կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 22:01
Արցախ

Գունավոր շենքերը, բարերարների չուղղորդվող ցանկությունները ու շինարարների փողոցը

Գունավոր շենքերը, բարերարների չուղղորդվող ցանկությունները ու շինարարների փողոցը

Վերջին շրջանում հանրությունը ականատես դարձավ Ստեփանակերտի գունազվարթ կերպարանափոխությանը։ Մոխրագույն, քարե բնակելի շենքերը ստացան վառ նարնջագույն, վարդագույն, կարմիր, տեղ-տեղ էլ էլեկտրիկ կապույտով հատված գույներ։

Երանգների շուրջ հանրային քննարկումները երկար ծավալվեցին։ Հանրության մի մասը գունային փոփոխությունը համարեց նորարարություն, մեծամասնությունը՝ անճաշակություն։

Ճաշակի, գեղեցիկի ու հաճելիի տարբեր ընկալումներով համեմված քննարկումները հանրության շրջանակում մարեցին ժամանակ անց։ Պատկան մարմինների շրջանակում սակայն գունային գամմանների հարցը, նախագծերի վերանայումը եւ արդեն իսկ կատարված աշխատանքի փոփոխության անհրաժեշտությունը քննարկվում է առ այսօր։

 

Պատմությունը հետեւյալն է։

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասը բարեկարգվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան ծրագրի եւ բարեգործական հիմունքների շրջանակներում։

Քաղաքապետարանի համապատասխան ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով «բարեկարգել վթարային պատշգամբները եւ աշխուժացնել քաղաքը»։

Շենքերի, գույների ընտրության հարցերով զբաղվում է քաղաքապետին կից գործող 16 հոգուց բաղկացած ճարտարապետական եւ քաղաքաշինության խորհուրդը։  Շենքերն ընտրելիս սակայն խորհուրդը հաշվի չի առել սեյսմիկ պաշտպանության ծառայության՝ շենքի ամրության եզրակացությունը, որը պարտադիր կերպով պետք է ունենար որեւէ բնակելի շենքի վերակառուցման, վերականգնման կամ այլ շինարարական աշխատանքեր իրականացնելու համար։

«Ստեփանակերտի բնակելի շենքերի 70-80-ը վթարային է, սակայան պետությունը բավականաչափ միջոցներ չունի հիմնահատակ քանդելու եւ նորերը կառուցելու համար։ Բարեկարգելով բնակելի շենքերի ճակատային հատվածը մենք 5-10 տարով երկարաձգում ենք նրանց կյանքը»,- ասել է քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանը։

Ինչ վերաբերում է գունային ընտրությանը, ապա քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանը նշում է, որ հանրության շրջանակներում ծավալված քննարկումները վիճահարույց են։

«Ճաշակի հարց է։ Մենք մնացել ենք սովետական միության ճարատարապետության գերի, իսկ ճարտարապետությունը զարգանում է, նոր գունային գամա եւ ոճի մոտեցումներ է պահանջում։ Եվրոպական շատ երկրներում նմանատիպ բաներ արվում են։ Մեր մոտ մի տեղ մի քիչ մուգ է ստացվել, մի ուրիշ տեղ՝ մի քիչ այլ գույն, բայց դե հարմարվելու հարց է»,-ասել է Սաֆարյանը։

Քաղաքապետարանի համայնքային բյուջեի միջոցով բարեկարգվել է շուրջ 9 բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածը՝ Մարշալ Բաղրամյան, Ազատամարտիկների փողոցներում։ Բյուջեի սղության պատճառով շենքերի բակային՝ չերեւացող հատվածը չի բարեկարգվում։

Բարեգործական հիմունքների շրջանակներում բարեկարգվող շենքերը կապված են տվյալ բարերարի ցանկությունների ու գունային նախասիրությունների հետ՝ «ով վճարում է, նա էլ ընտրում է» սկզբունքով։

«Բարերարները ինքնակամ գալիս են եւ ցանկություն են հայտնում բարեկարգել քաղաքը։ Մենք չենք էլ կարողանում ասել, թե ինչպես օժանդակեն։ Նրանք են ընտրում բարեկարգվելիք շենքը, գույնը: Եթե մեր խորհուրդն են հարցնում, ասում ենք, բայց չենք ստիպում։ Մի քիչ ավելի մեղմ ենք վերաբերվում այդ հարցին, քանի որ դա բարեգործություն է»,-ասում է ճարտարապետ Սեյրան Սաֆարյանը։

Բարեգործական հիմունքներով բարեկարգվել են Ստեփանակերտի հաղթանակի հրապարակը (կոլցեվոյ), Վազգեն Սարգսյան, Նելսոն Ստեփանյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների մի քանի շենքեր եւ Հ.Թումանյան թաղամասը։

Հ.Թումանյան թաղամասը բարեկարգումից հետո տարբերվել է իր գունային բազմազանության անվայելչությամբ։ «Ֆլորենս գարդեն» ՍՊ ընկերության հովանավորությամբ բարեկարգված թաղամասը փոշիացրել է ամենահին փողոցներից մեկի պատմաճարտարապետական տեսքը։ Վառ կարմիրի ու վարդագույնի խաչասերման կողքով անտարբեր չի անցել նաեւ ժամանակին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր ճարտարապետ Վլադիկ Սարգսյանը։

«Մի քանի դիտարկումներ ունեի կապված մայթերի լայնության եւ գույների հետ։ Բարձրացրել եմ հարցը՝ առաջարկելով մշակել նախագիծ»,- ասում է Սարգսյանը։

Քաղաքապետարանի աշխատակիցները միայն մի քանի նմանօրինակ բողոքներ եւ նկատառումներ ստանալուց հետո են որոշել վերահսկել իրենց ենթակայության տակ գտնվող Թումանյան թաղամասում ընթացող շինարարությունը։

«Մեծ աշխատանք արդեն արված էր, բայց այնուամենայնիվ հարցը որոշել ենք տեղափոխել օրինական դաշտ։ Ճարտարապետական եւ քաղաքաշինության խորհուրդը քննարկում եւ պատրաստում է նախագիծը։ Չնայած նրան, որ այդ ներկերը շատ թանկարժեք են՝ 10 քառակուսի մետրը ավելի քան 50 000 ՀՀ դրամ,  այնուամենայնիվ հանրային դժգոհություն առաջացրած այդ գույները փոխելու ենք»,-ասել է Սեյրան Սաֆարյանը։

***

Ստեփանակերտի Շինարարների փողոցը գունազարդ մայրաքաղաքի մյուս՝ չերեւացող, ցեխոտ, անբարեկարգ, «կոյուղահոտ» իրականությունն է։ Այստեղ գերակշռում են նյութում չհիշատակված գունապնակի մյուս գույները՝ սեւը, մոխրագույնը։

Ստեփանակերտի քաղաքապետարանը չունի բավարար միջոցներ լուծելու տարիներ շարունակ բարձրացվող Շինարարների փողոցի ասֆալտապատման եւ կոյուղագծերի կառուցման հարցը։ Քաղաքապետարանն իր սուղ միջոցներն ուղղում է աչքի համար տեսանելի վայրերի զարդարմանը։ Բարերարներն էլ Շինարարների փողոցի գոյության մասին չգիտեն։ Եվ պարտավոր էլ չեն իմանալ։ Մենք վաղուց ենք փակել հետպատերազմյան երկրի էջը եւ ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները։ Քանի որ ով վճարում է, նա էլ որոշում է…

Հ.Գ. Ցավոք, քաղաքապետարանի բարեկարգ եւ նորոգված վերելակով 5 հարկերի ավելի քան 6 կաբինետների մեր այցելության ընթացքում այդպես էլ չկարողացանք իմանալ, թե ինչքան ֆինանսական միջոցներ են ուղղվել շենքերի արտաքին ճակատի բարեկարգման ծրագրի վրա։

Հոդվածն ու լուսանկարները՝ Լուսինե Թեւոսյանի

Ծաղրանկարը՝ Գեղանուշ Սարգսյանի