Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարագում չզեկուցվող հարցերի թվում է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանի ու Շուշան Սարդարյանի կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որով պետք է լրացվի «մոլեխաղ» եզրույթի օրենսդրական սահմանման բացը ։
Ըստ հիմնավորման, քաղաքացիական հասարակությունում «մոլեխաղերի» ի հայտ գալուց և դրանց լայն տարածումից հետո պետության պոզիտիվ պարտականությունն է դարձել պաշտպանել հանրության բարոյականության սկզբունքը, ինչպես նաև ապահովել անձանց իրավունքների և օրինական շահերի ոտնահարման անթույլատրելիությունը: Այնուամենայնիվ, շատ երկրներում ոչ թե արգելվում, այլ նշված իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում թույլատրվում է անցկացնել մոլեխաղեր կամ այլ շահումով խաղեր:
Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որն օրենսդրորեն կարգավորել է նշված իրավահարաբերությունները: Այսպես, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը` համանման եղանակով կարգավորում է նշված հարաբերությունները և սահմանում պետական վերահսկողության շրջանակները: Նշված օրենքների կարգավորման ոլորտի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պետությունը ուղղակիորեն վերահսկողություն է իրականացնում քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ` հաշվի առնելով դրանց յուրահատկությունը և հնարավոր հետևանքները:
«Մոլեխաղ» հասկացությանը տրվում են տարաբնույթ և հակասական մեկնաբանություններ: Ուստի, արդիական է նշված եզրույթի սահմանման հիմնախնդիրը թե տեսական, թե գործնական առումով, քանի որ շատ հաճախ արարքի քրեաիրավական որակման հետ կապված խնդիրներ են առաջանում, հետևաբար, անհաժեշտ է սահմանել մոլեխաղի հասկացությունը և առանձնացնել դրա հիմնական հատկանիշները, որպեսզի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հնարավոր լինի որոշել արարքի` հանցակազմի իմաստով մոլեխաղ հանդիսանալու հանգամանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելով` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով: Այսինքն,
օրենսդիրը ամրագրելով կոնկրետ նպատակ, միաժամանակ, արձանագրել է տվյալ հանցակազմի համար մեղքի դիտավորյալ ձևի` ուղղակի դիտավորության առկայության հանգամանքը:
«Մոլեխաղ» եզրույթը լեզվաբանական տարբեր հիմքեր ունի: Օրինակ` հայերենում «մոլեխաղ» նշանակում է այնպիսի խաղ, որտեղ հաղթելը կամ պարտվելը կախված է պատահականությունից, ոչ թե խաղացողի հմտություններից, ֆրանսերենում` «jeu de hazard», անգլերենում` «gambling» բառերը նշանակում են պատահականության վրա հիմնված խաղ, ռուսերենում` «азартная игра» բառը եկել է «азардовать» բառից, որը նշանակում է ռիսկի դիմել:
Տեսական գրականությունում առկա «մոլեխաղ» եզրույթի տարաբնույթ սահմանումների ուսումնասիրության արդյունքում կարելի է առանձնացնել դրա ընդհանուր հատկանիշները.
ռիսկի վրա հիմնված համաձայնություն,
այդպիսի համաձայնությունը կնքվում է երկու կամ ավելի անձանց միջև,
այն կնքվում է շահումի վերաբերյալ, այսինքն` տվյալ համաձայնությունը ունի գույքային առավելություն ձեռք բերելու նպատակ:
Քանի որ համաձայնությունը կնքվում է շահումի` որոշակի գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելության վերաբերյալ, ուստի ռիսկը ենթադրում է նաև գույքային անբարենպաստ հետևանքների առաջացման և դրամական միջոցների կորստի հավանականություն: Դրամական միջոցները անհրաժեշտ պայման են ռիսկի ձևավորման համար, սակայն, պետք է նշել, որ շատ դեպքերում այդպիսի միջոցները առարկայապես չեն արտահայտվում, այսինքն` խաղացողների կողմից համաձայնություն կնքելու պահին դրամական միջոցները փաստացի բացակայում են, բայց ռիսկը ապահովված է համարվում արդեն իսկ կնքված համաձայնությամբ սահմանված գումարի չափով:
Կարևոր պայման է երկու կամ ավելի անձանց առկայությունը, որովհետև անձը չի կարող ինքն իր նկատմամբ ձեռք բերել գույքային առավելություններ, և նման պայմաններում ռիսկը չի կարող հիմնված լինել սեփական գույքի կորստի վրա: Ավելին, «համաձայնություն» բառը արդեն իսկ ենթադրում է երկու կամ ավելի անձանց կամքի դրսևորում:
Մոլեխաղին թեկուզ մեկ անգամ մասնակցելը կամ մեկ անգամ մոլեխաղ կազմակերպելը արդեն իսկ ենթադրում է ավարտված հանցագործություն: Արարքի ավարտը պետք է կախված լինի գործողությունների բնույթից ու դրանց նպատակից` գույքային կամ այլ առավելություն ձեռք բերելուց, ոչ թե կատարված գործողությունների քանակից ու պարբերականությունից:
Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա քննարկվող հոդվածի իմաստով կարելի է սահմանել մոլեխաղի հետևյալ հասկացությունը. «մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջև կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»: Մեր կարծիքով, նշված սահմանումը կապահովի քրեաիրավական նորմերի որոշակիություն և կբացառի տարաբնույթ մեկնաբանությունները: