Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բացման խոսքում Վահրամ Դումանյանը կարևորել է հայ ազգի մեծանուն զավակ Անրի Վերնոյի նշանակալից վաստակն ու ժառանգությունը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հանրահռչակմանն ու դատապարտմանն ուղղված նրա անգնահատելի ջանքերը: Ողջունելով հայ և ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերին՝ Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Անրի Վերնոյի ընտանիքի անդամներին՝ հյուրընկալելու հնարավորության համար:
Համերգին ներկա էին Վերնոյի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Պատրիկ Մալաքյանը, և «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը:
Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Հնչել է ‹‹Դլե յաման›› երգը, որի մենանվագով հանդես է եկել մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանը: Նրա կատարմամբ այդ ստեղծագործությունը հնչել է Վերնոյի հայտնի ‹‹Մայրիկ›› ֆիլմում:
Սիրված երգիչներ Իլոնա Սագևայի, Ջուլիանա Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի կատարմամբ հնչել են նաև Վերնոյի ժամանակակիցների՝ Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:
Միջոցառման նպատակն էր հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում: