենք»,- նշեց մեր աղբյուրը։

Արդեն գրել էինք, որ վերահաշվարկից հետո պատգամավոր Հայկ Կոնջորյանն ու ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս են մնացել վարչության կազմից, քանի որ պատգամավոր Արսեն Թորոսյանի ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ստացած քվեներն ավելի շատ են եղել։

Պարզվում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի՝ վարչության անդամի կազմում չհայտնվելը ՔՊ-ականները մեծ կորուստ չեն էլ համարել։ Նույնիսկ հեգնում են՝ «հին գելերի հետ առաջին մրցապայքարն էր, ոչինչ, շատ չի նեղվի»։

«Իմ համար չկա մարդ, որի չանցնելը զարմանալի ա։ Կուսակցականներն են ընտրողը, ոչ մեկ չի կարա ստիպի՝ ում ընտրեն։ Շատ մանրակրկիտ վերահաշվարկ ա արվել, հարյուր տոկոսով լեգիտիմ վարչություն ա։ Վարչության նոր ընտրության գնալու խոսակցություն չկա»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր աղբյուրի խոսքով՝ Փաշինյանի «լյուբիմչիկ» լինելը արդեն տիտղոս է դարձել թիմի ներսում։ Իրականում վարչության կազմում հայտնվել են հիմնականում նրանք, ովքեր ընդդիմադիրներին «հայհոյելու» գործում մեծ ակտիվություն են դրսեւորել, չեն ամաչել ուղիղ առճակատման գնալ, ամբիոնից վարկաբեկող ելույթներ են ունեցել ու «սրբության սրբոցի» պես պահպանել են Փաշինյանի պատիվը։

Լիա Սարգսյան