Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը գործում է օրենքին համապատասխան: «Ես իրավասու չեմ պետության ղեկավարի որևէ ասածի մասով պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունը, անկախ ամեն ինչից, ինչ էլ անի և անում է, անում է օրենքին համապատասխան»,- կառավարության նիստից հետո պատասխանեց նա լրագրողների հարցին, թե ի՞նչ կարող է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դարձյալ դավադրությունների մասին հայտարարության վերաբերյալ:
Հակադարձմանը՝ նման սպառնալիք տեսնո՞ւմ եք, մտավախություն ունե՞ք` դավադրության հետ կապված, Օսիպյանն արձագանքեց. «Չեմ բացառում»:
Թե ի՞նչ նկատի ունի, դա վերաբերում է ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերին, պատասխանեց. «Եկեք` ինչ տեղեկություններ ունի ոստիկանությունը, այս պահին չհրապարակեմ»:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում չէր զլացել անդրադառնալ նաև Արցախին, թե իբր դավադիր ուժեր կան:
Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:
Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- ասել էր նա: