կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-01 22:20
Արցախ

Պետք է ամուր պահենք յուրաքանչյուր քվե. Դավիթ Իշխանյան

Պետք է ամուր պահենք յուրաքանչյուր քվե. Դավիթ Իշխանյան

Արցախում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ-ական թեկնածու Դավիթ Իշխանյանը դիտորդական առաքելություն իրականացնողների և ընտրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց շուրջ մեկ ամիս տևած քարոզարշավը և դրան նախորդող ժամանակաշրջանը:

 

Նա նշեց, որ այդ ընթացքում ընտրողները հասկացել են, որ Դաշնակցությունը հուսալի հենարան է և կարող է ժողովրդի կողքին լինել, օգնել խնդիրների լուծման հարցում:

 

«2012 թվականի նախագահական ընտրություններից հետո մեր կուսակցական կառույցի շուրջ ստեղծված դժվարություններն ընդամենը մեկ տարի հետո արդեն հաղթահարված էին: Մենք աստիճանաբար ենք հաղթահարել այդ խոչնդոտները և հիմա արդեն ասում ենք, որ մեկուկես տարվա մեր նախապարաստական աշխատանքներն անցել են լավ և արդյունավետ: Շատ կարևոր է նշել, որ մենք մեկ կամ մեկուկես ամիս առաջ չենք սկսել ընտրություններին պատրաստվելը»,- նշեց Իշխանյանը` հավելելով. «Մենք մեր աշխատանքները նաև Բյուրոյի հետ ենք համադրել, տեղական կառույցների հետ ընդհանուր քննարկումներ են եղել, իսկ արդեն բուն քարոզարշավը այս աշխատանքների վերջին գիծն է արդեն»:

 

Իշխանյանի բնորոշմամբ` քարոզարշավի ընթացքում ՀՅԴ-ն կարողացել է ստեղծել այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է ցանկալի արդյունքներ ստանալու համար:

 

«Ժողովրդի մոտ բավականին հուսահատ վիճակ էր, որը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել քարոզարշավի ընթացքում: Նրանց վստահությունն ինչ-որ առումով կորել էր: Ես կարծում եմ` Դաշնակցությունն այն լուսավոր կետն է, որի հետևից պետք է գնա ժողովուրդը: Քարոզարշավի ընթացքում մեր քարոզչական խմբերն իրենց առջև դրված պարտականությունները կարողացել են կատարել պատշաճ ձևով և, ինչպես ասում է Արթուր Աղաբեկյանը, շուտով կգա բերքը քաղելու ժամանակը»,- ընդգծեց ՀՅԴ-ականը:

 

Նա նշեց նաև, որ մայիսի երեքին` քվեարկության արդյունքների ի մի բերվելուց հետո, հարկավոր է յուրաքանչյուր քվե ամուր պահել: «Մենք պետք է ամուր պահենք ցանկացած քվե, քանի որ գաղտնի չէ, որ մենք կարող ենք ինչ-ինչ տեղերում մեր վաստակածը կորցնել»,- շեշտեց Իշխանյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ մայիսի երեքի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվելու են մայիսի վեցին: