Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը, ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ: Քննարկվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:
Վլադիմիր Գասպարյանն առանձին-առանձին անդրադարձավ աշխատանքի բոլոր ոլորտներին՝ կարևորելով, մասնավորապես, բացատրական աշխատանքը սպասարկման բնագավառի աշխատողների, հասարակական տրանսպորտի և տաքսի ծառայությունների վարորդների, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով հասարակության աջակցությունը բոլորիս համար պատասխանատու այս օրերին աշխարհին իսկապես հայ ու հայեցի ներկայանալու համար:
Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անել առավելագույնը երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականացնել անթերի ցերեկային և գիշերային ծառայություն, առկա տեխնիկական միջոցներով և ոստիկանի պրոֆեսիոնալ պատրաստականությամբ ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում և դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անհրաժեշտ աշխատանք տանել համայնքներում, ձեռնարկել բոլոր միջոցները անցանկալի դեպքերից և արտակարգ իրավիճակներից զերծ մնալու համար:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց առանձնակի ուշադիր լինել արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների, վերակարգերի, ճանապարհային ոստիկանության պարեկախմբերի մասնագիտական պատրաստականությանը, արտաքին տեսքին, նրանց անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովելու և բազմաթիվ այլ խնդիրների, որոնց լուծմամբ է պայմանավորված ոստիկանության միջոցառումների պլանով նախատեսված գործողությունների անխափան իրականացումը:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ առաջիկա օրերին ոստիկանությունում գործելու է համակարգող շտաբ, որը կվերահսկի աշխատանքի բոլոր ուղղությունները և կապահովի ստորաբաժանումների հստակ փոխգործակցություն, ինչը ոստիկանությանն առաջադրված խնդիրների իրականացման գրավականն է:
«Չհանդուրժել ցանկացած երևույթ, որը կխաթարի միջոցառումների բնականոն ընթացքը, կասեցնել տեղում, խիստ, մեզ օրենքով տրված բոլոր հնարավորությունները օգտագործել 100 տոկոսանոց: Էն, ինչ սովորել եք, էն ինչ գիտեք, չհանդուրժել ոչ մի իրավախախտում, շատ խիստ մոտենալ»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը: