կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 14:45
Մշակույթ

Երևանում անցկացվում են Անրի Վերնոյի օրեր

Երևանում անցկացվում են Անրի Վերնոյի օրեր

Ապրիլի 2-5-ը Երևանում անցկացվում են Անրի Վերնոյի` Աշոտ Մալաքյանի օրեր: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մեծանուն արվեստագետի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և ընտանիքի մյուս անդամները:

 

Երեկ Երևանի կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ Անրի Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Սոֆիկ Ավագյանը, հայերեն տարբերակը հրատարակվել է 1988-ին՝ ԱՄՆ-ում, վերահրատարակվել 2015-ին՝ Երևանում: Պատրիկ Մալաքյանը նշել է, թե, շատերի կարծիքով, «Մայրիկ» գրքի շնորհիվ հայկական շատ համայնքներ գտան իրար:

 

Ապրիլի 4-ին` ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի /հասցե` Ամիրյան 26/՝ հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վերնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Նույն օրը` ժամը 17:00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում կբացվի Անրի Վերնոյի անվան կինոսրահը: Հաջորդիվ Համազգային թատրոնի դահլիճում կանցկացվի Անրի Վերնոյին նվիրված հուշ-երեկո՝ կներկայացվեն արվեստագետի կենսագրությունից դրվագներ:

 

Ապրիլի 5-ին` ժամը 12:00-18:00-ն, Համազգային թատրոնում կցուցադրվեն ռեժիսորի «Ահն է քաղաքը պատել» /1975 թ./, «Թշնամուս մարմինը» /1976 թ./, «Եվ, ինչպես Իկարոսը» /1979 թ./, «Մեղեդին նկուղում» /1963 թ./, «Ընտանեկան ասքը» /1991-1992 թթ./ ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: