կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 21:10
Քաղաքական

Եթե մրցապայքարում կլինեն «գլադիատորներ», կոչ եմ անում ապրիլի 3-ին ինձ հետ միասին գնալ դիրքեր . Հովհաննես Վարդանյան

Եթե մրցապայքարում կլինեն «գլադիատորներ»,  կոչ եմ անում ապրիլի 3-ին ինձ հետ միասին գնալ դիրքեր . Հովհաննես Վարդանյան

Արաբկիրի համայնքի ղեկավար, ՀՅԴ-ից Արաբկիրի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Հովհաննես Վարդանյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է առաջիկա մրցապայքարին, պոտենցիալ թեկնածուներին:

-Ընտրատարածքում, որտեղ   առաջադրվել եք Հայ Յեղափոխական Դաշնակցությունից` ռեյտինգայինով, առաջադրված են մի շարք  հայտնի  հանրապետականներ` Արման Սահակյան, Արտակ Սարգսյան (ՍԱՍ-ի Արտակ), Արտյոմ Մովսիսյան (ՔԱԳՎ նախկին պետ), Արման Բաբլոյան, Ալբերտ Երիցյան, Արթուր Գևորգյան: Այս անուններից  ու՞մ եք տեսնում Ձեզ  մրցակից:

-Մրցակից տեսնում եմ մարդուն, ով ունի անցած ճանապարհ, վայելում  է ժողովրդի վստահությունը և պատրաստ է չխաբել ժողովրդին:

- Կա կարծիք, որ ռեյտինգայինը նույն  կոշտ, մեծամասնական  ընտրապայքարն է: Ավելին` անգամ հնչել են կարծիքներ, որ այս անգամ լինելու են գլադիատորական մարտեր, որտեղ հաղթելու է նա, ով «ողջ» է մնալու:  Պատրաս՞տ եք հակազդել այդ կոշտ  մեթոդներին և «ընկղմվել» այդ գլադիատորական մարտերի մեջ:

-Հումորով եմ վերաբերվում գլադիատորական մարտերի վերաբերյալ լուրերին: Եթե կլինեն  մրցապայքարում գլադիատորներ, ապա կոչ եմ անում ապրիլի 3-ին ինձ հետ միասին գնանք դիրքեր, կանգնենք մեր զինվորի կողքին, ինչպես նաև կարող են իրենց մտավոր ու մասնագիտական ունակություններով կիսվել  մեր զինվորների հետ:

-Մյուս կողմից,առաջադրվել են բազմաթիվ երիտասարդներ «Ելքից» ,«Ազատ դեմոկրատներից», Արաբկիրում ՀԱԿ-ն է` իր «մեծական կազմով»` փորձառու  քաղաքական գործիչներ` Զոյա Թադևոսյան, Արամ Մանուկյան և այլք: Իրենց հետ ինչպես եք պատկերացնում մրցակցությունը:

-Բոլոր թեկնածուներին վերաբերվում եմ հարգանքով: Կարծում եմ, որ ընտրությունները գալիս և գնում են, իսկ մարդկային արժեքները մնում են` մնայուն են: Եվ նկատի ունենալով այն մարտահրավերները, որի առաջ կանգնած է Հայաստանը, ընտրություններով ոչ թե պետք է պառակտվենք, այլ համախմբվենք:

Ես, առհասարակ, կողմնակից եմ քաղաքակիրթ պայքարի և պատրաստ եմ սեղմել այն թեկնածուի ձեռքը, ում ծրագրերն ու մոտեցումները բխում են ժողովրդի շահերից:

-Դուք Արաբկիր  համայնքի ղեկավար  եկաք  ուժային կառույցից, հիմա առաջադրվել եք պատգամավորի թեկնածու: Ինչու՞:

-Կարծում եմ`օրենսդիր մարմնում կան ավելի շատ հնարավորություններ իրագործելու այն ծրագրերը, որոնք բխում են մեր ժողովրդի ու պետության շահերից:

-Իրագործելու՞ եք Դաշնակցության ծրագի՞րը:

-Այո, , որովհետև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որպես կուսակցություն ունի ազգային և պետության շահերին միտված ծրագիր: Ինչպես նաև Դաշնակցության ընկերների հետ ունեմ փոխադարձ վստահության վրա ձևավորված լավագույն ընկերական հարաբերություններ, ինչը պարտավորեցնող է:

Սկզբնաղբյուր՝ Tert.am