կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-24 15:02
Հասարակություն

Ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:  Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հնթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց.

«Համաշխարհային խառնաշփոթի մեջ տեղի ունեցավ մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց Ցեղասպանությունը՝ Մեծ Եղեռնը, որի խորհրդանշական թվագրումը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ դրոշմված է 1915 թվականի ապրիլի 24-ով։ Այս ժամանակներում Օսմանյան կայսրության կողմից սառնասիրտ դաժանությամբ պատմական Հայաստանի արևմտյան հատվածում իրագործվեց հայության ցեղասպանությունը։

Հայոց սոսկալի ջարդերից անցել են ավելի քան հարյուր տարիներ. ցավի տառապանքի, նվաստացման, հուսախաբությունների, բայց նաև ամոքման ու  վերականգման տարիներ։ Սոսկալի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանների առջև համրացած աշխարհը, սակայն, տակավին համընդհանուր ու համարժեք դատապարտության չի արժանացրել ցեղասպանության հանցագործությունը:

Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաև այսօր և այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել մեր ազգին հասցված  հոգևոր, հոգեբանական, բարոյական ու նյութական ահռելի կորուստների  հետևանքները։

Ցեղասպանության սուրբ նահատակների նվիրական հիշատակի առջև ուխտի այս օրը մենք պարտք ունենք մեր նախնիների, մեր սերունդների և Աստուծո առջև՝ հաղթահարելու սիրո ու ներողամտության ճգնաժամը ներազգային մեր կյանքում: Լոկ կեղծիք են ու խաբեություն այլոց սիրելու մեր հավաստիացումները, երբ չունենք սեր ինքներս մեր, մեր ազգի զավակների ու մեր եղբայրների նկատմամբ:

Նվիրական հիշատակի այս առավոտ իմ հոգու խորքերից Քրիստոսի անունով դիմում եմ ձեզ՝ թափանցելու համար ձեր հոգու խորքերը. ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին, ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր մաքուր պահենք հայրենիքի սրբազան տարածքը օտարամուտ բարքերից ու կենսակերպից:

Մեզ չեն ների մեր նահատակները և չի ների մեզ ինքը՝ Աստված, եթե ոչնչացնենք թանկարժեք այն ավանդը, որ մեզ փոխանցվել է Աստծուց և պահպանվել սերունդների զրկանքներով ու զոհաբերությամբ»: