կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 17:07
Առանց Կատեգորիա

Ո՞վ է լինելու Ծառուկյանի սկսած «կռվի» իրական առաջնորդը

Ո՞վ է լինելու Ծառուկյանի սկսած «կռվի» իրական առաջնորդը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այսպիսով, վերցրեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն նետված մարտահրավերը: Նա հանրությանը պայքարի նախապատրաստվելու կոչ արեց՝ որպես վերջնանպատակ սահմանելով Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրություններ պարտադրելը: Սա ստիպում է նրան կտրուկ փոխել մարտավարությունը՝ պայմանավորված մի քանի հանգամանքով:

 

Նախ՝ Սերժ Սարգսյանը կոշտ ձևով մերժեց իշխանությունը կիսելու՝ դեռ փետրվարի 5-ին Ծառուկյանի արած առաջարկությունը, ինչը վերջինիս այլ տարբերակ չէր թողնում, քան սեփական քաղաքական հավակնությունների բացահայտումը:

 

Երկրորդ՝ նախագահը ոչ միայն հնչեցրեց անձնավորված շեշտադրումներով քաղաքական գնահատականներ, այլև փաստացի հրահանգ իջեցրեց հնարավոր բոլոր միջոցներով չեզոքացնել Ծառուկյանի «կեղծ»  քաղաքական գործոնը: Իսկ հնարավոր միջոցները, ինչպես հասկանալի դարձավ նախագահի ելույթից, վերաբերում էին քրեական և տնտեսական գործունեության, մութ կողմերը բացահայտելուն, ինչը կարող է հանգեցնել թե' նրա նկատմամբ քրեական գործի հարուցմանը` ընդհուպ կալանավորմանը, թե' ունեցած բիզնեսները, ազդեցության ոլորտները կորցնելուն: Որքան կարելի էր հասկանալ նախագահի տոնայնությունից, այստեղ կոմպրոմիս լինել չի կարող, կամ այդ կոմպրոմիսը կարող է լինել քաղաքականությունից, գուցե նաև հանրապետությունից առհավետ հեռանալու հարցի շուրջ:

 

Պատասխան ելույթում, հայտարարելով մինչև վերջ գնալու մասին, Ծառուկյանը հասկացնում է, որ այդ պահանջը կատարելու մտադրություն չունի` անկախ նրանից, թե դա կհնչի՞ ուղղակիորեն, թե՞ ոչ: Հատկապես վերջին հանգամանքը փաստացի նրան այլ տարբերակ, քան հակահարձակման անցնել, չի թողնում, որովհետև միայն այդ դեպքում նա կարող է հիմնավորել, որ իրեն հետագայում ներկայացվելիք քրեական և տնտեսական հանցագործությունների հետ կապված մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ, այսինքն` որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Միայն այս դեպքում նա կարող է հույս ունենալ, որ կարող է պատսպարվել ժողովրդական լայն զանգվածների հակաիշխանական սրված տրամադրությունների և իշխանափոխության պահանջների թիկունքում: Այլ կերպ ասած՝ մարտահրավերը ընդունելը և պրոցեսն արտահերթ նախագահական ընտրություններ պահանջելու հարթություն տեղափոխելու որոշումը ԲՀԿ ղեկավարի համար ավելի շատ ինքնապաշտպանական նշանակություն ունի:

 

Մյուս կողմից` «Ծառուկյան-չարիքն»  արմատախիլ անելու` Սերժ Սարգսյանի արտաքուստ վճռականությունն անիմաստ է դարձնում հերթական ընտրությունների թեման զարգացնելը: Այս տարբերակն ընտրելը պարզորոշ էր դարձնելու զիջումների գնալու, հանձնվելու ցանկությունը, ինչով, դեռ չսկսած, վերջակետ էր դնելու այն քաղաքական պայքարին: Այնպես որ` արտահերթ նախագահական ընտրությունների հարց դնելը միանգամայն օրինաչափ էր, ըստ էության՝ նաև այլընտրանք  չունեցող:

 

Բայց այս հանգամանքը, փոխում է նաև ուժերի հարաբերակցությունը ընդդմադիր դաշտում` առհասարակ, որովհետև սա արդեն Ծառուկյանին դնում է կախվածության մեջ իր շրջապատից, հատկապես` եռյակի մյուս երկու ուժերից՝ «Ժառանգությունից»  ու ՀԱԿ-ից:

 

Նախ՝ այլևս անտրամաբանական է  «այլընտրանքային ուժի» արհեստական դաշտում մնալը, քանի որ ընտրած ճանապարհը դարձնում է արմատական:

 

Երկրորդ՝ Ծառուկյանը  «ձիու թամբին»  էր այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում էր մանևրել, քանի դեռ պահում էր իշխանությունների հետ լեզու գտնելու հնարավորությունները, ինչը ստիպում էր մյուս ուժերին զգուշավորություն ցուցաբերել նրա նկատմամբ՝ Ծառուկյանի հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսը չկորցնելու համար: Հիմա արդեն այդ մտավախությունը չկա, որովհետև Ծառուկյանն այլևս դատապարտված է գնալու մինչև վերջ: Եվ քանի որ նա չունի այն մտավոր, կազմակերպչական և գաղափարական պոտենցիալը, որն անհրաժեշտ է համաժողովրդական շարժում ղեկավարելու և տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար, հայտնվելու է գործընկեր ուժերի, հատկապես` ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մեծացող ազդեցության տակ:

 

Եթե մինչև հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում էր «գորշ կարդինալի»  դերում, հիմա ունենալու է բացահայտ ուղղորդողի, օրակարգ սահմանողի կարգավիճակ: Իրադարձությունները, որոնք հիմա զարգանում են Սարգսյան-Ծառուկյան փոխհրաձգության հենքի վրա, ամբողջությամբ տեղավորվում է Տեր-Պետրոսյանի ծրագրերի շրջանակում: Ի սկզբանե նա խաղադրույք էր կատարել Ծառուկյանի և նրա միջոցով, այսպես կոչված, «բուրժուա-դեմեկրատական»  հեղափոխության վրա, և ահա, կարծես, ստեղծվել է դրա հնարավորությունը, ճիշտ է՝ առանց «բուրժուական» բաղադրիչի: Սա նույնիսկ մի այնպիսի հնարավորություն է, երբ, ինչ-որ պահից սկսած, նույնիսկ Ծառուկյանի գործոնն արդեն կարող է դառնալ ավելորդ:

 

Ավելին` եթե հաջողվի շատ արագ հասարակական տրամադրություններն այնքան շիկացնել, որ հնարավոր լինի առաջին իսկ կոչի դեպքում զանգվածներ փողոց հանել, Ծառուկյանի ձերբակալությունը, զուտ քաղաքական նկատառումներով, կարող նույնիսկ դառնալ ձեռնտու: Նախ՝ այդ դեպքում նա չի խանգարի պրոցեսը տանել ցանկալի հունով: Երկրորդ՝ հնարավոր կլինի իշխանությանը մեղադրել քաղաքական տեռոր սկսելու և դրա պատճառով պայքարը Ծառուկյանին նախագահ դարձնելու հարթությունից հիմնականում «չարիքի իշխանության» հեռացման հարթություն տեղափոխելու համար: Եվ երրորդ՝ հաջողության հասնելու դեպքում իշխանությունը կիսելիս ավելի մեծ «շահաբաժին»  պահանջելու հիմքեր կտա Տեր-Պետրոսյանին:  

 

Չի կարելի բացառել նույնիսկ, որ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության դիմաց, հաշվի առնելով Ծառուկյանի ներկայիս աննախանձելի վիճակը, մյուս ուժերը նրա առջև դնեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանից վերջնականապես տարանջատվելու, ապագա իշխանությունը քվոտավորելու, այլև նախագահ դառնալու մտադրությունից հրաժարվելու պահանջ: 

 

Այսուամենայնիվ, միայն առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ինչպես է ԲՀԿ-ն կառուցելու արտահերթ ընտրություններ պարտադրելու ծրագիրը, ինչ գործողություններ են դրանք ենթադրում՝ անդադար հանրահավաքներ նախաձեռնելուց բացի: ԲՀԿ-ն արդեն սկսել է կոնսուլտացիաները ՀԱԿ-ի և «Ժառանգության»  հետ: Ու դրանց արդյունքների ամփոփումից հետո, ի վերջո, պարզ կդառնա՝ թե ով է լինելու այս պայքարի իրական առաջնորդը և որտեղ է տանելու երկիրը:

 

Գևորգ Դարբինյան