կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 09:42
Քաղաքական

Ծառուկյանի ազդեցությունն իր թիմի նկատմամբ այլեւս իրական չէ. «ՀԺ»

Ծառուկյանի ազդեցությունն իր թիմի նկատմամբ այլեւս իրական չէ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Այդ դիմումների առկայության մասին առաջին աղմուկը կապվեց Նապոլեոն Ազիզյանի անվան հետ, երբ համացանցում տարածվեց նրա դիմումը` ուղղված ԿԸՀ-ին, առ այն, որ ինքնաբացարկ է հայտնում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակից: Սրանից մեկ շաբաթ անց էլ ԿԸՀ-ն հրապարակեց այն թեկնածուների անունները, որոնք ինքնաբացարկի դիմումներ են գրել ու պարզվեց, որ դաշինքից 23 թեկնածու նման դիմում է գրել:

Ժամեր անց թեկնածուների մի խումբ հայտարարեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, եւ որ իրենք նման դիմումներ չեն գրել: ԿԸՀ-ի հայտարարության հենց հաջորդ օրը 23 անձից 12-ը շտապեցին ԿԸՀ եւ դիմում ներկայացրին այն մասին, որ հրաժարվում են նախորդ դիմումից, եւ պահանջում են իրենց մանդատը:

12 անձից ԿԸՀ-ն իրավական հիմնավորմամբ մանդատ հատկացրեց ընդամենը 8-ին: Նրանք էին Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը:

Նույն պահին, երբ ԿԸՀ-ն որոշում էր կայացնում, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Աբրահամ Մանուկյանի հետ այցելեց Նապոլեոն Ազիզյանին, որպեսզի համոզի վերանայել որոշումը, սակայն տեղում հասկացան, որ գլխավոր իրադարձությունը ԿԸՀ-ում է կատարվում, քանի որ Նապոլեոն Ազիզյանն, օրինակ, իր լիազոր ներկայացուցչին արդեն գործուղել էր ԿԸՀ:

Հանձնաժողովի որոշումից հետո Արարատ Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարելու է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, որպեսզի «չնույնականացվի երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցներին»:

Հաջորդը Նապոլեոն Ազիզյանն էր, որն իր պատրաստակամությունը հայտնեց մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի առաջ, եթե նա որոշի, որ պետք է Ազիզյանը հրաժարվի մանդատից: Նրան միացան Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը: Մանդատ ստացածների թվում են Արթուր Մանուկյանը, որը Աբրահամ Մանուկյանի տղան է, Հարություն Ղարագյոզյանը, որը նույն Աբրահամ Մանուկյանի թիմից է:

Հաշվի չառնել, որ կողմնակի միջամտություն է եղել այս իրադարձությանը միս ու արյուն տալու հարցում, տեղին չի լինի, քանի որ անկախ նրանից ինչ հանգուցալուծում կլինի, կատարվածը սասանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի բացարձակ ազդեցությունը դաշինքի բոլոր անդամների նկատմամբ:

Ըստ էության, կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը, իսկ պոստ ֆակտում կատարվող իրադարձությունները նախկին վիճակը վերականգնելուն են միտված, ինչը շատ դժվար կլինի: Փաստ է, որ ինքնաբացարկի թոհուբուհում հայտնվածները էական վնաս հասցրին ԲՀԿ նախագահին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: