կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 16:42
Քաղաքական

Երեկ իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը դեմ է մի բանի, որը վերահսկելու է կառավարությանը

Երեկ իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը դեմ է մի բանի, որը վերահսկելու է կառավարությանը

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի համաձայն` նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ, որը զբավելու է բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ` այդ տեղեկատվությունը տրամադրելով պատգամավորներին:

 

Հարակից զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջետային վերահսկողության շրջանակում բյուջետային գրասենյակի դերակատարումն էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: «Հետայսու օպերատիվ տեղեկատվություն ստանալը պատգամավորի կողմից չի լինի այնքան բարդ, եթե պատգամավորը որոշի օգտվել այդ գրասենյակի ծառայությունից»,- ասաց նա:

 

Նշենք, որ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իրենց ելույթներում դեմ արտահայտվեցին բյուջետային գրասենյակ ստեղծելու գաղափարին:

 

Արծվիկ ՄԻնասյանն արձագանքեց բյուջետային գրասենյակին դեմ խոսող բոլոր պատգամավորներին` նշելով, որ իր համար անսպասելի էր լսել այնպիսի քննադատություններ, որոնք ոչ միայն ընդհանրություն չունեն նախագծի հետ, այլ նաև շեղվում են նախագծի հիմնական նպատակից: Մասնավորապես` նա անդրադարձավ Գագիկ Ջհանգիրյանի փաստարկներին, ով ասում էր, թե բյուջետային գրասենյակ ստեղծելը հակասահմանադրական է: Արծվիկ Մինասյանը հակադարձեց` ասելով, որ հենց Սահմանադրություն է վերապահում ԱԺ-ին վերահսկողական լիազորություններ բյուջեի նկատմամբ, սակայն այդ լիազորությունը պատշաճ չի կատարվում անհրաժեշտ մեխանիզմների բացակայության պատճառով: Նրա խոսքով՝ բյուջետային գրասենյակը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱԺ-ում գործող փորձագետների խումբ:

 

«Ասում եք՝ արդյո՞ք Սահմանադրությունը նախատեսում է այն, հարցնում եմ` արդյո՞ք Սահմանադրությունը նախատեսում է ձեր՝ սիրելի պատգամավորներ, վճարովի օգնականներ ունենալու ինստիտուտը: Իհարկե, ոչ, նախատեսված չէ, բայց քանի որ պատգամավորի վրա դրված են լիազորություններ, դրանք իրականացնելու համար օրենքը նախատեսում է օգնականի ինստիտուտը, որը հաստիքով մտնում է ԱԺ աշխատակազմի մեջ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է նաև փորձագետներին, ենթահանձնաժողովներին, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, ուստի ինչո՞ւ է Ջհանգիրյանը բյուջետային գրասենյակը համարում հակասահմանադրական: Դա, ըստ Մինասյանի, աբսուրդ է և իրավական նոնսենս:

 

Արծվիկ Մինասյանը պատասխանեց նաև այն հարցին, թե արդյո՞ք բյուջետային գրասենյակը արդյունավետ է եղել այլ երկրների պառլամենտներում: «Այս կառույցի հիմնական նպատակը պատգամավորներին լիարժեք բյուջետային տեղեկատվություն տրամադրելն է, ու այդ մարմինը ավելի շատ օժանդակելու է ընդդիմությանը: Հիմա ինձ զարմացնում է երեկ իրեն ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժի պահվածքն այս հարցում: Ուղղակի զարմանում եմ, քանի որ այն օգնելու է քաղաքական ընդդիմությանը»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչո՞ւ գրասենյակը չի կարող գործել ԱԺ աշխատակազմի վերլուծական վարչությունում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ տարբերությունն այն է, որ ԱԺ աշխատակազմը կճնշեր այդ մարմնի գործունեությունը, իսկ այս դեպքում այն լիարժեք անկաշկանդ կարող է գործել: «Սա ընդդիմության դերակատարության մեծացում է նշանակում»,- ասաց նա:

 

Ըստ պատգամավորի` բյուջետային գրասենյակը հավաքում է բյուջեի մասին տեղեկատվություն, տրամադրում խորհրդարանին, որպեսզի պատգամավորները ամբիոնի մոտ ելույթ ունենալիս չտեղեկացված չլինեն, իսկ կառավարությունն էլ չօգտվի դրանից ու «ֆռռացնի պատգամավորին»:

 

«Սա դեմ է կառավարությանը, եթե ուզում եք ճիշտն իմանալ, որովհետև պարտադրում է կառավարությանը թափանցիկ աշխատել ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել: Հիմա փոխանակ մեծամասնությունը առարկի, ոչ մեծամասնությունն  է առարկում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: