կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 15:55
Աշխարհ

Վիճաբանություն՝ Գերմանիայի խորհրդարանում՝ «ցեղասպանություն» եզրույթի պատճառով

Վիճաբանություն՝ Գերմանիայի խորհրդարանում՝ «ցեղասպանություն» եզրույթի պատճառով

Ապրիլի 24-ին ընդառաջ` Գերմանիայի դաշնային խորհրդարանում ակտիվացել են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերը:  Հայերի տեղահանության և կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկումներ անցկացնելու որոշում էր կայացվել. գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։


Բեռլինում հրատարակվող Tagesspiegel թերթը գրում է, որ «ցեղասպանություն» եզրույթն իշխող և ընդդիմադիր կուսակցությունների շրջանակում վիճաբանությունների պատճառ է դարձել: Ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը լավ չեն նայում։

 

Ըստ Tagesspiegel-ի՝ անցյալ շաբաթ Քրիստոնեա-դեմոկրատական միությունն բանաձև էր ներկայացրել, որի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» բառը, սակայն այն հեռացվել էր վերնագրից արտգործնախարարության  միջամտության արդյունքում:

 

Թերթի համաձայն՝ նման քայլի ձեռնարկումը  պայմանավորված է նրանով, որ, հունիս ամսին Թուրքիայում կայանալիք ընտրություններին ընդառաջ, մտավախություն կա, թե այն կդիտարկվի որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ, ինչպես նաև ԻՇԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիան, որպես գործընկեր, անհրաժեշտ է Գերմանիային։

 

Ինչպես գրում է թերթը, կոալիցիոն պատգամավորները ապրիլի 21-ին նախատեսում են քվեարկություն անցկացնել և վերջնական որոշման գալ, սակայն հավանական չէ «ցեղասպանություն» բառի՝ դարձյալ վերնագրում ներառելը:

 

Ապրիլի 24-ին Դաշնային խորհրդարանում իրականացվելիք քննարկման ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները երեք տարբեր նախագծեր կներկայացնեն, սակայն չի բացառվում այն հանգամանքը, որ մինչ այդ նրանք մեկ նախագծի շուրջ համաձայնության գան։

 

Կայքի համաձայն՝ Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը Ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական այդ իրադարձությունները» պետք է թողնել պատմաբաններին։