Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում այսօր մասնակցել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագին:
Սրբազան արարողության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից սուրբ Ս. Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել է «Եկեղեցու վարդապետ»:
Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Մեծ Եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել Ֆրանցիսկոս Պապին և ներկա հավատավոր ժողովրդին, տեղեկացնում է Մայր աթոռի մամլո դիվանը:
«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Աստծո ողորմած կամքով վերստին այցելել ենք Հռոմ: Եկել ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի և աշխարհասփյուռ հավատավոր Մեր զավակների ներկայացուցիչների հետ՝ Սուրբ Հարության խնդությունը մեր հոգում, Քրիստոսավանդ սիրով եղբայրական Մեր ողջույնն ու բարեմաղթանքները բերելու Ձերդ Սրբությանը և մեր աղոթքներով մասնակից լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ձեր կողմից մատուցված Սրբազան Պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում:
Մեր քույր Եկեղեցիների բարեկամությունը վկայող սրբազան այս արարողության ընթացքին, ի գոհունակություն Մեզ և մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու հայրերից սուրբ Գրիգոր Նարեկացին Ձերդ Սրբության կողմից հռչակվեց Կաթոլիկ Եկեղեցու սահմանումով՝ «Վարդապետ Եկեղեցու»: Աղոթուսույց և տիեզերալույս սուրբ Նարեկացին 10-րդ դարում մարդկային բոլոր սերունդների ապաշխարության և խոստովանության աղերսը՝ որպես «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ», երկինք բուրվառեց: Սուրբ վանականը, հայոց համար պաշտելի իր «շնչավոր մատյանով» Քրիստոսաշնորհ փրկության ուղին ցույց տվեց «մեղավորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին» (Բան Գ), դեպի Աստված առաջնորդելով բոլոր ժամանակների հավատացյալներին։
Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար իր պատմության ընթացքում բազում արհավիրքներ է տեսել, փորձությունների դիմակայել: Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրագործվեց ցեղասպանության ահռելի ոճիրը: Կանխամտածված ծրագրով, աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ և կես միլիոն հայեր: Հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց իր նվիրական բնօրրանից՝ պատմական հայրենիքից և տարագիր սփռվեց տարբեր երկրներում: Ավերվեց, ոչնչացվեց, բռնազավթվեց քրիստոնեական մեր դարավոր ժառանգությունը: Ոչինչ, սակայն, ոչ տառապանք, ոչ հալածանք, ոչ անգամ մահ՝ չսասանեց մեր ժողովրդին և չհեռացրեց իր սուրբ հավատքից: Ազգովի նահատակության հոգևոր սխրանքի ողջ մեծությունն է այսօր պատկերվում մեր առջև, որը դրսևորեց մեր ժողովուրդը՝ կրկին հռչակելով դեռևս 5-րդ դարում սահմանած իր ինքնության բանաձևը, որ քրիստոնեությունն ունենք ոչ իբրև հանդերձ, այլ իբրև մաշկի գույն (Եղիշե պատմիչ):
Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը, նոր կյանք վերընձյուղել սփյուռքի համայնքներում և Հայաստանի արևելյան հատվածում վերականգնված պետականության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազում զրկանքների ու դժվարությունների: Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ կյանքի համար և արդարության հաղթանակի հավատով շարունակում ջանքերը հանուն իր իրավունքների, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և իր արդար պահանջատիրության:
Ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել Հայոց Ցեղասպանությունը, վերացնել դրա հետևանքները և ականատեսը եղավ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների: Այսօր էլ հակամարտությունների, պատերազմների, ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության ու կարոտության մեջ են, հալածվում ու իրենց կյանքով են վճարում հավատքի համար: Մենք հավատացած ենք, որ Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ որպես արդարության իրագործման և իրավունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կնպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը: Այս իմաստով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ և գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու և կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները: Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված այս Սրբազան Պատարագին, մեր նահատակների նվիրական հիշատակի առջև Մենք երախտագետ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ Սրբության երանաշնորհ նախորդներից Բենեդիկտոս 15-րդ Պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդեմ հայերի ցեղասպանության, իսկ սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապը Մեզ հետ համատեղ հայտարարությամբ 2001 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը: Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանության մասին և դատապարտեցին, այլ նաև մարդասիրական առաքելություններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարությունները:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին՝ աղոթական մասնակցությամբ քույր Եկեղեցիների, այդ թվում՝ Ձերդ Սրբության ներկայացուցիչների, բարձրաստիճան հյուրերի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի բազմահազար զավակների, սրբադասվելու են վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսության պսակն ընդունած մեր բյուրավոր նահատակները: Երկնային զորքերին միացած սուրբ նահատակների բարեխոսուխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին և աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները;
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղության հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության՝ որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյանց սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24):
Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղոթքն ու հայցը լսելի լինի Երկնավոր մեր Հորը՝ օրհնելու և ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրվում են հանուն երկրի վրա խաղաղության և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Աղոթում ենք Ձերդ Սրբության առողջության, Կաթոլիկ Եկեղեցու պայծառության համար և Աստծո հովանին ու բարիքները հայցում ամենքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալույս վարդապետի սրտաբուխ խոսքով.
Իսկ Դո՛ւ, առ ամենայն հնարս զօրաւոր,
Մատո՛ ինձ ոգի փրկութեան,
Աջ պաշտպանութեան,
ձեռն այցելութեան,
Հրաման բարութեան,
լոյս ողորմութեան,
Բան նորոգութեան,
պատճառ քաւութեան,
Գաւազան կենաց օգնութեան:
Զի դու ես յոյս ապաւինութեան, Տէր Յիսուս Քրիստոս,
Օրհնեա՜լ ընդ Հօր, Հոգւովդ Սրբով
յաւիտեանս յաւիտենից: Ամէն (Բան ԾԹ)»,- իր ելույթում ասել է Գարեգին Երկրորդը: