Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Օբամայի` «ցեղասպանություն» բառի չարտաբերելը միայն նրան է վնասում, քանի որ նա հրաժարվում է կատարել սեփական խոստումները, և դա ամբողջ աշխարհն է տեսնում:
«Եթե Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը, մենք դրանից, ըստ էության, որևէ վնաս չենք կրի: Խնդիր ավելի շատ ինքը կունենա, որովհետև դա իր խոստումն է եղել: ԱՄՆ-ը դաշնային կառուցվածք ունեցող երկիր է, և 46 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բազմաթիվ օրինագծեր ունեն այդ մասին: Այս ամենը լուրջ պարտավորություններ է առաջացնում` ամսի 24-ին պատշաճ ելույթ ունենալու: Ի վերջո, դա բարի կամք չէ, օրենքով պարտավորություն է, և ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահը պետք է հայտարարություն անի: Կրկնում եմ` դա օրենքի պահանջն է և բոլորովին էլ բարի կամքի դրսևորում չէ»,- ասաց Պողոսյանը:
Նա ընդգծեց այն հանգամանքը, որ Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի չարտաբերումն իր ելույթի ընթացքում, նրան է վնասելու և պատմության մեջ նրա անվան վարկաբեկմանն է հանգեցնելու: «Եթե Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը, ինչ-որ չափով հավասարվում է այն երկրներին, որոնք օժանդակում են ժխտողականությանը: Ես շատ ուրախ եմ, որ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» ֆորումի ժամանակ ազգությամբ հրեա Յաիր Աուրոնն ասաց` եթե դու չես ճանաչում, ուրեմն նպաստում ես ժխտողականության տարածմանը: Ի՞նչ ասեմ, թող Օբաման ինքն իր գնահատականը վերցնի»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նա շնորհակալ է այն բոլոր երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, քանի որ, ըստ Պողոսյանի, նրանք իսկապես գնահատում են մարդկային արժեքները, ընդդեմ մարդկության հանցագործությունները կոչում են իրենց անունով, իսկ ովքեր, քաղաքական նկատառումներից ելնելով, վախենում են այդ բառն ասել, նրանք նպաստում են ժխտողականությանը: