կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 17:25
Մշակույթ

Այս տարի «Արտավազդ»-ը նվիրված է Սոս Սարգսյանի 85-ամյակին

Այս տարի «Արտավազդ»-ը նվիրված է Սոս Սարգսյանի 85-ամյակին

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

 

Yerkir.am-ին փառատոնի մամլո պատասխանատու Վլադ Մուրադյանը տեղեկացրեց, որ այս տարի «Արտավազդ» մրցանակները կտրվեն 12 անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Երաժշտական ձևավորում», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»: Այս տարի կլինի նաև հատուկ մրցանակ` Սոս Սարգսյանի անվան:

 

Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյան, բեմադրիչ Լուսինե Երնջակյան, բեմանկարիչ Մերի Սարգսյան, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան: Եթե ներկայացված աշխատանքը չհավաքի փորձագետների 4 եւ ավելի ձայներ, ապա այդ անվանակարգում մրցանակը չի շնորհվի: Եթե որեւէ անվանակարգում երկու աշխատանքներ հավաքում են 4 եւ ավելի ձայներ, ապա երկուսն էլ համարվում են այդ անվանակարգի մրցանակակիր:

 

Հավելենք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում նախաձեռնել է մարզային թատրոնների /Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի/ ստուգատես: