Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ղեկավարները վարկաբեկում են իրենց միջազգային հանրության առջեւ: «Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ՝ ուղղակի անհնար է»,- ելույթ ունենալով Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում` ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա` Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ձախողումները Ադրբեջանի անհամաձայնողական դիրքորոշումն է բոլոր առաջարկվող փատաթղթերի վերաբերյալ:
«Ի միջի այլոց, դովիլյան հայտարարության մասին: Ինչի՞ մասին է խոսվում: Առաջին հերթին ժողովուրդներին խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին պատրաստելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ դա ուղղված է Ադրբեջանին: Իսկ ինչպե՞ս պատասխանեց Ադրբեջանը: Նոր պատերազմի սպառնալիքով` ռազմական շքերթով, սուր ճոճելով, գլուխ գովալով, որ վերջին 7 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով: Չեմ կարծում, որ նման պատասխանի համար կարելի է գլուխ շոյել»,- ասել է նախարարը:
Նա շեշտել է, որ առանց ԼՂՀ-ի կողմից հիմնարար սկզբունքներին տված հավանությանը, հնարավոր չէ անցնել խաղաղ համաձայնագրի մշակմանը, եւ առանց բանակցություններին ԼՂՀ ուղղակի մասնակցության` հնարավոր չի լինի համաձայնագրի կնքումը, հիմնախնդրի հանգուցալուծումը:
Ըստ նրա` Բաքուն ուշադրություն է դարձրել դովիլյան հայտարարության մեջ Հելսինկիի եզրափակիչ ակտին արված հղմանը, ըստ որի` ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն հակասում միմյանց: «Իհարկե, նաեւ հենց այդ պատճառով է, որ Եզրափակիչ ակտի ընդունումից հետո, շուրջ երեսուն նոր պետություն է ստեղծվել եւ հիմնականում հենց իրենց ճակատագիրը տնօրինելու, ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացման շնորհիվ: Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակական կարծիքը, ասելով, թե իբրեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտությունների կարգավորման մասին: Նման բան Հելսինկիի եզրափակիչ ակտում պարզապես չկա»,- ասել է նախարարը:
Արձագանքելով վերջերս Բաքվից հնչեցրած` Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ խեղաթյուրմանը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ն ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է status quo plus, այսինքն` այն ամենը, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում»:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություն, թե իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ դա ադրբեջանական հին երգի հին կրկներգ է. «Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագանները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին»:
Ամփոփելով խոսքը` նախարարը նշել է, որ որքան շուտ Ադրբեջանը ձերբազատվի իր պատրանքներից, որ նավթային եկամուտներից ստացված գումարները կարող են գործոն հանդիսանալ Ադրբեջանի օգտին հակամարտության կարգավորման գործում, որքան շուտ Ադրբեջանը դադարեցնի նավթային դոլարների օգտագործումը նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար, այնքան ավելի տեսանելի կլինի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը: