Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` մայիսի 1-ին, Աշխատավորների օրը, Կոմունիստական կուսակցության շքերթին մասնակցում էր նաև 53 տարվա կոմունիստ, Երևանի ագրարային համալսարանի դասախոս Սայաթ Համբարձումյանը: 10 տարի աշխատել է որպես Նոյեմբերյանի շրջանի ռայկոմի քարտուղար:
«Իմ աշխատած տարիներին Նոյեմբերյանը տալիս էր Հայաստանի պտղի 30 տոկոսը: Մենք փոքր ժողովուրդ ենք, իսկ էս աշխարհում ով ում հասնում` ջարդում է: Եթե Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան չլինի Լենինականում, թուրքերը 3 օրում մեզ կուտեն»,- ասում է Սայաթ Համբարձումյանը:
Մեր այն դիտարկմանը, որ հենց նույն 102-րդ ռազմաբազայի ռուս զինվորը բնաջնջեց հայկական մի ամբողջ ընտանիք, պատասխանեց, որ «խելառ մարդիկ ամեն տեղ էլ լինում են, դա չի կարող արտահայտել ռուսների միտքը»: Կոմունիստը կարծում է, որ դա կա'մ կազմակերպած էր, կա'մ գժված մարդու գործ է: Նրա խոսքով` 3 միլիոն հայ ապրում Ռուսաստանում, նրանք Հայաստան են ուղարկում տարեկան 2 միլիարդ գումար:
Համբարձումյանը շեշտեց, որ Ռուսաստանը որոշել է Հայաստան ներմուծվող գազի գինն իջեցնել:
«Բա ո՞ւմ գնանք` թիկունք բռնենք: 3 գլուխ ժողովուրդ ենք ստեղ, ո՞վ ա մեր տերը: Միշտ էլ էդպես է եղել` մեկը պետք է հովանավոր մեզ կանգնի»,- ասաց նա:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է, որ դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որով սպանվում են մեր զինվորները, կոմունիստ դասախոսը պատասխանեց, որ բիզնես շահեր են, մնացած բոլոր դեպքերում Ռուսաստանը և նրա նախագահ Պուտինը Հայաստանին լավ են վերաբերվում, դրա վկայությունն է նաև այն, որ ապրիլի 24-ին Պուտինը եկավ Հայաստան ու հնչեցրեց իր խոսքը:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Պուտինի մասին, պատասխանեց. «Նրա մոտ ես տեսնում եմ դեպի սոցիալիզմի գաղափարները տանող բաներ: Նա ԿԳԲ-ի աշխատող էր, և էն, որ ինքը ուզում է հզորացնել, երկրները միավորել, դա էդտեղից է գալիս»: