կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-18 18:40
Քաղաքական

Յուրաքանչյուր քվե արժեք ունի. Դաշնակցականները` Դդմաշենում

Յուրաքանչյուր քվե արժեք ունի. Դաշնակցականները` Դդմաշենում

ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում հաջորդ հանդիպումը անցկացրեց Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը բազմաթիվ հավաքվածներից նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա նշեց, որ երկիր պահողը այդ երկրում ապրող ուսուցիչն է, աշակերտն է, գյուղացին է: Նախարարի խոսքով՝  Դաշնակցության ուժը նման գյուղերում՝ նման հենարան ունենալու մեջ է:

Այնուհետև Մկրտչյանը հավելեց, որ կարևոր է, որպեսզի ժողովուրդը լավ ապրի: «Ժողովրդի համար պետք է ստեղծել աշխատատեղեր, հակառակ դեպքում մեր ժողովդրին կվերածենք այստեղից-այնտեղից օգնություն սպասող մարդկանց»,- ընդգծեց նախարարը, ներկաներին հորդորելով, որ գումարով քվե չտան, քանի որ իրենց քվեով է որոշվելու Հայաստանի ապագա ճակատագիրը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն էլ հավաքվածներին հորդորեց օգնել, որ այս ընտրություններն իսկապես լինեն նոր սկիզբ մեր պետության համար: «Կաշառքի մասին խոսվեց, դա շատ վատ հետևանքներ կունենա ոչ միայն նյութական տեսանկյունից, քանի որ այդ ընտրակաշառքը նրանք հետագա 5 տարիների ընթացքում կրկնակի են հետ վերադարձնելու, այլ նաև մեր ժողովրդի տեսակը փչացնելու տեսանկյունից»,- ասաց Մանոյանը՝ հավելելով՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի փողով խարխլեն մեր պետության հիմքերը, որովհետև կաշառքով քվե տալը իսկապես խարխլում է պետության հիմքերը:

Մանոյանը նկատեց, որ նոր ԸՕ-ն գրեթե հնարավորություն չի տալիս կեղծելու ընտրությունները: «Սուտ են այն խոսակցությունները, թե ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշված է, եթե կանխորոշված է, ինչո՞ւ են գումար բաժանում»,- դիմեց ներկաներին Մանոյանը, ապա նկատեց, որ յուրաքանչյուր քվե արժեք ունի:


Կիրո Մանոյանը կատակեց․ «Չենք ընտրում թագավոր, ընտրում ենք Իշխանին և Մելիքին»:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային թեկնածուներից են Իշխան Սաղաթելյանը և Մելիք Ներսիսյանը։