| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում շինարարության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհ դարձած 4 հայ շինարարների դիերը հնարավոր է եղել Հայաաստան տեղափոխել դեպքից մեկ շաբաթ անց: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին դեպքի ժամանակ մահացած` Ջերմուկ քաղաքի բնակիչ Արամայիս Գրիգորյանի հարազատները:
Նրանց խոսքով՝ դիակները Հայաստան տեղափոխելու գործում նյութական աջակցություն է ցուցաբերել շինարարական ընկերությունը, օգնել են նաև հարազատները: Ըստ մեր զրուցակիցների՝ դիակների տեղափոխումն ուշացնելու պատճառը եղել է նշանակված դատաբժշկական փորձաքննությունը:
Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով:
Գրիգորյանի փեսայի՝ Վարդանի խոսքով, աները մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի, տարբեր շինարարական ընկերությունների հետ է համագործակցել: Վերջին անգամ Կրասնոդար էր մեկնել փետրվարին, շինարարական ընկերությունում աշխատելու առաջարկը եղել էր խմբի անդամներից մեկի` Մուշեղի կողմից, ով նույնպես մահացել է դեպքի ժամանակ:
«Գովացել էր, ասել էր` լավ տեղ ա, նորմալ ընկերություն ա, դե, հո չէին մտածի, որ գնան, նման դեպք կլինի: Մարդիկ, սոցիալական վիճակից ելնելով, գնացել են Ռուսաստան»,- ասաց Վարդանը:
Նշենք որ Արամայիս Գրիգորյանն ուներ 3 զավակ, 4 թոռ: Ապրիլի 15-ին էլ լրանալու էր նրա 58-ամյակը:
Մահացածներից` 55-ամյա Լյովա Մալխասյանն էլ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը հայտնեց, որ Լյովա Մալխասյանն ապրում էր կնոջ և դստեր հետ: «Սովորական ապրող ընտանիք է: Դուստրը բուժքույր է: Միշտ էլ արտագնա աշխատանքի են գնացել, այս տարի էլ գնացին՝ այդ դեպքը պատահեց»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Կրասնոդար քաղաքի Սորմովսկայա փողոցում կառուցվող 16-հարկանի շենքի տարածքում: Շենքի 13-րդ հարկի բետոնե սալին ամրացված կախովի պլատֆորմը պոկվել և վայր է ընկել: Պլատֆորմի վրա գտնվել է 5 հոգի: 53-60 տարեկան 4 հայ տղամարդիկ տեղում մահացել են, իսկ ազգությամբ ուզբեկ` 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է: